Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, սկսվել է փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի գործով վկաների հարցաքննության փուլը։
44-օրյա պատերազմի ժամանակ Գաբրիելյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի պաշտոնը։ Այժմ Դատախազությունը նրան մեղադրում է առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմին բնագիծը թողնել հրամայելու եւ այդ մասին իրենց աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելով` Հադրութի ուղղությամբ նահանջելու մեջ։
Փոխգնդապետը, սակայն, առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Երեկ դատարան էր ներկայացել պատերազմի ժամանակ նրա տեղակալ, շտաբի պետ Կոլյա Դավթյանը, որը մինչ Գաբրիելյանի ռազմաճակատ մեկնելը ժամանակավորապես իրականացրել է նաեւ գումարտակի հրամանատարի պարտականությունները։
Ի՞նչ ցուցում է տվել վերադաս հրամանատարությունը
Կոլյա Դավթյանի ողջ հարցաքննությունն ընթացավ՝ պարզաբանումներ ստանալով․ վկան բազմաթիվ հանգամանքներ չէր հիշում, դատավարության մասնակիցների հարցերին տալիս էր իրարամերժ պատասխաններ։ Այդ հակասություններով պայմանավորված՝ հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։ Դատարանը միջնորդությունը բավարարեց։
2022 թ․ դեկտեմբերի ցուցմունքում վկան հայտնել էր, որ բնագիծը թողել են այն պատճառով, որ Հովիկ Գաբրիելյանը խոսել է կորպուսի շտաբի պետ Գեղամ Գաբրիելյանի հետ (զոհվել է,–հեղ․), խնդրել սնունդ, միջոցներ դիմակայելու համար, ինչը, սակայն, իր հասկանալով, այդ պահին հնարավոր չի եղել․ «Որքան հասկացա խոսակցությունից, շտաբի պետը միգուցե ասում էր՝ ամեն գնով պահեք, մինչեւ կհասնենք, բայց դրանից 4-5 ժամ հետո Գաբրիելյանի հրամանով դուրս եկանք բնագծից»,– ասել էր վկան՝ հավելելով, որ դուրս են եկել հոկտեմբերի 5-ին՝ կեսգիշերնանց՝ ժամը 1-2-ի մոտակայքում։
Ձախից՝ տուժողի իրավահաջորդ Հրաչիկ Բաղդասարյանը, հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը
– Ի՞նչ բնույթի խոսակցություն էր գնում, որ նման կերպ հասկացաք,– հարցրեց մեղադրողը։
– Որ զեկուցել է, դրանից հետո պարոն Գաբրիելյանը ասել է՝ առայժմ մնում ենք տեղում, ինձ թվում է՝ դրանից եմ եզրակացրել, որ նման խոսակցություն է եղել,– ասաց վկան։
Վկայի այս պատասխանը վրդովեցրեց նախագահող դատավորին․
– Խնդիրն էլ հենց այն է, որ նախաքննական ցուցմունքում չեք ասել, թե Հովիկ Գաբրիելյանի խոսքից եք դա հասկացել։ Ձեր գրածի երեսից մարդն այսօր կալանքի տակ է։ Ձեր ցուցմունքի հիման վրա կարող է դատապարտվել, հետո [գործը] գնա Վերաքննիչ դատարան, ասեք՝ Առաջին ատյանի դատարանում դա չէինք ասում։ Հո մանկապարտե՞զ չէ, հարգելի՛ Դավթյան, սուրճի շուրջ զրույց չէ։ Մի քանի նիստ է՝ Ձեզ բացատրում ենք, որ մարդկային ճակատագրեր են որոշվում։ Ո՞վ է Ձեզ ստիպել այդպես գրել, – ասաց դատավոր Վարդգես Սարգսյանը։
– Պարոն դատավոր, բաներ կան, որ զրուցում ենք, վերհիշում եմ։
– Հիմա քննիչի՞ մոտ ցուցմունք տալիս էր Ձեր հիշողությունը ավելի լավ թե՞ դատարանում ցուցմունք տալիս։
– Չեմ հիշում, պարոն դատավոր։
– Եղե՞լ է որեւէ հանգամանք, որ քննիչը ստիպի, ասի՝ այսպես գրի, որովհետեւ ես եմ այդպես ուզում, որովհետեւ Գաբրիելյանին պիտի կալանավորենք, Գաբրիելյանի գործը պիտի գնա դատարան։
– Չէ, ստիպողաբար չի եղել, բայց․․․
– Այս հանգամանքը, որ նշել եք, Ձեր կամքո՞վ եք նշել։
– Ճիշտն ասած՝ այդ հարցաքննությունն էլ չեմ հիշում։
Դատավորի ցուցումով վկային ցույց տվեցին հարցաքննության արձանագրությունը՝ ճշտելու՝ ի՞նքն է ստորագրել դրա տակ թե՞ ոչ։ Վկան, աչքի անցկացնելով, ասաց՝ իր ստորագրությունն է։
Կոլյա Դավթյանն ասում է՝ նահանջի հրաման անձամբ չի լսել
Ստացվում է, որ նախաքննության ժամանակ վկան մեղադրյալի դեմ է խոսել՝ նշելով, թե վերադաս հրամանատարությունից ասել են՝ ամեն գնով [բնագիծը] պահեք, մինչեւ օգնություն հասնի, սակայն ժամեր անց Գաբրիելյանի հրամանով նահանջել են։ Մինչդեռ նախորդ դատական նիստին մեղադրյալի օգտին է խոսել, պաշտպանի հարցին ի պատասխան պնդել՝ երբ Գաբրիելյանը երկրորդ անգամ է զեկուցել, վերադաս հրամանատարությունից ասել են՝ ինչ ուզում եք, արեք․ այդտեղ եկող չկա։
Ի պատասխան մեղադրողի հարցին՝ ինչպե՞ս կբացատրի այս հակասությունը, վկան դարձյալ կրկնեց՝ բաներ կան, որ լավ չի հիշել, ընթացքում է մտաբերում։ Դատավորը դարձյալ միջամտեց․
Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը
– Գաբրիելյանը մեղադրվում է հրաման չկատարելու մեջ, մեղադրական եզրակացության մեջ ներկայացված նյութերը առերեւույթ վկայում են այն մասին, որ նա զեկուցել է, որ ի վիճակի չեք, այնտեղից ասել են՝ չէ, պիտի պահեք, նա էլ պաշտոնեական դիրքը ենթադրաբար չարաշահել է։ Հիմա՝ Գաբրիելյանի՝ երկար ժամանակ կալանքի տակ գտնվելուց հետո, Կոլյա Դավթյանը լուսավորվել է, դատարանում հիշել է․․․ Հիմա ըստ Ձեզ՝ դա կարեւո՞ր հանգամանք է թե՞ ոչ, կարո՞ղ էր էական նշանակություն ունենալ մեղադրանքը հիմնավորելու կամ հերքելու, խափանման միջոց ընտրելու տեսանկյունից։
– Կարեւոր հանգամանք էր, պարոն դատավոր, ուղղակի ասում եմ էլի, խոսելով վերհիշում եմ,– պատասխանեց վկան։
Նա չկարողացավ մտաբերել՝ «ինչ ուզում եք, արեք» արտահայտությունը հնչել է ռադիոկապո՞վ թե՞ հեռախոսային խոսակցություն է եղել, սակայն դատախազի հարցին ի պատասխան՝ ասաց՝ անձամբ վերադասի ձայնը չի լսել։
Բազմաթիվ ճշտող հարցերից հետո ասաց նաեւ՝ նահանջի հրամանն էլ անձամբ չի լսել, սակայն պնդեց՝ Գաբրիելյանը զեկուցել է․
– Ըստ կանոնադրության՝ նահանջը կատարվում է բացառապես ավագ պետի հրամանով,– ընդգծեց մեղադրողը՝ կրկնելով հարցը,– անկախ զեկույցից՝ նահանջի հրաման եղել է ավագ պետից։
– Ես անձամբ չեմ լսել,– պատասխանեց վկան։
Բնագծի ուղղությամբ գրոհ եղե՞լ է թե՞ ոչ
Նախաքննության ժամանակ վկան քննիչին հայտնել է, որ դիմացի գյուղում տեսել է հակառակորդի հետեւակ, բայց որ այն իրենց ուղղությամբ շարժվի, չի նկատել։ Մեղադրողը հարցրեց՝ կարո՞ղ է դատարանում հաստատել այս հանգամանքը։
Վկա Կոլյա Դավթյանը
– Անմիջապես մեզ վրա չի եղել, կուտակումներ տեսել ենք՝ հետեւակ, ուրալ, տեխնիկա,– պատասխանեց վկան։
– Գյուղը բնագծից որքա՞ն հեռավորության վրա էր։
– Մոտավորապես 1–1․5 կմ։
– Այդ դեպքում եթե ձեր ուղղությամբ գրոհ չի եղել, ինչո՞ւ եք թողել բնագիծը։
– Պարոն դատախազ, բազմիցս նշել եմ՝ կուտակումներ եղել են․․․ Զորքի վիճակը, ընկճվածությունը, եղանակային պայմանները, աջակցություն չունենալը, նմանատիպ խնդիրներ,– պատասխանեց վկան։
– Դուք նշել եք, որ Կոռնետ օգնության է հասել եւ տանկեր խոցել։ Դա աջակցություն չէ՞։
– Այդ պահին է հասել, բայց հետո եղանակային պայմանները վատացել են, այդ ժամանակ ոչ ոք գիշերային տեսանելիության սարքեր եւ այլն, եւ այլն․․․
– Իսկ հակառակորդի համար նույն եղանակային պայմանները չէի՞ն։
– Նույնն էին, բայց անձնակազմի քանակ, տեխնիկայի քանակ անհամեմատելի էին։
Մեղադրողը հիշեցրեց վկայի խոսքերը, որ վերջին անգամ տանկային գրոհ եղել է երեկոյան 5-ի սահմաններում, իսկ մինչեւ նահանջը տանկեր այլեւս չեն եղել ոչ աջից, ոչ ձախից։ Դատարանում վկան պարզաբանեց՝ խոցվել էին ոչ բոլոր տանկերը, այլ 2-ը, թե մյուս 3-ը որ կողմ են գնացել, իրենք չեն նկատել։
Վկային հարցեր հղեց նաեւ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը
Վկա Կոլյա Դավթյանին հարցեր հղեց նաեւ պաշտպանական կողմը։ Հիշեցնելով վկայի խոսքերը, որ հակառակորդը սեւ շորերով մտել է բնագիծ, եկել իրենց ուղղությամբ՝ Հովիկ Գաբրիելյանը հարցրեց․
Ձախից՝ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը
– Քո բառերը չե՞ն։
–Հա, պարոն Գաբրիելյան, ես ասել եմ, որ կուտակումներ եղել են։
– Բա դատախազը հարց է տալիս, հարգարժան ծնողը իմ աչքերին է նայում, դու պիտի ասես դա․․․ Այսինքն՝ հակառակորդը ինչքա՞ն էր հեռու մեզնից։
– Մոտ 1 կմ։
– 500մ․․․ Լավ, 1 կմ, համաձայն եմ։ Մեզնից ներքեւ ինչքա՞ն զորք էինք նկատում։
– Շատ էր․․․ 500-ից ավելի հաստատ նկատել եմ,– պատասխանեց վկան։
– Կա՞ մի հոգի, որին կարող էինք ասել Ֆագոտի արկ բերեր մեզ։
– Չէ, հնարավորություն չի եղել։
– Դավթյան, Աստված վկա, ես որ զեկուցել եմ, ինձ մոտ ես եղել, այսքանի մոտ ճակատս բաց ասում եմ, վերջին բառերը ինչ են ինձ ասել, ես ուզում եմ ճիշտն ասես։
– Ես չեմ ուզում՝ լավ չհիշելով․․․
– Հիշո՞ւմ եք վերջին բառերը թե՞ ոչ, –միջամտեց դատավորը։
– Շտաբի պետի խոսքն է եղել՝ ինչ ուզում եք, արեք։
– Հերիք եղավ, կամ ճիշտը պատմեք, կամ գնացեք,– զայրացավ Գաբրիելյանը։
– Մի ճնշեք վկային,– նշեց դատավոր Սարգսյանը։
Հանրային մեղադրողը ճշգրտող հարց տվեց․
– Դուք քիչ առաջ չհիշեցիք՝ այդ խոսակցությունը եղել է ռադիոկապով թե հեռախոսով։ Եթե չեք լսել Գեղամ Գաբրիելյանի ձայնը, ո՞նց եք պնդում, որ ասել է՝ այդտեղ եկող չկա։
– Խոսակցությունից, իրավիճակից, պարոն դատախազ․․․– ասաց վկան։
– Ո՞նց կարելի է մի բան լսել ու չլսել ասողի ձայնը։
Մեղադրողի հարցը, սակայն, մնաց անպատասխան։
Զոհված զինծառայողի հայր Հրաչիկ Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ զորքի բարոյահոգեբանական վիճակը մինչ հոկտեմբերի 3-ն էլ է վատ եղել թե՞ դրանից հետո է վատացել։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ մինչ այդ էլ նորմալ չի եղել, օրեցօր ճնշումը մեծանում էր։
– Այդ մասին կամ զենքերի պակասի մասին վերադաս հրամանատարությանը զեկուզե՞լ են,
– Զեկուցելը պարտադիր զեկուցել ենք, բայց․․․
– Հա կամ չէ։
– Զեկուցել ենք, բայց անմիջապես մեր ուղղությամբ գրոհ չի եղել․․․
– Ո՞ւմ եք զեկուցել։
– Կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանին (նրա հարցաքննությունն իրականացվել է դռնփակ,–հեղ․)
– Դուք զեկուցել եք կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանի՞ն։
– Կներեք էլի, ինչի՞ վերաբերյալ եմ զեկուցել։
Վկայի ճշգրտող հարցերին դատավորը դարձյալ զայրացավ․
– Պրիմիտիվ հարց է, լավ, Դուք անհարմար չե՞ք զգում։ Սպա եք ի վերջո․․․
– Առօրյա զեկույցներ են եղել։
– Բաղդասարյանի հարցը առօրյա զեկույցների մասին չէր․․․ Գիտե՞ք՝ ինչի մասին է վկայում, որ ամեն հաջորդ հարցի պատասխանը հակասում է նախորդ պատասխանին, եւ դա արձանագրում են կողմերը․ որ այդ պատասխաններից առնվազն մեկը առերեւույթ, առաջին հայացքից իրականությանը չի համապատասխանում,– ընդգծեց դատավորը։
Վկան ցանկացավ պարզաբանել, սակայն դատարանն այլեւս թույլ չտվեց։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 19-ին։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)