Շուրջ 410 մլն դրամի հափշտակություն «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում․ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձին և վեց աշխատակիցների մեղադրանքներ են ներկայացվել
17:38 - 26 օգոստոսի, 2024

Շուրջ 410 մլն դրամի հափշտակություն «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում․ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձին և վեց աշխատակիցների մեղադրանքներ են ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲ ընկերությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից, նույն ընկերության մի քանի աշխատակիցների օժանդակությամբ, շուրջ 410 մլն ՀՀ դրամ գումարի հափշտակության, փաստաթղթերի կեղծման դեպքը:

«Իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված պաշտոնատար անձը, խախտելով ընկերության կանոնադրության պահանջները, իր ծառայողական լիազորությունների օգտագործմամբ, 2014-2019 թթ. ընթացքում համապատասխան հրամաններ է արձակել՝ իրեն և ընկերության 10 աշխատակիցներին Վրաստանի Թբիլիսի քաղաք գործուղելու վերաբերյալ, որի հիման վրա ընկերության ֆինանսական միջոցներից ինքը և հիշյալ աշխատակիցները ստացել են գործուղման հրամաններում նախատեսված օրերի քանակով գործուղման ծախսերի համար հաշվարկված ընդհանուր՝ 24.727.872 ՀՀ դրամ:

Մինչդեռ պարզվել է, որ նշված աշխատակիցները փաստացի կա՛մ գործուղման չեն մեկնել, կա՛մ մեկնել են արձանագրված ոչ ամբողջ ժամանակահատվածով, սակայն ընկերության հաշվապահություն են ներկայացրել հրամաններով նշված ամբողջ ժամանակահատվածի գործուղման մեկնելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք հաստատել է ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը: Արդյունքում՝ վերջինս, վերը նշված աշխատակիցների օժանդակությամբ, հափշտակել է ընկերության ֆինանսական միջոցներից փոխանցված ընդհանուր՝ 24.727.872 ՀՀ դրամը:

Նույն ժամանակահատվածում նա նաև համապատասխան հրամաններ է արձակել՝ Թբիլիսի քաղաք գործուղման նպատակով ընկերության 3 վարորդին 215.150 ՀՀ դրամ արժեքով ընդհանուր 640 լիտր բենզին հատկացնելու վերաբերյալ: Սակայն քննությամբ պարզվել է, որ նշված անձինք փաստացի չեն մեկնել գործուղման, սակայն համապատասխան փաստաթղթերում ստորագրել ու ստացել են վառելանյութը, ինչի հետևանքով, հիշյալ վարորդների օժանդակությամբ, ՓԲԸ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը հափշտակել է 640 լիտր բենզին:

Բացի այդ, 2017 թ․ մայիսին, ընկերության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի թույլտվությամբ, նույն տարվա հունիսին Թբիլիսի քաղաք գործուղման ընթացքում նվերներ մատուցելու պատրվակով, ընկերության աշխատակազմում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձին, վերջինիս կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա, ընկերության միջոցներից 200.000 ՀՀ դրամ է հատկացվել է։ Սակայն քննությամբ հիմնավորվել է, որ այդ ժամանակ ընկերության որևէ աշխատակից փաստացի գործուղման չի մեկնել, իսկ ձեռք բերված նվերները հափշտակվել են ընկերության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից՝ աշխատակազմում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի օժանդակությամբ:

Պարզվել է նաև, որ ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը, ի պաշտոնե ղեկավարելով նույն ընկերությունում գործող համակարգչային և ծրագրային ապահովման ծառայությունը, տեղեկացված լինելով նույն ընկերության գլխավոր մասնագետի և համակարգչային ցանցի ադիմինիստրատորի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից հիմնադրված և փաստացի ղեկավարվող ՍՊ ընկերության՝ անլար կապի միջոցով ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցելու մասին, մտադրվել և ընկերության ֆինանսական հարցերով զբաղվող բաժնի պետի, գլխավոր տնտեսագետի և նշված ՍՊ ընկերության տնօրենի օժանդակությամբ, կատարել է հերթական հափշտակությունը:

Մասնավորապես՝ սերվերների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկման, ընթացիկ վերանորոգման և ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունների մատուցման մտացածին նպատակով, իսկ իրականում ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, բաժնի պետի կողմից կազմվել և համակարգչային ցանցի ադիմինիստրատորի կողմից ստորագրվել է նշված ՍՊԸ-ի հետ պայմանագրի նախագիծ։ Ապա, խախտելով հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում գնումների հայտարարություն և հրավեր հրապարակելու օրենսդրական պահանջները, առանց պետական գնումների համար նախատեսված մրցույթ հայտարարելու, 2014թ․ սեպտեմբերին ՓԲԸ-ի անունից նշված ՍՊ ընկերության հետ կնքվել է գնման պայմանագիր, ինչպես նաև՝ պայմանագրի ժամկետը երկարացնելու մասին համաձայնագրեր։

Մինչդեռ պարզվել է, որ դրա անհրաժեշտությունն ընկերությունը չի ունեցել, քանի որ պայմանագրի տեխնիկական բնութագրի հավելվածով նախատեսված աշխատանքները հանդիսացել են ընկերությունում գործող համակարգչային և ծրագրային ապահովման ծառայության հիմնական գործառույթները։ Եվ նախատեսված աշխատանքների փաստացի չկատարվելու պայմաններում, 2014թ․ սեպտեմբերից մինչ 2019թ․ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ՓԲ ընկերությունից ՍՊ ընկերությանը փաստացի վճարվել է ընդհանուր 168.480.000 ՀՀ դրամ, որը, ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը, համակարգչային ցանցի ադիմինիստրատոր, նշված ՍՊ ընկերության տնօրենի և բաժնի պետի օժանդակությամբ, հափշտակել է:

Բացի այդ, պարզվել է, որ ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձը, չունենալով ինքն իրեն լրացուցիչ աշխատավարձ հանդիսացող վճարներ (պարգևավճարներ, հավելավճարներ և այլն) տրամադրելու լիազորություն, 2014 թ․ հունվարից մինչև 2024 թ․ հունիս, համապատասխան իրավական ակտի բացակայության պայմաններում, ապօրինի, ընկերության մեկ այլ աշխատակցի օժանդակությամբ, արձակել է իրեն լրացուցիչ աշխատավարձ հանդիսացող վճարներ տրամադրելու վերաբերյալ հրամաններ՝ այդ կերպ հափշտակելով 216.328.750 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում են համապատասխանաբար ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին և 325-րդ հոդվածի 2-րդ մասին): Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը, պաշտոնավարման կասեցումը և գրավը՝ 25.000.000 ՀՀ դրամի չափով:

Նրան օժանդակելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՓԲ ընկերության 6 աշխատակիցների, որոնցից հինգի նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, իսկ վարորդներից մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 31.459.445 ՀՀ դրամը:

Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել