Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ բանակցություններն այս փուլում երկկողմ ձեւաչափով անցկացնելն արդյունավետ է համարում։ Այս մասին նա ասաց այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ բանակցությունները չեն ընթանում ռուսական հարթակում․
«Մենք մեր բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը խաղաղության գործընթացում բարձր ենք գնահատում։ Տեւական ժամանակ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձեւաչափով, ընդ որում՝ կարող ենք ասել, որ երկկողմ այդ ձեւաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի համատեղ հայտարարությունից, շարունակած ս․թ․ ապրիլի 19-ի հայտարարությամբ։ Երեկ էլ, գիտեք, սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը ստորագրվեց։ Մենք կարծում ենք, որ պետք է կողմնորոշվենք էս հարցում, որովհետեւ ընդհանուր ըմբռնում եղել է այն, որ այս փուլում մենք աշխատում ենք երկկողմ ձեւաչափով, եւ քանի դեռ այդ ձեւաչափով կարողանում ենք առաջ գնալ, կարծում եմ՝ ճիշտն այդ ձեւաչափն է։ Նույնը ես ուղիղ ասել եմ նաեւ ՌԴ նախագահին մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում։
Մյուս կողմից, երկկողմ ձեւաչափով աշխատելու այս արձանագրումն անելով՝ չեմ կարող ասել, թե բացառում եմ որեւէ այլ ձեւաչափով աշխատանք՝ այն ընդգծմամբ, որ առանձին կոնկրետ դեպք առանձին ժամանակաշրջանում առանձին հարցի համատեքստում պետք է դիտարկել։ Շատ քննարկումներ եղան, այդ թվում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ փորձ արեց տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ն հրաժարվել է հանդիպումից․ ՀՀ-ն չի հրաժարվել հանդիպումից, ես ինքս Ադրբեջանի նախագահին առաջարկել եմ [դիվանագիտական խողովակներով], որ տեղի ունենա երկկողմ ձեւաչափով ահնդիպում։ Ինչու՞, որովհետեւ նախկին շրջանում եղել է փոխադարձ ըմբռնում, որ էս շրջանում աշխատում ենք երկկողմ ձեւաչափով, եւ կարծում եմ, որ կարող ենք այս տրամաբանությունը շարունակել, որովհետեւ էս պահի դրությամբ արդյունավետ է, ընդ որում, երբ հասունանա պահը՝ բարձրագույն մակարդակում հանդիպում անցկացնելու, դա կարող է նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունենալ, էնտեղ, որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում, եւ ես պատրաստ եմ նաեւ այդպիսի շփումների։
Ինչ վերաբերում է եռակողմ ձեւաչափերին, էլի, չբացառելով որեւէ տարբերակ, տվյալ ժամանակշրջանում, տվյալ իրադրության մեջ պետք է դրա նպատակահարմարությունը գնահատվի՝ գնահատվի արդյունքին միտված լինելու տրամաբանությամբ», - նշել է Փաշինյանը ասուլիսում։
comment.count (0)