ՀՀ-ն շատ քայլեր է կատարել, նույնիսկ արել է ավելին օրենքի գերակայության և եվրոպական չափորոշիչների հաստատման ճանապարհին․ Քսավյե Բետել |armenpress.am|
15:44 - 09 սեպտեմբերի, 2024

ՀՀ-ն շատ քայլեր է կատարել, նույնիսկ արել է ավելին օրենքի գերակայության և եվրոպական չափորոշիչների հաստատման ճանապարհին․ Քսավյե Բետել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը շատ քայլեր է կատարել, նույնիսկ արել է ավելին՝ օրենքի գերակայության և եվրոպական չափորոշիչների հաստատման ճանապարհին։ Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամլո ասուլիսում ասել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը։ 

«Առաջին անգամ եմ այցելում տարածաշրջան և, մասնավորապես, Հայաստան։ Այցը կարևոր է առկա երկկողմ հարաբերությունները սերտացնելու և դրանց շարունակական բնույթ տալու առումով։ Տեսնում ենք, որ համագործակցության համար կա շատ մեծ ներուժ։ Անշուշտ, հիշարժան էր նաև պարոն Միրզոյանի այցը Լյուքսեմբուրգ՝ մեզ մոտ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն բացելու կապակցությամբ։ Ես ժամանել եմ Հայաստան ձեր երկրի համար կարևոր փուլում և իմ գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում համոզվեցի, որ գործ ունեմ մի մարդու հետ, ով իսկապես ցանկանում է լուծումներ տալ դժվարին իրավիճակներում։ Պատմական փորձրից ելնելով՝ պետք է նշեմ, որ Լյուքսեմբուրգը նախկինում նույնպես ունեցել է դժվար հարաբերություններ հարևան երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Բելգիայի հետ։ Հատկապես Գերմանիայի հետ հարաբերություններն ամենևին էլ հեշտ չեն եղել, բայց այսօր մենք անվտանգ միջավայրում ապրում ենք համերաշխությամբ և խաղաղությամբ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր»,- ասաց Բետելը։

Նա նշեց, որ իր մեծագույն ցանկությունն է նաև, որպեսզի հայերը ապրեն ապահով իրավիճակում և չվախենան հարևանի վարքագծից։ Նա առանձնահատուկ կերպով  շեշտեց, որ երբեք չի ընդունել և ապագայում էլ չի ընդունի ուժային մեթոդներով հարցեր լուծելու տարբերակը։  

«Յուրաքանչյուր ազգ պետք է ունենա խաղաղ պայմաններում ինքնադրսևորվելու հնարավորություն։ Երիտասարդները պետք է տեսնեն, որ Եվրամիությունը գլոբուսի հակառակ կողմը չէ, այլ ավելի մոտ է։ Այսօր Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնում ենք խաղաղության գործիքներով, վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի շուրջ բանակցություններ վարելով և այդ ամենը վկայում է ընդհանուր արժեքներ և նախագծեր ունենալու իրողությունը։ Ուզում եմ, որ իմանաք՝ մենք, որպես Եվրամիություն, պատասխանատվություն ենք կրում և չենք կարող հայ ժողովրդին պարզապես ասել, որպեսզի լոկ քայլեր կատարեն ինտեգրման ճանապարհին։ Անհրաժեշտ է, որպեսզի Հյաստանը կարգավորի հարաբերություններն իր հարևանների հետ։ Հնարավոր չէ անցյալը փոխել, բայց կարելի է դասեր քաղել պատմությունից՝ ապագան կերտելու համար։ Դա բոլորիս պարտականությունն է»,- ասաց դիվանագետը։ 

Բետելը հավաստիացրեց, որ իրենց պարտավորությունն է նաև նպաստել, որպեսզի հայ ժողովուրդն ապրի անկախ երկրում, առանց վախի մթնոլորտի և չհայտնվի այնպիսի իրավիճակում, որ ստիպված լինի կատարել դժվարին ընտրություն։ Ըստ նրա՝ հայ ժողովուրդը պետք է ունենա իր ընտրած ուղին, այլ ոչ թե անցնի ուրիշների կողմից նախանշված ճանապարհով։  

«Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունը նույնպես ցույց է տալիս երկուստեք նույն նպատակին հասնելու հանձնառությունը։ Մենք ունենք ընդհանուր օրակարգեր։ Շուտով կլինեն տարաբնույթ այլ հանդիպումներ։ Մենք հավատում ենք երկխոսության ուժին։ Վաղը ներկա կլինեմ նաև «Երևանյան երկխոսություն» համաժողովին, որտեղ կհանդիպեմ նախկին և ներկա գործընկերներիս հետ։ Ձեր երկիրն իսկապես ցույց է տալիս, որ կարող է երկխոսությունների ու մտքերի փոխանակման համար լինել բաց և կարևոր հարթակ։ Համատեղ օրակարգերի առկայությունը կարևոր է, բայց գործընկերների հանդեպ վստահություն ցուցաբերելն ավելի կարևոր է»,- եզրափակեց Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը։   

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել