Պետք էր կրակե՞լ ԱԹՍ–ի ուղղությամբ թե՞ պատսպարվել․ լարված դատական նիստ Անդրանիկ Վերանյանի գործով
23:15 - 09 սեպտեմբերի, 2024

Պետք էր կրակե՞լ ԱԹՍ–ի ուղղությամբ թե՞ պատսպարվել․ լարված դատական նիստ Անդրանիկ Վերանյանի գործով

Ավելի քան մեկամսյա դադարից հետո Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Մեղրիի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի գործի քննությունը։

Վերանյանը մեղադրվում է այն բանի համար, որ չնայած հակառակորդի անօդաչու թռչող սարքի առկայությանը՝ զորամասի ինժեներասակրավորային վաշտի պատսպարված անձնակազմին երթը շարունակելու հրաման է տվել, ինչից րոպեներ անց ԱԹՍ–ն հարվածել է մեքենային։ 18 զինծառայող զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ինժեներասակրավորային (այսուհետ ԻՍՎ) ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ այրվող մեքենայում գտնվող շարքային զինծառայող Ա․ Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը։ Վերջինս էլ դեպքից հետո հանցագործության մասին հաղորդում է ներակայացրել։

Դեպքը տեղի է ունեցել 2020 թ․ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում։ Մեղրիի զորամասի անձնակազմը, որ հոկտեմբերի 4-ին Արցախի Արծվաշեն գյուղում տեղակայվելու խնդիր էր ստացել, հոկտեմբերի 5-ից մինչ 8-ը մարտական գործողությունների մեջ է եղել եւ ի սկզբանե խնդիր չի ունեցել Ջրական մեկնելու։ Զորամասի հրամանատարի մյուս տեղակալ, փոխգնդապետ Դավիթ Հարությունյանի վկայությամբ, սակայն, իրավիճակը փոխվել է ՄՈԲ–ի փախուստի պատճառով․ «Մենք այդ օրը չպիտի գնայինք․․․ Եթե իրենք տեղում լինեին, էս էրեխեքն էսօր ողջ կլինեին»,– դատարանում հայտարարեց Հարությունյանը։

Նրա հարցաքննությունը անցավ լարված մթնոլորտում․ պարբերաբար բարձրացող աղմուկի պատճառով դատարանը սանկցիա կիրառեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ՝ նրանցից 3-ին հայտարարելով նկատողություն, 1-ին՝ հեռացնելով նիստերի դահլիճից։

Ո՞վ է իրականացրել անձնակազմի ղեկավարումը

Փոխգնդապետ Դավիթ Հարությունյանը պատմեց՝ քանի որ զորամասի հրամանատարը վիրավորվել էր, բոլոր հարցերը տեղակալներով իրար մեջ էին բաժանում եւ միասին կազմակերպում։ Ըստ այդմ, Անդրանիկ Վերանյանին տրվել է հետեւյալ խնդիրը․ ստորաբաժանմանը ժամանակին բաց թողնել գյուղից, չխախտել որոշված արագությունն ու իրար միջեւ ընկած հեռավորությունը եւ հետ մնացած ստորաբաժանումներին հավաքելով՝ ամենավերջից գալ դեպի մարտական գործողությունների շրջան։

Նրա խոսքով՝ դեպի նախանշված վայր շարժվել են շարասյունով, որի մեջ եղել է ոչ պակաս, քան 20 մեքենա։ Ընդ որում, հստակ էր հերթականությունը, թե որ ստորաբաժանումը երբ պիտի շարժվեր եւ ում հետեւից․ «Հաշվի առնելով հակառակորդի ինտենսիվ կրակը՝ որոշում է կայացվել ստորաբաժանումների միջեւ հեռավորությունը մեծացնելու․ նպատակը այն էր, որ հակառակորդը մեզ չհայտնաբերեր որպես շարասյուն»,– բացատրեց վկան։

Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը

Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը հետաքրքրվեց՝ զորքի ղեկավարումը միանձնյա՞ թե՞ խմբային իրականացվող գործընթաց է։

– Միանձնյա, եթե կա հրամանատար,– պատասխանեց վկան։

– Իսկ եթե չկա՞։

– Ֆորսմաժորային իրավիճակները գրքերում, որպես այդպիսին, չկան, եւ այնպես չէ, որ հնարավոր է լինում միշտ կանոնագրքերով շարժվել։ Եթե դրանով շարժվեինք, ստորաբաժանումների միջեւ հեռավորությունը չմեծացնեինք, գուցե էդ անձնակազմը ընդհանրապես չլիներ։

– Դուք հրամանատար եք, պարտավոր եք շարժվել օրենքով։ Պարտականությունները իրար մեջ բաշխելու ձեւաչափ եղե՞լ է։

– Ըստ Կանոնադրության՝ ոչ, բայց նորից եմ նշում՝ ոչ բոլոր իրավիճակներն են համապատասխանում կանոնագրքին։ Եթե համապատասխանեին, ես Մեղրիի զորամասից ընդհանրապես չպիտի հասնեի Ջրական,– նշեց վկան։

Ի՞նչ հրահանգավորում է եղել օդային հարձակման վերաբերյալ

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ երբ մի քանի մեքենայով հասել են նախանշված վայր եւ սկսել խրամատավորվել, իր հետ կապ է հաստատել Անդրանիկ Վերանյանը եւ հայտնել, որ ԻՍՎ–ի մեքենան խոցվել է։ Ինքն էլ ենթադրել է, որ շարասյունը, որպես այդպիսին, հայտնաբերվել է․ «Քանի որ ԻՍՎ–ի մեքենան շարասյան մեջ 7-8–րդ մեքենան պիտի լիներ, խնդիր դրեցի, որ մյուս բոլոր ստորաբաժանումներն առաջ չգան, թողնեն մեքենաները եւ պատսպարվեն։ Ես վստահ էի, որ ԻՍՎ-ն խոցվել է շարասյան մեջ, իսկ այդ դեպքում բոլորը կխոցվեին»,– ասաց նա։

Ձախից՝ պաշտպան Նարեկ Գրիգորյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը

Սակայն օրեր անց՝ հոկտեմբերի 10-ի մոտակայքում, Հարությունյանը տեղեկացել է, որ ԻՍՎ–ի մեքենան եղել է իրենից ոչ թե 7-8 մեքենա հետ, այլ 40 կմ հետ՝ շարասյունից դուրս․ «Երթից առաջ ինձ կամ ինձ հայտնի մարդկանց ԻՍՎ ղեկավար կազմը հարց չէր բարձրացրել, որ ունեն վառելիքի խնդիր, իսկ հետագա հարցուփորձի ընթացքում նշվել է, որ մեքենան դուրս է եկել շարասյունից լիցքավորում կատարելու համար․․․ Եթե նույնիսկ ԻՍՎ–ն հետո ուզեր դուրս գալ եւ հասնել շարասյանը, չէր կարողանա, որովհետեւ նախ ոչ ոք տեղամասին ծանոթ չէր, ուղղակի գիտեին ուղղությունը, հետո էլ շարասյունն արդեն հասել էր առաջնագծի վայր»։

Նրա խոսքով՝ քանի որ ինքն էլ ճանապարհը չի իմացել, իրեն՝ որպես առջեւից գնացողի, ուղեկցել է սպա Արտակ Մաղսուդյանը, որը, սակայն, Իշխանաձորի տարածքից լքել է իրենց՝ ձեռքով–ոտքով բացատրելով մնացած ճանապարհը։ Թե ինչ պատճառով եւ ուր է նա գնացել, վկան չգիտեր․ «Պլանշետով բացել եմ քարտեզը, տեսել եմ, որ դա հանդիսանում էր հիմնական ճանապարհ, եւ քանի որ հակառակորդը խոցում էր հիմնական բոլոր ճանապարհները, որոշել եմ անձնակազմին այլ ճանապարհով դուրս բերել։ Որպեսզի բարձր արագությունը պահպանվի եւ ոչ ոք չմոլորվի, ամեն կասկածելի տեղում իմ հետեւից եկող հետախուզական վաշտից մեկական զինվոր իջել է, ապահովել զորքի արագ անցումը»։

Մեղադրող Հայկ Մարգարյանը հետաքրքրվեց՝ մինչ մեկնելը ի՞նչ հրահանգավորում է եղել օդային հարձակման վերաբերյալ։ Ի պատասխան վկան հայտնեց․ «Մինչեւ պատերազմական գործողությունը խնդիրը դրվել էր այն ձեւով, որ օդային հարձակման դեպքում պետք է մեծացնել մեքենայի արագությունը, քանի որ ԱԹՍ–ն մեծ արագությամբ մեքենաներին չէր հարվածում (մենք 50-60 կմ/ժ–ից ոչ պակաս ենք վարել), բայց ընդունված էր նաեւ, որ եթե հնարավոր չէր բարձր արագությամբ վարել, ուրեմն՝ պիտի դուրս գալ մեքենայից եւ կրակել ԱԹՍ–ի վրա․․․ Ես եմ պտտվել բոլոր ստորաբաժանումներով, դուխ տվել մեր տղերքին, հրահանգավորել․․․ Սակայն հոկտեմբերի 5-ին, երբ մարտի դաշտում էինք, մի դեպք է եղել, երբ մեր ու Վայքի զորամասերի անձնակազմը սկսել է կրակել ԱԹՍ–ի վրա, ու դրա պատճառով մոտ 10 հոգուց ավելի զոհ ենք ունեցել (նոր անձնակազմի ամեն 4–րդ փամփուշտ լուսածրող էր, հետեւաբար եթե հակառակորդը նկատած էլ չլիներ, խմբով կրակելու դեպքում ԱԹՍ–ն տեղը հայտնաբերում էր ու խոցում)։ Դրա համար այս երթից առաջ՝ հոկտեմբերի 8-ին, ստորաբաժանումների ղեկավարներին խնդիր է դրվել ճանապարհին մեծացնել արագությունը (քանի որ ճանապարհը մեծամասամբ հարթավայր էր) եւ խուսափել ԱԹՍ–ի հետ հանդիպելուց, իսկ ԱԹՍ–ի վրա կոնկրետ կրակ չբացել՝ այդ վատ փորձը հաշվի առնելով։ Նման ցուցում իջեցվել էր նաեւ ԳՇ պետի համապատասխան կարգադրությամբ»,– հայտնեց վկան՝ չհիշելով ցուցումի օրը։

Նրա այս հայտարարությունը զարմացրեց տուժողների իրավահաջորդներին․

– Ի՞նչ եք ասում․ 4-րդ տարին է՝ դատավարությունը գնում է, նման բան չի հնչել,– նշեցին զոհված զինծառայողների հարազատները։ 

Մեղադրողը խնդրեց բացատրել՝ ինչպե՞ս է, որ նախորդ դատական քննության ժամանակ՝ առնվազն մեկ տարի առաջ հարցաքննվելիս, նա ԳՇ պետի այդ կարգադրության մասին ոչինչ չի հայտնել։ Վկան բացատրեց՝ նախորդ նիստը այդտեղ ընդհատվել է, բացի այդ, քրեական այլ գործերի շրջանակում որոշ փաստաթղթեր վերանայել է, հավելյալ ուսումնասիրել։ Մեղադրողն արձագանքեց՝ դեպքին ականատես եւ ողջ մնացած 2 անձինք իրենց ցուցմունքում նման բան չեն նշել։

ԻՍՎ անձնակազմը եղե՞լ է երթի մեջ թե՞ ոչ

Մեղադրող Հայկ Մարգարյանը մեջբերեց Մարտական կանոնագրքի այն նորմը, ըստ որի՝  օդային հարձակման ժամանակ երթը, որպես կանոն, շարունակվում է․

– Արդյո՞ք հանգուցյալ Տարոն Նիկողոսյանը ճիշտ որոշում չէր կայացրել երթը չշարունակելով՝ այն դեպքում, երբ օրենքը թույլ է տալիս։

– Եթե ես ներկա չեմ եղել, չեմ կարող ասել՝ ճիշտ էր թե ոչ։ Եթե շարժվում ենք Կանոնագրքով՝ գրված է «որպես կանոն», այսինքն՝ չպիտի կանգնի, բայց լիքը բան կախված է իրավիճակից։

– Ոչ, «որպես կանոն»-ը նշանակում է, որ սա իմպերատիվ պահանջ չէ, այսինքն՝ կարող է եւ չշարունակվել։ Լավ, չեմ հարցնում՝ ճիշտ էր թե սխալ, Տարոն Նիկողոսյանի գործողությունը իրավաչա՞փ էր, իրավունք ունե՞ր նման որոշում կայացնելու։

– Ըստ Կանոնագրքի՝ երթը ստորաբաժանման կազմի տեղաշարժն է, այսինքն՝ մենակով երթ չի լինում։ Եթե ԻՍՎ–ն դուրս է եկել երթակարգից, բայց Դուք մեջբերում եք երթի կանոններ, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Եթե մեքենան երթի մեջ լիներ, կարող էի ասել, եթե երթի մեջ չէ, ուրեմն՝ երթ չի կատարում։

– Այսինքն՝ իր վրա չէի՞ն տարածվում Կանոնագրքի կաննոները։

– Չեմ կարող ասել։ Ոչ մի տեղ չկա գրված՝ եթե մենակ հայտնվել ես այդ իրավիճակում, ինչ պիտի անես, առնվազն ինձ հայտնի չէ,– պատասխանեց վկան։

Հարցաքննության ժամանակ քննարկման առարկա դարձավ նաեւ զոհված զինծառայողի հոր՝ Հարություն Օհանյանի դեպքի վայրում գտնվելու հանգամանքը։ Փոխգնդապետը հայտնեց, որ Օհանյանի՝ իր մեքենայով շարասյանը միանալու մասին իմացել է դեպքից օրեր անց միայն․ «Երբ հարցրել եմ՝ ո՞նց է, որ ԻՍՎ պետը ողջ է մնացել, քանի որ ինքն էլ պիտի այդ մեքենայում լիներ, նշվել է, որ նա գտնվել է զինվորի հոր մեքենայում»,– ասաց վկան՝ հավելելով, որ իրեն հայտնի չէ, թե ով է Օհանյանին որդուն տեսակցելու թույլտվություն տվել։

Ձախից՝ մեղադրող դատախազը, տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանը եւ մյուս ծնողները

Օհանյանը մանրամասնեց՝ երբ ինքը ժամանել է, վկան «Վիլիս»-ի մեջ քնած է եղել․ «Նրան զեկուցել են, նա էլ, քնած–քնած, հարցրել է՝ ով է, ինչ է, ասել են, ասել է՝ ճշտեք՝ ով է, թողեք գնա, տղերքը ճշտել են, տեսել են, որ ծնող եմ, դիվերսանտ չեմ, ուտելիքը իրենց աչքի դեմը հանել եմ, ինձ տարել են էրեխեքի մոտ»։

– Ես, ինչքան գիտեմ, մի քանի վկաներ դա ասել են, եւ արձանագրվել է, որ տեսել են՝ քնած եմ եղել, ուրիշից են թույլտվություն հարցրել։ Ոչ մի հրամանատար բարոյական առումով ծնողին չէր արգելելու որդուն տեսակցել, բայց դա չէր նշանակում, որ պիտի մեքենադ խոդ տայիր, ընկնեիր «Ուրալ» դեմից գնայիր,– վրդովվեց վկան։

– Բա գնայիր, հաց բերեիր, ես էի 3 կմ գնում, հաց բերում։ էդ էրեխեքը 3 օր հաց չէին կերել․․․ Դուք խաբար չեք եղել էդ էրեխեքից,– ի պատասխան՝ զայրացավ Հարություն Օհանյանը։

Կողմերին հանդարտեցնելու համար դատարանը ընդմիջում հայտարարեց։ 

Մեքենայի կայանած տարածքում զինամթերքի պահեստ կա՞ր թե՞ ոչ

Ցուցմունք տալիս վկա Հարությունյանը հայտնեց, որ ԻՍՎ մեքենան կայանվել է այն հատվածում, որտեղ գտնվում էր 1-ին բանակային կորպուսի զինամթերքի պահեստը՝ կուտակված մեծ թվով զինամթերքով։ Վկայի այս հայտարարությունը դարձյալ հարցեր առաջացրեց դատավարության մասնակիցների մոտ․

– Դուք անձամբ զինամթերք տեսե՞լ եք,– հարցրին նրանք։

– Տեսել եմ։ Ես անցնելիս գիտեի, որ այդտեղ զենքի պահեստ կա, դժվար չէ դա փաստաթղթերով ապացուցել․․․ Այդ «Ուրալ»–ը առաջին անգամ խոցվել է, երբ կանգնած է եղել պահեստի մոտ, երկրորդ անգամ՝ օրեր հետո՝ դարձյալ նույն տեղում, այսինքն՝ հավանականությունը մեծ է, որ հակառակորդի հիմնական նպատակը [եղել է] տվյալ զենքի պահեստը կամ խաչմերուկը․․․ Դա շատ կարեւոր խաչմերուկ էր․ մի կողմով տանում էր դեպի մատակարարման ուղիներ, մյուս կողմով՝ դեպի առաջնագիծ։

– Ես Ձեզ ճշտված ասում եմ՝ 1-ին բանակային կորպուսից  2021 թ ստացված տեղեկության համաձայն՝ հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկի հատվածում զինամթերքի պահեստ չի եղել, սա մեկ, եւ երկրորդ, 4-րդ բանակային կորպուսից ստացված գրության համաձայն՝ Իշխանաձոր գյուղի, մասնավորապես Ջրական տանող խաչմերուկի հատվածում զինամերթ, պայթուցիկ նյութեր կամ պահեստ լինելու վերաբերյալ տվյալներ հաշվառված չեն, տեսանելի են եղել զինամթերքի արկղեր, սակայն դրանց տեսակի եւ քանակի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Ձեր զորամասը 4–րդ բանակային կորպուսի ենթակայության տակ էր, իսկ խաչմերուկը՝ 1-ին։ Հիմա Դուք ո՞նց եք պնդում, որ զինամթերք է եղել։

– Պնդում եմ, որովհետեւ անձամբ եմ տեսել․․․ Ինչքան գիտեմ կա եւ փոխանցվել է տենց տեսանյութ, որտեղ երեւում է այդ ամենը։

– Չկա նման տեսանյութ, մենք ճշտել ենք բանակային երկու կորպուսներից։ Պահեստ չի եղել, այլ բան է, որ եղել են արկղեր։

– Եթե զինամթերքի արկղեր են, զինամթերքն էլ պահվում է արկղերում, հետեւաբար եթե արկղերը այդտեղ դարսված, կեսն էլ նավեսի տակ․․․ Ուրիշ ենթադրություն անել չի լինում․․․

– Կներեք, բայց «եթե կլոր է, ուրեմն՝ նարինջ է» տրամաբանությամբ չենք շարժվում․․․ Դա պաշտոնապես է ասվել, ենթադրությամբ չէ, իսկ արկղեր կարող էին բերել, դնել։

– Քանի որ տեղակայված են եղել արկղեր, ես 99 տոկոսով պնդում եմ,- ասաց վկան՝ նշելով նաեւ, որ բանակային կորպուսներից ստացված պատասխաններն իր համար հիմք չեն։

Դատավոր Սուրեն Խաչատրյանը

Նրա այս արտահայտությունը դարձյալ վրդովեցրեց դատավարության մասնակիցներին․ «Վկան պարբերաբար վկայակոչում է՝ կարող եք ճշտել, դժվար չէ ճշտել եւ այլն․․․ Ես հրապարակել եմ դատարանում հետազոտված պաշտոնական փաստաթուղթ, որտեղ սեւով սպիտակի վրա նշված է, որ տվյալ օրը տվյալ տարածքում զինամթերքի պահեստ չի եղել, իսկ վկան դատարանում ասում է՝ դա հիմք չէ։ Խնդրում եմ հաշվի առնել, որ խոսքը փոխգնդապետի մասին է, որը անտեսում է բանակային կորպուսների հրամանատարների գրած, ստորագրած փաստաթղթերը»,– դիմելով դատարանին՝ հայտարարեց դատախազ Հայկ Մարգարյանը։

Ինչու՞ անձնակազմը չէր բավականացնում

Ցուցմունք տալիս վկան ասաց, որ 30-40 կմ–անոց ճակատի վրա 1000 հոգուց ավելի չէին, իսկ հետեւի գյուղերում 40 հազարից ավելի «վայ զինվորականներ» էին, որոնք խնդիր չէին կատարում․ կամ փախչում էին, կամ հրաժարվում։

Դահլիճում գտնվողներին զայրացրեց վկայի հնչեցրած թիվը․

– Այդ 40 հազարը որ ասում ես, պատկերացնո՞ւմ ես՝ ինչ թիվ է։ Համ բանակին ես կպնում, համ ազգին։

– Երբ Հայաստանը պիտի կտրեին մեջտեղից, ազգից հետս 27 հոգի մարդ է եղել, էդ իմացեք․․․ Ես ազգին չեմ կպնում, ազգի շատ մարդկանց եմ կպնում, որոնք կարող էին գալ, էնտեղ կանգնելլ, որ մենք երկրորդ անգամ չգնայինք, քանի որ նոր էինք մարտից դուրս եկել, – ասաց վկան՝ մանրամասնելով, որ իրենց ժամանակ էր տրվել ոտքի կանգնելու համար, բայց առաջնագծում ստորաբաժանումների սակավության, փախուստների պատճառով առաջնագիծը համարյա թե դատարկ էր մնացել,– դրա համար հոկտեմբերի 9-ին կրկին մեզ խնդիր տրվեց, ասվեց, որ բավականին հանգիստ ուղղություն է, կրակոցներ չկան, պաշտպանության անցնելուն զուգահեռ հնարավորություն կլինի հանգստանալ, բայց փորձը ցույց տվեց, որ հենց հաջորդ օրը այդ ուղղությամբ պատերազմի ընթացքում երեւի երկրորդ գլխավոր հարվածն է հասցվել։

– Քո նման տղերքը մեր ճժերու գլուխը կերան,– լսվեց դահլիճից։

– Հոկտեմբերի 20–ին, երբ հակառակորդը հարձակվել է Մեղրիի վրա, իմ որոշումն է եղել ժամկետային կազմով գնալ ու փակել հակառակորդի ճանապարհը (քանի որ ՄՈԲ–ի վրա հույս դնել հնարավոր չէր), որ չմտնի Մեղրին գրավի, կպցնի Նախիջեւանին․․․ Ամսի 5-ի երեկոյան, երբ գումարտակը չէր կարողանում մարտ վարել, կրակը շատ էր ինտենսիվ, վիրավորներն էլ շատ էին, ես եմ գումարտակին իջեցրել ներքեւ, մի գումարտակի տարածքում՝ առաջնագծում, մենակով եղել, հետո ընթացքում եմ կանչել մոտս․․․ Եթե իմ մասին կարծիք եք ուզում, սա էլ՝ ի գիտություն․․․ Եթե ամեն մեկդ մի հոգու ցավ եք քաշում, իմացեք, որ 71-ն էլ իմ ցավն է․ ես ամեն մեռնողի հետ մեռել եմ, ամեն վիրավորի հետ՝ վիրավորվել,- նշեց փոխգնդապետ Դավիթ Հարությունյանը։

Նրա հարցաքննությունը կշարունակվի սեպտեմբերի 23-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել