Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես՝ երկուստեք կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը և ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ուղենիշային ծրագրերի արդյունավետ իրականացումը: Զրուցակիցները առանձնակի ընդգծել են ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը:
Հանդիպումներից հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը հանդես են եկել հայտարարություններով՝ ազդարարելով ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարության մեջ նշված է
«Հարգարժա՛ն պարոն Սխինաս,
Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում:
Համոզված եմ, որ Ձեր այցը Հայաստան նոր խթան կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Ուրախ եմ արձանագրել, որ այսօր մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության առաջնահերթությունների և դրանց ուղղությամբ առաջիկա անելիքների վերաբերյալ:
Մեր երկկողմ հարաբերությունները երբեք այսքան ինտենսիվ չեն եղել, ինչպես վերջին տարիներին՝ ընդգրկելով համագործակցության առանցքային ուղղությունները:
Գոհունակցությամբ ենք արձանագրում, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը համալրվել է նոր կարևոր բաղադրիչներով՝ քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկով և Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմամբ։
ԵՄ կողմի հետ ներկայումս բանակցում ենք ավելի հավակնոտ և ընդգրկուն Գործընկերության առաջնահերթությունների նոր օրակարգը և Դիմակայունության ու աճի ծրագիրը՝ միտված ընդլայնելու մեր համագործակցության հորիզոնները ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և սոցիալ-տնտեսական կայունության ապահովման ուղղություններով:
Բնականաբար, մենք շարունակում ենք հետևողական աշխատանքներ իրականացնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման ուղղությամբ՝ կարևորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը որպես մեր բարեփոխումների օրակարգի անբաժանելի մաս։
Հատկանշական է նաև ՀՀ-ԵՄ ներդրումային ծրագրերի համակարգման մեր համատեղ հարթակի գործունեությունը, որը հնարավորություն է տալիս ապահովելու ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ուղենիշային ծրագրերի արդյունավետ իրականացումը:
Այս համատեքստում շնորհակալություն ենք հայտնում եվրոպական կողմին Հայաստանի համար կենսական կարևորություն ներկայացնող ենթակառուցվածքների զարգացման գործում ունեցած ներդրման համար՝ ակնկալելով այդ ուղղությամբ շարունակական փոխգործակցություն:
Կարևորում ենք նաև Եվրոպական միության աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը նպատակ ունի ապահովելու տարածաշրջանի կայուն զարգացումը:
Ինչպես գիտեք, Եվրոպական միության խորհուրդը սույն թվականի հուլիսի 22-ին ընդունել է Հայաստանի համար երկու կարևոր որոշումներ՝ «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակներում Հայաստանին աջակցության տրամադրման և մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ:
Այս որոշումները կարևոր քայլեր են ԵՄ-ի հետ գործընկերությունն առավել խորացնելու և համագործակցության մեխանիզմները ընդլայնելու մեր հանձնառությունների համատեքստում:
Հայաստանը մեծապես կարևորում է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը՝ միաժամանակ գիտակցելով, որ վերջնանպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևողական և հասցեական աշխատանք:
Մենք այս գործընթացին իրապես վերաբերվում ենք որպես միգրացիայի, մարդկանց տեղաշարժի և սահմանների կառավարման ոլորտների արդիականացման ռազմավարական օրակարգի:
Եվ այսօր մենք պաշտոնապես ազդարարում ենք մի գործընթացի մեկնարկ, որի վերջնարդյունքում հնարավոր կլինի հասնել ԵՄ կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացմանը։
Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության Կառավարության հանձնառությունը Եվրոպական հանձնաժողովի հետ առաջ շարժվելու երկկողմ օրակարգով նախանշված անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհով՝ ուղղված Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:
Ավարտելով խոսքս՝ բոլորիս շնորհավորում եմ ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի կապակցությամբ և մաղթում արդյունավետ աշխատանք»:
comment.count (0)