«Ինֆոքոմը» շարունակում է ուսումնասիրել համայնքային պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը։
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի բոլոր տարեկան հայտարարագրերում ներկայացված տվյալները խնդրահարույց են։
Վարդգես Սամսոնյանը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրում նշել է, որ պաշտոնի ստանձման օրվա՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ ունեցել է ավելի քան 5 մլն դրամ վարկի մայր գումարի մնացորդ։ Նույն թվականի տարեկան հայտարարագրում՝ տարեվերջի դրությամբ, որպես վարկի մայր գումարի մնացորդ նշել է շուրջ 2․1 մլն դրամ։ Այսինքն՝ 2021 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում Սամսոնյանը շուրջ 3 մլն դրամ ուղղել է վարկի մարման վճարումներին։
2021 թվականին Սամսոնյանի տարեկան եկամուտները կազմել են շուրջ 2․9 մլն դրամ, իսկ բուն պաշտոնի ստանձնումից մինչև տարեվերջ՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ստացած եկամուտները կազմել են շուրջ 500 հազար դրամ։ 2021 թվականի ընթացքում չեն նվազել նաև Սամսոնյանի դրամական միջոցների մնացորդները։ Ստացվում է, որ Սամսոնյանի՝ վարկի մարմանն ուղղված 3 մլն դրամից 2.5 մլն դրամի աղբյուրն անհայտ է։
Ըստ Սամսոնյանի՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ տարեվերջի դրությամբ վարկերի մայր գումարի մնացորդները կազմել են շուրջ 2․1 մլն դրամ, իսկ ըստ 2022 թվականի հայտարարագրի՝ այդ տարվա վերջին՝ 33 մլն դրամ։ Ստացվում է, որ 2022 թվականին Սամսոնյանն ավելի քան 30 մլն դրամի նոր վարկեր է վերցրել։ 2022 թվականի հայտարարագրի եկամուտների բաժնում, սակայն, ստացած վարկերի գումարները հայտարարագրված չեն։
Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր
Սրանք Սամսոնյանի հայտարարագրերում առկա միակ անճշտությունները չեն։ 2021 թվականի տարեսկզբի և տարեվերջի դրությամբ Սամսոնյանը հայտարարագրել է 11 անշարժ գույք։ Պաշտոնի ստանձման հայտարարագրում՝ նույն տարվա նոյեմբերի 4-ի դրությամբ, սակայն, հայտարարագրված է 3 անշարժ գույք։ Սա այն դեպքում, որ 2021 թվականի ընթացքում անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման գործարքներ հայտարարագրված չեն։
Անշարժ գույքի անճշտությունները շարունակվում են հաջորդ տարիներին։ 2022 թվականի սկզբին Սամսոնյանը հայտարարագրել է 11 անշարժ գույք։ Տարվա ընթացքում 48 % բաժնային սեփականությամբ գնել է բնակարան և օտարել ¼ բաժնային սեփականությամբ իրեն պատկանող շինությունը։ Այսինքն՝ տարեվերջին պետք է կրկին հայտարարագրվեր 11 անշարժ գույք, սակայն հայտարարագրվել է 6-ը։ Այդ 5 անշարժ գույքը օտարվել է, թե ոչ, հայտարարագրի ուսումնասիրությամբ պարզել հնարավոր չէ։
2023 թվականի տարեսկզբին հայտարարագրված 6 անշարժ գույքից տարեվերջում մնում են 4-ը։ Անշարժ գույքի ցանկից դուրս եկած ավտոտնակի և Գյումրիում գտնվող առանձնատան օտարման մասին, սակայն, հայտարարագրում նշումներ չկան։
Վարգես Սամսոնյանը համատեղ բնակվում է կնոջ և անչափահաս զավակների հետ։ Կինը՝ Աղունիկ Աբգարյանը, որպես պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող անձ, չի ներկայացրել 2021 և 2022 թվականների տարեկան հայտարարագրերը։
Աղունիկ Աբգարյանը 2022 թվականից չի հանդիսանում ՀՀ քաղաքացի, ինչի մասին տեղեկանում ենք Վարդգես Սամսոնյանի հայտարարագրերից։ Թե որ երկրի քաղաքացի է ներկայումս համայնքապետի կինը, անհայտ է։
Նշված բոլոր անհամապատասխանությունների վերաբերյալ համայնքապետի և կնոջ արձագանքները ստանալու համար գրություն էինք ուղարկել Վարդգես Սամսոնյանին, որը, սակայն, անպատասխան է մնացել։
Հեղինակ՝ Լիլիթ Գրիգորյան
comment.count (0)