«Ինֆոքոմը» այս անգամ հայտնաբերել է Գրիգորյան ընտանիքին պատկանող մի քանի ընկերություններ, որոնք, օրենքի խախտմամբ, մասնակցում են պետական գնումների նույն ընթացակարգին։
«Գնումների մասին» օրենքն արգելում է փոխկապակցված անձանց և միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, բացառությամբ` պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների և կոնսորցիումով մասնակիցների։
Ավելի վաղ գրել էինք շինարարությամբ զբաղվող Զաքարյանների ընտանիքին պատկանող ընկերությունների մասին, որոնք նույնպես մասնակցել էին տարբեր պետական մրցույթների և, որոշ դեպքերում, հաղթել։
Ահա և օրենքը խախտած երկրորդ ընտանիքի պատմությունը
Մուշական 1/21 հասցեում հաշվառված ընտանիքի 15 անդամներից 6-ը «ՎԱՆԻ», «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ», «ԱՐՀՈՎՇԻՆ», «ՆԱՐ - ԴԱՎ ՇԻՆ», «ԼԻԳՈ - ՇԻՆ» ընկերությունների ներկա կամ նախկին սեփականատերերն են։ Շինարարությամբ և ասֆալտապատմամբ զբաղվող այս ըՆկերությունները համատեղ դիմում են տարբեր գերատեսչությունների հայտարարած մրցույթների նույն ընթացակարգերին։
«Ինֆոքոմը» դիտարկել է նրանց մասնակցած մրցույթներից 38-ը, որտեղ Գրիգորյանների ընկերություններից 2-ը կամ 3-ը համատեղ հայտ են ներկայացրել։ Օրենքի խախտմամբ մասնակցած 38 մրցույթից 15-ը այս ընտանիքին պատկանող ընկերությունները շահել են։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի՝ Գեղարքունիքի մարզի Աղբերք և Շատջրեք գյուղերի, Արմավիրի մարզի Արգինա և Ջիլի գյուղերի միջնակարգ դպրոցների տիպային (մոդուլային) շենքերի կառուցման աշխատանքների իրականացման մրցույթ (ծածկագիր՝ ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/5)։
Այս մրցույթին դիմել են Գրիգորյաններին պատկանող 3 ընկերություն՝ «ԱՐՀՈՎՇԻՆ», «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ» և «ՎԱՆԻ» ՍՊԸ-ները։ Մրցույթին մասնակցելու պահին ընկերությունների 100% սեփականատերերն են եղել համապատասխանաբար Միքայել Գրիգորյանը, Գևորգ Գրիգորյանը և Ղազար Գրիգորյանը։ Ղազար Գրիգորյանը Գևորգի հորեղբայրն է, իսկ Միքայելը՝ Ղազարի հորեղբոր որդին։
Հայտարարաված այս մրցույթը 3 չափաբաժնով է եղել. ընկերություններն իրար հետ դիմել են բոլոր չափաբաժիններին։ Մրցույթում «ԱՐՀՈՎՇԻՆ» ընկերության հայտերը մերժվել են՝ նախահաշվային գնից բարձր գին ներկայացնելու և բանակցությունների ընթացքում նոր գին չառաջարկելու հիմքով։ Իսկ «ՎԱՆԻ» ՍՊԸ-ի հայտը մերժվել է միայն առաջին չափաբաժնի համար, քանի որ սխալ էր գրել գինը՝ և թվերով, և տառերով։ Մյուս երկու չափաբաժիններում ընկերությունը սխալներ չի արել։
«ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ» ընկերությունը, որպես ամենացածր գին ներկայացրած մասնակից, հաղթող է ճանաչվել առաջին չափաբաժնի համար։
Այս 3 ընկերություները միասին դիմել են նաև Քաղաքաշինության կոմիտեի հայտարարած մեկ այլ մրցույթի, սակայն չեն հաղթել։
Հայաստանի տարածքային հիմնադրամի՝ Շիրակի մարզի «Ցողամարգի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դռների և պատուհանների փոխարինման և Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տանիքի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար հայտարարված մրցույթ (ծածկագիր՝ ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/6/7/1)։
Այս մրցույթին դիմել են «ԱՐՀՈՎՇԻՆ» և «ՎԱՆԻ» ընկերությունները։ Մրցույթին մասնակցելու պահին ընկերության 100% բաժնետեր են եղել Արամայիս Գրիգորյանը և Ղազար Գրիգորյանը։ Ղազարը Արամայիսի հորեղբայրն է։
Ընկերությունները մրցույթի երկու չափաբաժիններինն էլ դիմել են։ «ԱՐՀՈՎՇԻՆ» ընկերությունը առաջին չափաբաժնի համար, որպես ամենացածր գնառաջարկ ներկայացրած մասնակից, հաղթել է։
Այս ընկերությունները համատեղ դիմել են ընդհանուր 20 մրցույթի, որից 8-ում ընկերություններից որևէ մեկը հաղթել է։
Երևանի քաղաքաքապետարանի՝ Երևան քաղաքում փողոցների մայթերի վերանորոգման (սալիկապատման) աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթ (ծածկագիր՝ ԵՔ-ԳՀԱՇՁԲ-19/77)։
Մասնակցել են «ԼԻԳՈ - ՇԻՆ» և «ԱՐՀՈՎՇԻՆ» ընկերությունները։
Մրցույթին մասնակցելու պահին «ԱՐՀՈՎՇԻՆ» ընկերության սեփականատերն է եղել Արամայիս Գրիգորյանը, իսկ «ԼԻԳՈ - ՇԻՆ» ընկերության սեփականատերը՝ Լիլիա Գրիգորյանը։ Լիլիայի և Արամայիսի պապերը եղբայրներ են, նրանք հաշվառված են նույն հասցեում։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ Արարատի մարզի Մխչյան, Արալեզ, Փոքր Վեդի, Մասիս և Նոր Կյանք համայնքների ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման համար հայտարարված մրցույթ (ծածկագիր՝ ՋԲՄ-ԱՇՁԲ-2022/2/1/2/3/4/5)
«ԱՐՀՈՎՇԻՆ» և «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ» ընկերությունների սեփականատերերը մրցույթին դիմելու պահի դրությամբ եղել են Միքայել և Գևորգ Գևորգյանները։ Միքայելի հորեղբայրը Գևորգի պապն է։ Նրանք հաշվառված են նույն հասցեում։
Ընկերությունները հայտ են ներկայացրել բոլոր 5 չափաբաժինների համար, որից միայն մեկի դեպքում է «ԱՐՀՈՎՇԻՆ» ընկերության հայտը բավարարել պայմանններին և, որպես նվազագույն գին ներկայացրած մասնակից, ընկերությունը հաղթել է։
Մյուս բոլոր չափաբաժինների դեպքում ընկերությունները կամ նախահաշվային գնից բարձր գին են ներկայացրել, կամ էլ ներկայացրած տեղեկությունները չեն համապատասխանել պահանջին։
Այս ընկերությունները համատեղ դիմել են ընդհանուր 7 մրցույթի, որից 1-ում «ԱՐՀՈՎՇԻՆԸ» հաղթել է։
Քաղաքաշինության կոմիտեի՝ Արմավիրի մարզի Արևիկ համայնքում մոդուլային տիպի մսուր մանկապարտեզի կառուցման աշխատանքների համար հայտարարված մրցույթ (ծածկագիր՝ ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-20/2)։
Դիմել են «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ» և «ՆԱՐ - ԴԱՎ ՇԻՆ» ընկերությունները։
«ՆԱՐ - ԴԱՎ ՇԻՆ» ընկերության սեփականատերը Վանի Գրիգորյանն է, որը «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ» ընկերության սեփականատեր Գևորգ Գրիգորյանի հորեղբոր որդին է։ Մրցույթում հաղթող մասնակից է ընտրվել «ՆԱՐ - ԴԱՎ ՇԻՆ» ընկերությունը։
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի՝ Արմավիրի մարզի Արևիկ համայնքում մոդուլային տիպի մսուր մանկապարտեզի կառուցման աշխատանքների իրականացման համար մրցույթ (ծածկագիր՝ ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/2)։
Մասնակցել են «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ» և «ՎԱՆԻ» ընկերությունները։ «ՎԱՆԻ» ընկերության սեփականատեր Ղազար Գրիգորյանը «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ» ընկերության սեփականատեր Գևորգ Գրիգորյանի հորեղբայրն է։ «ՎԱՆԻ» ընկերությունը հայտարարված մրցույթում հաղթել է։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ Արարատի մարզի Ուրցաձոր և Արարատ համայնքների խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթ (ծածկագիր՝ ՋՀԲՄ-ԱՇՁԲ-2022/7)։
Մրցույթի երկրորդ չափաբաժնի համար դիմել են «Մեդիսոն էյբլ» և «Արհովշին» ընկերությունները։ Հաղթել է «Մեդիսոն էյբլը»՝ որպես ամենացածր գնառաջարկ ներկայացրած ընկերություն։
«ԱՐՀՈՎՇԻՆ» ընկերության սեփականատեր Միքայել Գրիգորյանը «ԷՍԷՆԴ» ընկերության 66% բաժնետերն է։ Ընկերության մյուս մասնաբաժինները պատկանում են Էդգար Աբրահամյանին։ Էդգար Աբրահամյանին է պատկանում նաև «ՄԵԴԻՍՈՆ ԷՅԲԼ» ընկերությունը։
«ՄԵԴԻՍՈՆ ԷՅԲԼ» և «ԱՐՀՈՎՇԻՆ» ընկերությունները համատեղ դիմում են տարբեր գերատեսչությունների գնումների։ Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու մասին Կառավարության որոշման համաձայն՝ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն ծավալող մարդիկ համարվում են փոխկապակցված անձինք, իսկ գնման ընթացակարգի միաժամանակյա մասնակցությունն արգելվում է։
Միքայել Գրիգորյանի՝ «ԷՍԷՆԴ» ընկերության բաժնետերը դառնալուց հետո «ՄԵԴԻՍՈՆ ԷՅԲԼ» և «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ները համատեղ հայտ են ներկայացրել 5 մրցույթի, հաղթել՝ 1-ում։
«ԱՐՀՈՎՇԻՆ» ընկերությունը 2018-2020 թականներին եղել է գնումների սև ցուցակում, սակայն Առաջին ատյանի ընհանուր իրավասության դատարանի որոշմամբ դուրս է եկել ցուցակից և շարունակել մասնակցել պետական գնումներին։
Սև ցուցակում է հայտնվել նաև «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ» ընկերությունը 2019 թվականի հուլիսին՝ 2 տարի ժամկետով։ Ընկերությունը խախտել էր «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը, ըստ որի՝ մասնակիցը ընկնում է գնումների մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկ, եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը։
2020 թվականի ապրիլին «ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇԻՆ» ընկերությունը Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի վճռով հանվել է ցուցակից։
Մենք ընկերությունների հանրային հասանելի հեռախոսահամարներով փորձեցինք կապ հաստատել Գրիգորյաններից որևէ մեկի հետ, սակայն համարները անհասանելի էին կամ զանգերն անպատասխան էին մնում։
Հեղինակ՝ Ջուլիետտա Հովհաննիսյան
comment.count (0)