Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80 տոկոսը համաձայնեցված է․ Ալիև
 |civilnet.am|
15:05 - 06 սեպտեմբերի, 2024

Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80 տոկոսը համաձայնեցված է․ Ալիև |civilnet.am|

civilnet.am:  Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք կարող ենք խաղաղության հասնել Հարավային Կովկասում։ Մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների միջոցով»,- Իտալիայում միջազգային համաժողովի ժամանակ ասել է Ալիևը, փոխանցում է ադրբեջանական Report գործակալությունը։

Ադրբեջանի ղեկավարը նաև խոսել է սահմանազատման գործընթացի մասին՝ նշելով, որ դա «ճիշտ ուղղությամբ արված քայլ է»։

«Մենք արդեն հասել ենք սահմանազատման, նույնիսկ սահմանագծման գործընթացի մեկնարկին։ Այո, սա առաջին փոքր քայլն է. համաձայնեցվել է Հայաստանի հետ հազար կիլոմետր ընդհանուր երկարությամբ սահմանի ընդամենը տասներեք կիլոմետրանոց հատվածը։ Այնուամենայնիվ, սա ճիշտ ուղղությամբ արված քայլ է»,- նշել է նա։

Օգոստոսի 31-ին կայացած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի նախագծի 17 հոդվածից 13-ը։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ստորագրել այն հոդվածների տակ, որոնք արդեն համաձայնեցվել են՝ մյուսների քննարկումը թողնելով ապագային։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել