Չպարզաբանված 100 հազար դոլարի նվիրատվությունը, ԿԿՀ համակարգի անկատարությունն ու Գարիկ Սարգսյանի արձագանքը
18:11 - 16 օգոստոսի, 2024

Չպարզաբանված 100 հազար դոլարի նվիրատվությունը, ԿԿՀ համակարգի անկատարությունն ու Գարիկ Սարգսյանի արձագանքը

Երկու շաբաթ առաջ «Ինֆոքոմն» ուսումնասիրել էր Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանի հայտարարագրերում ներկայացված տվյալները ու պարզել, որ վերջինս 2023 թվականին ստացել է 10 միլիոն դրամ (մոտ 26 հազար դոլար) նվիրատվություն իր հորից ու 43 մլն դրամ (100 հազար դոլարից ավելի)՝ իր ազգականից։ Ավելին, Գարիկ Սարգսյանի հոր՝ Մնացական Սարգսյանի հայտարարագրում ներկայացված տվյալների վերլուծությամբ պարզել էինք, որ նվիրաբերված գումարից 9 միլիոն դրամի ծագումն անհայտ է և արտացոլված չէ հայտարարագրում:

Հայտարարագրերում արձանագրված այս խնդիրների վերաբերյալ Գարիկ Սարգսյանի արձագանքը ստանալու համար՝ հուլիսի 26-ից փորձում էինք կապ հաստատել վերջինիս հետ, սակայն ապարդյուն։ Արդեն հուլիսի 29-ին Վեդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն առաջարկեց գրավոր ուղարկել հարցերը։

Հուլիսի 29-ի կեսօրին գրություն ուղարկեցինք՝ խնդրելով արձագանքել մինչև հուլիսի 30-ը՝ աշխատանքային օրվա ավարտը։ Մինչև հուլիսի 31-ը չստանալով արձագանք՝ հրապարակեցինք «Վեդու համայնքապետի հայրը անհայտ ծագման գումար է նվիրաբերել որդուն» հոդվածը։

Գարիկ Սարգսյանի արձագանքը ստացանք հրապարակումից 1 օր անց՝ օգոստոսի 1-ին։

 

Ի՞նչ նպատակով է ստացվել ավելի քան 100 հազար դոլարի նվիրատվությունը

Գարիկ Սարգսյանին հարցրել էինք՝ արդյո՞ք ազգակցական կապ ունի 43 միլիոն դրամ նվիրատվություն կատարած Արմեն Եղյայանի հետ, և թե ի՞նչ նպատակով է վերջինս այդքան նվիրատվություն արել։

Համայնքապետը պատասխանել է.

«Գրությամբ բարձրացված հարցի վերաբերյալ, թե ինչ նպատակով է կատարվել 43 մլն դրամի նվիրատվությունը, նշեմ, որ նվիրատվությունը, ի տարբերություն նվիրաբերության, չի կատարվում որոշակի նպատակներով, բայց, այնուամենայնիվ, ցանկանում եմ տեղեկացնել, որ հորաքրոջս տղայի կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 43 մլն դրամ և 18.12.2023թ. կնքված նվիրատվության պայմանագրով հորս կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 10 մլն դրամ գումարով ձեռք եմ բերել հասարակական նշանակության թվով 2 անշարժ գույքերի 1/4 բաժնեմասերը»,- նշված է Սարգսյանի պատասխանում։

Այսպիսով, Գարիկ Սարգսյանն այդպես էլ չի հստակեցնում, թե ինչով է պայմանավորված պաշտոնյայի ստացած՝ ավելի քան 100 հազար դոլարի նվիրատվությունը։ 

Գարիկ Սարգսյանը միակ պետական պաշտոնյան չէ, որը խոշոր չափի նվիրատվություններ է ստացել։ Այդ նվիրատվությունների թափանցիկության, դրանց աղբյուրների հետագծելիության ապահովման մեխանիզմներ, սակայն, չկան։ Արդյո՞ք պաշտոնատար անձի՝ խոշոր դրամական նվերներ ստանալը կապ ունի իր պաշտոնեական գործունեության հետ, արդյո՞ք այդ անձը նմանատիպ խոշոր նվիրատվություններ ստացել է մինչև պաշտոնյա դառնալը, նվիրատվությունը ստացվել է կանխի՞կ, թե՞ անկանխիկ եղանակով, արդյո՞ք նվիրատվությունը հիմնավորվում է նվիրատուի օրինական եկամուտներով։

Սրանք ողջամիտ հարցեր են, որոնք կարող են ծագել այն հարկատուների մոտ, որոնց հարկերից վճարվում է պաշտոնատար անձը։ Այս հարցերի պատասխանները կարող է ստանալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով), որը, օրենքով սահմանված կարգով կարող է պարզաբանումներ հայցել պաշտոնատար անձից, ինչպես նաև իրավիճակային հայտարարագիր պահանջել նվիրատուից։ 

 

Որտեղից են գոյացել համայնքապետի հոր՝ 9 միլիոն դրամի միջոցները

Գարիկ Սարգսյանին նաև հարցրել էինք, թե որտեղից են գոյացել իր հոր՝ Մնացական Սարգսյանի՝ 9 միլիոն դրամի միջոցները և ինչու դրանք արտացոլված չեն հայտարարագրում։

Վերջինս իր պատասխանում նշել է, որ ընդհանուր 13 մլն դրամի ծագման աղբյուրը արտացոլված է Մնացական Սարգսյանի դեռևս 2021թ. տարեկան հայտարարագրում՝ որպես Արարատի մարզում գտնվող երկու անշարժ գույքերի վաճառքից ստացված դրամական միջոց, որից 10 մլն դրամը 2022թ. ավանդ է դրվել բանկում և նույն տարում հանվել, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը արտացոլված է վերջինիս 2022թ․ տարեկան հայտարարագրում։

2021 թվականի տարեկան հայտարարագրում իսկապես երևում է, որ Մնացական Սարգսյանը վաճառել է 2 հողամաս, բայց ի՞նչ արժեքով է վաճառել այդ հողամասերը՝ «Օտարված անշարժ գույքի գինը և արժեքը» դաշտում չենք տեսնում։ Հայտարարագրի եկամուտների բաժնում ևս արտացոլված չէ հողամասերի վաճառքից ստացված եկամուտը։ 

Ինֆոքոմը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ իմանալու, թե արդյոք Մնացական Սարգսյանը հայտարարագրում ներկայացրել է անշարժ գույքերի օտարման գնի և դրանից ստացված եկամուտների վերաբերյալ տվյալները, և հնարավո՞ր է, որ այս տվյալները ներկայացված լինեն հայտարարագրերում, սակայն արտացոլված չլինեն հայտարարագրի հրապարակային հատվածում։

Հանձնաժողովից պատասխանել են, որ անշարժ գույքերի օտարման արժեքները լրացվել են  «Անշարժ գույք» բաժնում, սակայն դրանք համակարգ չեն տեղափոխվել հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի տեխնիկական խնդրի պատճառով։ Միաժամանակ, Հանձնաժողովը նշել է, որ 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ «Հաշվետու տարվա եկամուտներ» բաժնում դրանք որպես եկամուտներ հայտարարագրված չեն: 

Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

 

Ի պատասխան մեր հարցերի՝ Վեդու համայնքապետը պարզաբանել է նաև, թե ինչպես է իր հոր՝ 2022 թվականի տարեվերջին հայտարարագրված 1 մլն 200 հազար դրամը 2023-ի տարեսկզբին դարձել 10 մլն 200 հազար դրամ։

«Ինչ վերաբերում է հորս հայտարարագրում 2022 թվականի տարեվերջին առկա 11 200 000 դրամի փոխարեն 1 200 000 դրամի կանխիկ գումարի հիշատակմանը, ապա տեղեկացնում եմ, որ դա ընդամենը տեխնիկական վրիպակի արդյունք է, որն ուղղելու համար դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին դիմում է ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչին մինչ այժմ ընթացք չի տրվել»։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հարցրինք՝ արդյո՞ք ստացել են նման դիմում։ Հանձնաժողովից հայտնել են, որ հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմումը մուտքագրվել է, սակայն փոփոխություններ կատարելու գործընթացը դեռևս չի իրականացվել՝ պայմանավորված նրանով, որ hամակարգում դեռևս ապահովված չէ 2022 թվականի տարեկան հայտարարագրերում փոփոխություններ կատարելու հնարավորությունը:

 

Ինչու է անհրաժեշտ հայտարարագիր լրացնելիս հետևել հայտարարատու պաշտոնյաների համար սահմանված ուղեցույցներին

Գարիկ Սարգսյանից հարցրել էինք նաև՝ 2023 թվականին հասարակական նշանակության 2 շինությունների ¼ մասնաբաժնի գնման գործարքների վերաբերյալ նշված 36 միլիոն դրամ և 177 միլիոն 700 հազար դրամ գները մասնաբաժնի՞, թե՞ ամբողջ շինության արժեքներն են։

Գարիկ Սարգսյանն այս հարցին ի պատասխան նշել է․ 

«[․․․] եթե Ձեր կողմից չդրսևորվեր ավելորդ շտապողականություն (հետևաբար նաև չէր տաոածվի չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ), ապա սահմանված ժամկետում կտեղեկացվեիք, որ հորաքրոջս տղայի կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 43 մլն դրամ և հորս կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 10 մլն դրամ գումարով ձեռք եմ բերել հասարակական նշանակության թվով 2 անշարժ գույքերի 1/4 բաժնեմասերը, շուրջ՝ 53 մլն դրամով, իսկ 36 մլն և 177,7 մլն դրամը թվով երկու հասարարական նշանակության շինությունների ընդհանուր արժեքն է, որոնցից ինձ է պատկանում միայն 1/4 բաժնեմասը»։

Սակայն, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ հայտարարատու պաշտոնյաների համար սահմանված ուղեցույցի, բաժնային սեփականության ձեռքբերման դեպքում «Ձեռք բերված անշարժ գույքի գինը» դաշտում անհրաժեշտ է լրացնել ոչ թե ամբողջ գույքի գինը, այլ միայն այն գումարը, որը վճարվել է մասնաբաժինը ձեռք բերելու համար։ 

«Համատեղ կամ բաժնային սեփականությամբ հայտարարատուին պատկանող գույքի ձեռքբերման գործարքները գրանցելիս՝ հայտարարատուն «Ձեռքբերման արժեքը» դաշտում նշում է գույքի միայն իրեն պատկանող մասի արժեքը, բացառությամբ ամուսինների համատեղ սեփականության առարկա հանդիսացող գույքի»,- նշված է  ուղեցույցում։

Այնուամենայնիվ, արձագանքի բացակայության պայմաններում, առաջնորդվելով պաշտոնյաների կողմից հայտարարագրերի լրացման ուղեցույցները ոչ պատշաճ ուսումնասիրելու կանխավարկածով, խմբագրությունը հանրությանն է ներկայացրել այս երկու գույքերի ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցների հաշվարկման երկու տարբերակ․

  1. եթե հայտարարագրում որպես գույքի գին նշված է միայն Գարիկ Սարգսյանի գնած մասնաբաժնի գինը, ապա այս ծախսը մի քանի անգամ ավելին է, քան նրա հայտարարագրած (օրինական) եկամուտները։
  2. Եթե Գարիկ Սարգսյանը հայտարարագրել է ամբողջ գույքի գինը, ապա ստացած նվիրատվությունների օգնությամբ նա կկարողանար ձեռք բերել այդ գույքը։ 

Այսպիսով, Գարիկ Սարգսյանը «Ինֆոքոմի» խմբագրությանը մեղադրում է ավելորդ շտապողականություն դրսևորելու և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելու մեջ այն պարագայում, երբ ինքն անձամբ է հայտարարագրման ենթակա տվյալները սխալ լրացրել, ինչպես նաև համայնքային հեռախոսահամարներով իր կամ համայնքային պաշտոնյաների հետ պատշաճ կապի հնարավորություն չի ապահովել և հարցերը գրությամբ ներկայացնելու պայմանավորվածությունից հետո արձագանքի համար տրված ժամկետում չի օգտվել իր արձագանքի հնարավորությունից։ 

Ինֆոքոմը առաջիկայում կանդրադառնա նաև խոշոր չափի նվիրատվություններ ստացող այլ պաշտոնատար անձանց ևս։

 

Հեղինակ՝ Սուսինա Խաչատրյան
Խմբագիր՝ Սևակ Մամյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել