1lurer.am: Տաշքենդում Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների գերագույն միջպետական խորհրդի առաջին նիստը: Իլհամ Ալիևը և Շավքաթ Միրզիյոևը նաև նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ են անցկացրել:
Ղեկավարները գոհունակություն են հայտնել, որ երկկողմ հարաբերությունները ռազմավարական դաշնակցային բնույթ ունեն: Քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում գործակցության հարցեր, մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Ալիևը հայտարարել է՝ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Կասպից ծովի տարածաշրջանները վերածվում են աշխարհաքաղաքական միասնական տարածաշրջանի, որտեղ դրական գործընթացները, ըստ Ադրբեջանի նախագահի, մեծապես կախված են Ուզբեկստանի և Ադրբեջանի արդյունավետ շփումներից։
Միրզիյոևն էլ շեշտել է, որ Բաքուն Տաշքենդի կարևոր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է: Նա պատմական է որակել Ալիևի այցը, տեղեկացրել, որ Ադրբեջանն ու Ուզբեկստանը գործակցության 20 նոր ուղղություն են նախանշել: Միրզիյոևի խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպումն անցել է բաց և կառուցողական մթնոլորտում։
Նախագահների հանդիպման արդյունքներով մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, մասնավորապես՝ «Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիրը», Ադրբեջանի ՆԳՆ-ի և Ուզբեկստանի ազգային գվարդիայի միջև գործակցության մասին պայմանագիրը, երկու երկրի քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության, առևտրի, տնտեսության, ներդրումների, նավթային և այլ ոլորտներում գործակցության ընդլայնման մասին փաստաթղթեր:
Միրզիյոևը և Ալիևը նաև հանդիպել են երկու երկրի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
comment.count (0)