«Ստում են»․ Քիմիկների գործով վկան՝ մյուս վկաների ցուցմունքների մասին
22:59 - 03 սեպտեմբերի, 2024

«Ստում են»․ Քիմիկների գործով վկան՝ մյուս վկաների ցուցմունքների մասին

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Քիմիկների զորամասի գործով առանցքային վկա Արման Նուրիջանյանի հարցաքննությունը։

Նուրիջանյանն այն անձն է, ում վստահված է եղել Քիմիկների զորախմբի ուղեկցումը դեպի օպերացիայի տեղանք։ Ստացվել է այնպես, սակայն, որ սահմանված վայրում՝ Կիրի հանքում իջնելու փոխարեն զորախումբը խորացել է մինչեւ Զանգելան քաղաք, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը դեռ օրեր առաջ էր տեղադրել  իր դրոշը եւ տեսանյութը հրապարակել համացանցում։ Արդյունքում, զինծառայողները ընկել են շրջափակման մեջ․ նրանցից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։ 

Կատարվածի համար մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։

Ըստ վկայի՝ իրեն ասել են, թե զորախումբը տեղյակ է՝ որտեղ պիտի տեղակայվեր

Նախորդ նիստին Արման Նուրիջանյանը հայտնել էր, որ իր անմիջական հրամանատար Արման Մանուչարյանն է իրեն կարգադրել Քիմիկների զորախմբին ուղեկցել՝ ասելով, որ նրանք տեղակայման վայրը գիտեն, պետք է միայն ճանապարհը ցույց տալ։ Այս դրվագի վերաբերյալ մեղադրյալ Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանն այսօր հարցեր հղեց վկային․

Ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը

– Եթե տեղակայման վայրը գիտեին, ապա որպես ուղեկցող Ձեզ նշանակելու իմաստն ու տրամաբանությունը ո՞րն էր։

– Դեպի Զանգելան ճանապարհ ցույց տալը։

– Ի՞նչ է նշանակում ճանապարհ ցույց տալ։

– Աջ ու ձախ չգնալ, չշեղվել։

– Այդտեղ կա՞ր ուրիշ ճանապարհ։

– Այո։

– Եթե Ձեզ նշանակում են ուղեկցող, ուրեմն՝ տեղյակ չեն ե՛ւ ճանապաարհին, ե՛ւ տեղակայման վայրին։

– Ես չգիտեի՝ իրենք տեղյակ են թե չէ, ինձ ասել են՝ նրանք տեղյակ են, թե որտեղ պետք է տեղակայվեն։ Ես ընդամենը պետք է ճանապարհ ցույց տայի։

Նախագահող դատավոր Սարգիս Դադոյանի ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ լավ հասկացած չլինի կարգադրությունը, վկան բացասական պատասխան տվեց։

Թե կոնկրետ ովքեր էին տեղյակ, ըստ վկայի, չի ասվել։

– Ու Դուք չեք էլ հարցնո՞ւմ՝ ով գիտի եւ որտեղ պետք է կանգ առնեք։

– Դե, լոգիկայով՝ իմ կողքին նստած սպան պիտի իմանար (խոսքը Փնջոյանի մասին է, որը դեռ չի հարցաքննվել,–հեղ․)։

– Իսկ Դուք պարտավոր չէի՞ք ճշտելու Ձեզ վերապահված կարգադրության ամբողջ բովանդակությունը, այդ իմացողներն ո՞վքեր էին,– հարցրեց Դավիդյանը։

–  Ոչ, պարտավոր չէի, որովհետեւ իմ հրամանատարին վստահում էի,– պատասխանեց վկան։

Դատավորն էլ հետաքրքրվեց՝ իր կողքին նստած հրամանատարը ի՞նչ տպավորություն է թողել իր վրա․

– Ռեմբոյի,– պատասխանեց վկան,– այնպես էր խոսում, ոնց որ 20 րոպեից Զանգելանը վերցնում ենք․․․ Զանգելանի երկու կողմից հայկական գյուղեր են, ասում էր՝ գիշերը մերոնք իջել են, մենք էլ մեջտեղով գնում ենք, սանրելով դուրս գանք։

Նուրիջանյանը հերքում է մյուս վկաների խոսքերը

Արման Նուրիջանյանի խոսքով՝ կոնկրետ Կիրի հանքում իջնելու մասին իրեն ոչ ոք ոչինչ չի ասել։ Պաշտպան Դավիդյանը խնդրեց պարզաբանել՝ այդ պարագայում ինչպե՞ս է, որ դատարանում հարցաքննված երկու վկաներ՝ շտաբի պետ Վարդան Ալեքսանյանն ու առաջին ուղեկցող Համբարձում Փարամազյանը ասել են, թե Նուրիջանյանին մի քանի անգամ հստակ նշվել է այդ մասին․

Դատավոր Սարգիս Դադոյանը

– Ստում են,– հայտարարեց վկան,– ինձ ոչ ոք նման բան չի ասել, մանավանդ՝ Ալեքսանյանը, ես նրան կատեգորիկ չեմ տեսել, դեպքից հետո եմ տեսել միայն։

– Բոլորը ստում են, Դուք ճի՞շտ եք ասում,– ճշտեց դատավորը։

– Ինձ հրաման տվողն ասել է՝ ես ինչ պիտի անեմ, ես արել եմ,– ասաց վկան։

Ըստ Նուրիջանյանի՝ օգնության մեկնած զորքը եւս շրջափակման մեջ է ընկել

Ամբաստանյալ Արսեն Աբգարյանը խնդրեց հիշել՝ մեկնելուց առաջ, երբ հանդիպել են իրար, ինքն ի՞նչ է ասել․

–  Հարցրել եք՝ տեղյա՞կ ես ճանապարհից, ասել եմ՝ հա։

– Հարցրել եմ՝ դու գիտես՝ ուր պիտի տանես, չէ՞։

– Չէ, «գիտես՝ ուր պիտի տանես»–ը ուրիշ բան է, «ճանապարհն իմանալ»–ը՝ լրիվ ուրիշ բան։

– Կհիշե՞ս խոսակցություն, որ երբ հակառակորդին տեսանք, ասացին՝ հրամանատար, մի կրակիր, կարողա մերոնք են։

– «Հրամանատար»–ը չեմ հիշում, բայց երկու տարբերակն էլ ասվել է՝ եւ որ մերոնք են, եւ որ կարողա զասադ է։ Այդ զասադ բառի վրա սկսել են կրակել։

– Այսինքն՝ եղել է նման խոսակցություն։

Արման Նուրիջանյանի խոսքով՝ դեպքից ժամեր անց Քաջարանի ջոկատը մեկնել է՝ շրջափակման մեջ մնացածներին օգնության, սակայն տեղ չհասնելով՝ հետ է դարձել․  «Էլի նույն ձեւ գնաց, ընկավ զասադի մեջ, զոհեր,մահեր․․․» Պաշտպան Ամրամ Մակինյանի հարցին, թե ինքը որտեղի՞ց գիտի այդ մասին, վկան պատասխանեց՝ ներկա է եղել, երբ մեկնել են։

Նուրիջանյանը հայտնեց նաեւ, որ ինքը սկսել է կրակել, երբ հակառակորդի հարվածից սպա է զոհվել։ Սպայի զոհվելու մասին նրա հայտարարությունը զարմացրեց տուժողների իրավահաջորդներին, ըստ որոնց՝ այդ մասին առաջին անգամ են լսում։

Հայկ Եղիազարյանը

Տուժող կողմից Հայկ Եղիազարյանը խնդրեց հիշել՝ հայկական կողմից ի՞նչ արձագանք է եղել ադրբեջանական ալիքներում հրապարակված այն տեսանյութին, որում երեւում է, թե ինչպես են Զանգելանի դպրոցի բակում իրենց դրոշը կանգնեցնում։ Վկան ասաց՝ լսել է, որ ասել են, թե դա կեղծ տեսանյութ է։

– Ի վերջո, գնացիք, ընկաք այդ իրավիճակի մեջ, ըստ Ձեզ՝ կե՞ղծ էր թե՞ ոչ։

– Ոչ։

– Մեղավորն ո՞վ է։

–  Հրամանատարական կազմը․․․ Հենց տենց վերադասության կարգով իջնելով։

– Անդրանիկ Մակարյանն ու Արսեն Աբգարյանը մեղավո՞ր են։

– Ես իրենց չեմ իմացել․․․ Եթե իրենք են եղել հրամանատար, մեղավոր են,– պատասխանեց վկան։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել