Նախարար Ավանեսյանը կարևորել է Գեղարքունիքի մարզում մեկնարկած՝ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը
22:32 - 05 սեպտեմբերի, 2024

Նախարար Ավանեսյանը կարևորել է Գեղարքունիքի մարզում մեկնարկած՝ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ Մարզպետ Կարեն Սարգսյանի հետ քննարկվել են մարզում բնակչության համար բժշկական ծառայությունների հասանելիությունը և որակի բարելավմանն ուղղված պետական ծրագրերը։

Նախարարը կարևորել է քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրերը, որոնց շրջանակներում սեպտեմբերի 2-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը, որն իրականացվում է ԱՆ պատվերով` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից։ Շարժական մամոգրաֆն այժմ Վարդենիս քաղաքում է, այնուհետև կլինի Մարտունի, Գավառ, Ճամբարակ և Սևան քաղաքներում։

Կրծքագեղձի վաղ շրջանի ուռուցքի հայտնաբերման դեպքում հիվանդների բուժումը կիրականացվի անվճար, պետպատվերի շրջանակներում։

«Այս տարի էապես ավելանում են նաև պետպատվերի ծավալները, որոնք համաչափորեն բաշխվելու են նաև Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններին։ Կապիտալ շինարարությունների իրականացման ուղղությամբ ևս մեր համատեղ ու համագործակցված աշխատանքը ստացվում է։ Պետական ծրագրերով նախատեսված բոլոր շինարարությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։ Լճափի ԱԱՊԿ նորակառույց շենքի վերազինման խնդիրը լուծվելու է նախարարության միջոցների հաշվին»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։

Նախարարն ու մարզպետն այցելել են նաև Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղ կիրականացվեն ընթացիկ արդիականացման աշխատանքներ։ Քննարկվել է նաև բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման հարցը. գործընթացն այժմ նախագծման փուլում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել