Դավիթ Հարությունյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ ՍԴ որոշումից հետո իր գործը վերանայելու պահանջով |factor.am|
16:58 - 20 օգոստոսի, 2024

Դավիթ Հարությունյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ ՍԴ որոշումից հետո իր գործը վերանայելու պահանջով |factor.am|

factor.am: Դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները մեկ տարի առաջ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է, դիմել է ԲԴԽ՝ իր գործը վերանայելու պահանջով։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց ինքը՝ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էր դադարեցնել դատավորի լիազորությունները՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցի համար։

ԲԴԽ-ն նիստը դռնփակ էր անցկացրել՝ պնդելով, թե դա բխում է արդարադատության շահից։ Բացի այդ՝ նիստի ընթացքում Խորհուրդը որոշել էր Հարությունյանին հեռացնել նիստերի դահլիճից, և սա այն դեպքում, երբ դատավորը դեռևս չէր հասցրել իր կարգապահական գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնել՝ չնայած բազմիցս պնդել էր, որ դիրքորոշում ներկայացնելու է։ Այն պահին, երբ դատավորին հեռացրել են նիստերի դահլիճից, այնտեղ ներկա չեն եղել նաև դատավորի փաստաբանները։

ԲԴԽ որոշումից հետո Հարությունյանը դիմել էր Սահմանադրական դատարան, և Բարձր դատարանը մայիսի 21-ին որոշում է կայացրել, որ այս գործով հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել։

Դատական օրենսգրքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի որոշումը նոր հանգամանք է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել