Իրանը շարունակում է ավելացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Associated Press |armenpress.am|
09:41 - 30 օգոստոսի, 2024

Իրանը շարունակում է ավելացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Associated Press |armenpress.am|

armenpress.am: Իրանն ավելացրել է միջուկային զենք ստեղծելու համար պիտանի հարստացված ուրանի պաշարները: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի զեկույցը: 

Գործակալության տեղեկություններով՝ այս տարվա մայիսից սկսած Իրանը արտադրել է ևս 22.6 կգ 60 տոկոսով հարստացված ուրան: Այդ նյութերի ընդհանուր ծավալն արդեն 164.7 կիլոգրամ է: Լրատվամիջոցը նշում է, որ նման ուրանը կարելի է հեշտությամբ հարստացնել մինչև 90 տոկոսի՝ ստանալով միջուկային զենքի բաղադրիչներից մեկը։

Բացի այդ, ՄԱԳԱՏԷ-ում հայտնել են, որ Իրանը չի վերանայել 2023 թվականի սեպտեմբերի որոշումը, որով օտարերկրյա տեսուչներին արգելվում է հետևել իրանական միջուկային ոլորտի օբյեկտների ակտիվությանը: Նման ձեռնարկություններում ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկները մնում են անջատված: 

Նշվում է, որ իրանական կողմն այդպես էլ չի պատասխանել Թեհրանի՝ որպես միջուկային օբյեկտ չհայտագրված երկու տեղամասերում ավելի վաղ հայտնաբերված արհեստական ծագման ուրանի մասնիկների վերաբերյալ հարցմանը:

Հուլիսի կեսերին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Իրանը գնալով մոտենում է միջուկային զենք պատրաստելու համար նյութեր ստանալու հնարավորությանը։ Նա նշել է, որ գործընթացը կարող է մի քանի շաբաթ տևել:

2015 թվականին միջնորդ 6 երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան Իրանի հետ կնքել էին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որը նախատեսում էր Իրանի դեմ պատժամիջոցների վերացում՝ այդ երկրի կողմից միջուկային ծրագիրը սահմանափակելու պայմանով: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսին դուրս էր եկել այդ ծրագչի մասին պայմանավորվածությունից և միակողմանիորեն վերականգնել էր հակաիրանական պատժամիջոցները։ Ի պատասխան Թեհրանը սկսեց աստիճանաբար կրճատել համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել