Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը մեղադրանքը չի ընդունում․ հրապարակվեց 18 զինծառայողի զոհվելու գործով մեղադրական եզրակացությունը
22:01 - 03 նոյեմբերի, 2023

Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը մեղադրանքը չի ընդունում․ հրապարակվեց 18 զինծառայողի զոհվելու գործով մեղադրական եզրակացությունը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Իշխանաձոր գյուղի տարածքում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու հանգամանքների վերաբերյալ քրեական գործի քննությունը։

2020 թ․–ին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, այժմ՝ ՊՆ N զորամասի շտաբի պետ,  փոխգնդապետ  Անդրանիկ Վերանյանը մեղադրվում է  ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։

Այս քրեական գործը դատարանում է 2021 թ․–ի հունիսից։ Այն նախ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ապա՝ տեղափոխվել Երեւան եւ մակարգվել Երեւանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին։ Վերջինիս նախագահությամբ շուրջ 2 տարվա դատական քննությունը ավարտական փուլում էր, երբ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին։ Այժմ Սուրեն Խաչատրյանը 4-րդ դատավորն է, ում մակագրվել է այս գործը։

Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ դատավորի փոխարինումից հետո դատական վարույթը վերսկսվում է, որպեսզի նոր դատավորը անմիջականորեն հետազոտի բոլոր ապացույցներն ու նյութերը։ Այնուհանդերձ, դատական պրակտիկայում պատահել են նաեւ դեպքեր, երբ արդարադատության շահով պայմանավորված՝ գործի քննությունը շարունակվել է ընդհատված տեղից՝ այն ողջամիտ ժամկետներում ավարտելու համար։

Տուժող կողմը միջնորդեց գործի քննությունը շարունակել ընդհատված կետից

Նիստի սկզբում զոհված զինծառայող Արման Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը, դատարանին միջնորդեց գործի քննությունը ոչ թե սկսել սկզբից, այլ շարունակել ընդհատված տեղից․ «Ես բոլոր ծնողների անունից եմ միջնորդում, անցած դատերը ձայնագրվել են, խնդրում ենք, որ դատարանը ուսումնասիրի, եւ եթե հնարավոր է, շարունակի դատական նիստերը ընդհատված տեղից, որովհետեւ մենք հասել ենք էն փուլին, որ դատավորը գրեթե բոլոր վկաներին լսել էր․․․ Եթե հնարավոր է, շարունակենք, քանի որ 2 տարի է՝ սրա միջով անընդհատ անցնում ենք»,– ասաց տուժողի իրավահաջորդը։

Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը նշեց՝ հաշվի առնելով տուժող կողմի դիրքորոշումը եւ գործի ողջամիտ ժամկետում քննության սկզբունքը՝ միանում է միջնորդությանը։ Նրա խոսքով՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ դատակոչի ցուցակում ներառված բոլոր վկաներին, որոշներին նույնիսկ 2-3 անգամ հարցաքննել են, հետազոտել մի շարք փաստաթղթեր։

Պաշտպան Նորիկ Նորիկյանը

Ամբաստանյալ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նորիկ Նորիկյանն էլ ասաց, որ մեծ ուրախությամբ կկիսեին տուժողների դիրքորոշումը, սակայն այդպիսով կվտագեն արդարադատության բուն էությունը, քանի որ օրենսդրությունը նման հնարավորություն չի տալիս․ «Մենք,  իսկապես, միասին անցել ենք այս ճանապարհը, եւ ամեն անգամ ես ինքս տեսել եմ տուժողների ցավը, ողբերգությունը, ուղղակի այստեղ կվտանգենք արդարադատության բուն էությունը, որովհետեւ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը մեզ հնարավորություն չի տալիս․․․ Մի կողմից ունենք 18 երեխայի ողբերգական մահ, մյուս կողմից՝ Վերանյանի ճակատագրի հետ կապված խնդիր․․․ Ես պարզապես խնդրում եմ, որ փորձենք հնարավորինս արագ անել այս պրոցեսը»,– ասաց պաշտպանը։

Մեղադրողն արձագանքեց՝ Քրեական դատավարության նոր օրենսգրքում, այո, առկա է գործի քննությունը «սկսվում է նորից» ձեւակերպումը, սակայն հաշվի առնելով, որ այս քրեական գործը դատարան է ուղարկել նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց առաջ՝ այն պետք է քննվի համաձայն Քրեական դատավարության հին օրենսգրքի, որում նշված է «վերսկսվում է» ձեւակերպումը։ Դա, ըստ մեղադրողի, նշանակում է, որ օրենքն իրենց չի արգելում շարունակել քննությունը ընդհատված տեղից։ 

Դատավոր Սուրեն Խաչատրյանը

Լսելով կողմերին՝ դատավոր Սուրեն Խաչատրյանն ասաց, որ ամբողջությամբ ընկալելի է տուժող կողմի՝ գործի քննությունը ողջամիտ ժամկետում ավարտելու ակնկալիքը, սակայն դատարանը կայացրել է գործի քննությունը վերսկսելու որոշում, ինչը ենթադրում է, որ այն պետք է սկսվի սկզբից։ Ըստ դատավորի՝ որքան էլ ինքը կասկածի տակ չդնի այլ դատարաններում գործի քննության որակը, միեւնույն է, առանց անմիջական հետազոտման եւ այլ դատարաններում հետազոտված ապացույցների հիման վրա կայացված դատավճիռը չի կարող արդարացիության համոզմունք առաջացնել։ Ուստի դատարանը մերժեց միջնորդությունը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ միջոցներ կձեռնարկվեն գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու համար։

Հրապարակվեց Անդրանիկ Վերանյանի մեղադրական եզրակակցությունը

Հաջորդիվ հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Ըստ այդմ, պարզ դարձավ, որ Վերանյանը 2020 հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացել է զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորական վաշտի (այսուհետ՝ ԻՍՎ) անձնակազմի ժամանակավոր տեղակայման վայրից՝ Արցախի Արծվաշեն գյուղից Ջաբրայիլի տարածք տեղափոխելու հրաման, նույն հրամանի համաձայն՝ պատասխանատու եղել ենթակարգից որեւէ մեկի դուրս չմնալու եւ հետ չընկնելու համար։

Իշխանաձոր գյուղի տարածքում նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում՝ Վերանյանն իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին եւ հարցրել, թե ինչու անձնակազմը չի տեղաշարժվում։ Վերջինս պատասխանել է՝ պատճառն այն է, որ օդում լսվում է անօդաչու թռչող սարքի (այսուհետ՝ ԱԹՍ) ձայն։

Ըստ մեղադրանքի՝ Վերանյանը, անձամբ լսելով ԱԹՍ–ի ձայնը, տրված հրամանը ժամանակին կատարելու, ինչպես նաեւ ոչ մեկին ենթակարգից դուրս չթողնելու, իր առջեւ դրված խնդիրը կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Տարոն Նիկողոսյանին հրամայել է ԱԹՍ–ից պատսպարված անձնակազմին ամեն դեպքում նստեցնել մեքենա եւ շարունակել երթը։ Վաշտի հրամանատարը կատարել է հրամանը։

Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը

10-15 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են։ Նրանք են կապիտան Տարոն Նիկողոսյանը, ավագ լեյտենանտ Ասատուր Շահնազարյանը, պայմանագրային սերժանտ Հայկ Մկրտչյանը, կրտսեր սերժանտ Էդգար Հայրապետյանը, շարքայիններ Արման Օհանյանը, Հրաչ Մահտեսյանը, Պավել Սահակյանը, Մանվել Ըռքոյանը, Արթուր Խաչատրյանը, Գեւորգ Ղուղանյանը, Արթուր Տիգրանյսն, Փայլակ Ղազարյանը, Արեն Կիրակոսյան, Արծրուն Առաքելյան, Սլավիկ Ազարյանը, Արման Հովակիմյանը, Արտաշես Խալաթյանը, Զավեն Հակոբյանը, զոհվել են։ Զինծառայողներից 1-ը՝ Արմեն Հակոբյանը, ստացել է մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ԻՍՎ ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ հիշյալ տուժողի իրավահաջորդ Հարություն Օհանյանը։ 

Ըստ մեղադրանքի՝ ավտոմեքենայի եւ դրանում եղած զենքերի այրման եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս:

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո Անդրանիկ Վերանյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Դատարանը սկսեց ապացույցների հետազոտումը

Լսելով կողմերի կարծիքները՝ դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հետեւյալ հաջորդականությունը․ նախ կուսումնասիրվեն գործում առկա գրավոր ապացույցները, այնուհետեւ կհարցաքննվեն տուժողները, նրանցից հետո՝ վկաները, եւ վերջում՝ ամբաստանյալը, եթե ցանկանա։

Քրեական գործի 6 հատորից 3-ի գրավոր ապացույցներն այսօր հետազոտվեցին։ Ի թիվս մի շարք որոշումների ու արձանագրությունների, դրանց թվում էր պաշտպանի կողմից ներկայացված մի քաղվածք՝ Մարտական կանոնադրությունից։ Դրանում մեջբերված էր Կանոնադրության հետեւյալ նորմը․ «Շարասյան վրա հակառակորդի օդուժի հարձակվելու դեպքում, որպես կանոն, երթը շարունակվում է»։

Մեղադրող Հայկ Մարգարյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այս նորմին․ «Հստակ գրված է՝ երթը որպես կանոն է շարունակվում։ Հայերենի եթե ոչ տարրական, ապա որոշակի իմացության պայմաններում բառերը պետք է մեկնաբանել այնպես, որ միանշանակ երթը շարունակելու մասին ուղիղ նշում չլինի, այսինքն՝ «որպես կանոն»–ը ենթադրում է որոշակի դեպքերում երթը չշարունակելու հնարավորություն»,– ասաց նա։

Պաշտպան Նորիկ Նորիկյանը հայտնեց, որ այս հարցը նախորդ դատարանում հանգամանալից վերլուծվել է, իրենք դրան կանդրադառնան դատաքննության հետագա փուլում։

Ավելի ուշ դատարանը հրապարակեց ՊՆ N զորամասի հրամանատարից քննիչին ուղարկված մի գրություն, որում դարձյալ մեջբերված էր Կանոնադրության հիշյալ նորմը, սակայն արդեն առանց «որպես կանոն» կապակցության։ Մեղադրողն ընդգծեց՝ գրությունը ուղիղ չի ցիտում Կանոնադրությունը։

Պատասխանելով քննիչի մի շարք հարցերի՝ նույն գրությամբ զորամասի հրամանատարը հայտնել է նաեւ, որ հոկտեմբերի 9–ի երթ կատարելու հրամանը տրվել է բանավոր՝ ժամանակի սղության եւ մարտական գործողությունների դինամիկայի արագ փոփոխության պատճառով։ Երթը կատարվել է հակառակորդի հետ մարտի մեջ մտնելու կանխատեսմամբ եւ մարտական իրադրության տվյալ պահին ու ժամանակին նշված տեղամասում պաշտպանության անցնելու համար։

Ըստ զորամասի հրամանատարի՝ երթի կատարման համար պատասխանատուն գնդի հրամանատարն է, որի կողմից կատարվել են պատսպարման գործողություններ, տեսանելիության սահմաններում իրականացվել է օդային դիտարկում, շարասյան շարժման ուղղության քողարկման եւ  հնարավոր  հարվածների ազդեցության նվազեցման համար մեծացվել է ստորաբաժանումների եւ մեքենաների միջեւ հեռավորությունը եւ այլն։

Ստացված գրության մեջ նշված էր նաեւ, որ հակառակորդի կողմից ԱԹՍ–ներ կիրառվել են ինչպես առաջնագծում, այնպես էլ խորքում։ Հիմանականում կիրառվել են իսրայելական եւ թուրքական արտադրության հետախուզական, հարվածային եւ հետախուզահարվածային ԱԹՍ–ներ։ Տվյալ օրը Իշխանաձորի երկնքում ԱԹՍ–ի հավանական կիրառման զեկույց տրվել է ԻՍՎ–ի մեքենայի խոցվելուց հետո։ Հարված հասցրած միջոցի վերաբերյալ կոնկրետ տվյալներ չկան, այն կարող է լինել ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզահարվածային։

«Տեղի ունեցածի առնչությամբ տվյալ պահին ծառայողական քննություն չի իրականացվել մարտական ակտիվ գործողությունների պառճառով, իսկ հետագայում դա դարձել է անհնար, քանի որ տվյալ տարածքը եւ մեքենան  մնացել են հակառակորդի հսկողության տակ»,– ընթերցեց դատավորը։

Հետազոտված ապացույցներում նաեւ պաշտպանական կողմի միջնորդությունն էր՝ ռազմագիտական, պայթյունատեխնիկական եւ հրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ։ Դեռ նախաքննության փուլում այդ փորձաքննությամբ պաշտպանն ակնկալում էր ստանալ մի շարք հարցերի պատասխաններ․  տվյալ իրադրության պայմաններում ո՞ր իրավական ակտի վրա կոնկրետ ի՞նչ այլ հրաման պետք է տար Անդրանիկ Վերանյանը, նրա տված հրամանը հակասո՞ւմ է արդյոք Մարտական կանոնադրության նորմերին, հրաման տալու պահին արդյո՞ք զինծառայողները չեն գտնվել առավել վտանգավոր տեղանքում, եւ արդյո՞ք Վերանյանի գործողությունները միտված չեն եղել նրանց անվտանգությունը ապահովելուն։ 

Միաժամանակ պաշտպանը հետաքրքրվել է՝ թշնամու կողմից ՀՀ ԶՈՒ վերահսկողության ներքո գտնվող տարածքներ ուղարկվող ԱԹՍ–ները գտնվե՞լ են համապատասխան ստորաբաժանումների տեսադաշտում, արդյոք դրանք կարո՞ղ էին ոչնչացվել, եթե այո, ապա կոնկրետ ո՞ր ստորաբաժանման պարտականությունն է եղել դա, հրաման տալու պահին որքա՞ն է եղել ԱԹՍ–ի ձայնի լսելիությունը, եթե անգամ լսելի է եղել, անձնակազմը պե՞տք է ցրված լիներ շրջակայքում թե՞ ոչ, ինչպե՞ս պետք է բացազատված լիներ։ Մի շարք հարցեր էլ կապված էին մեքենայի թափքում բենզինի հավանական առկայության հետ։

Ապացույցի հրապարակումից հետո պաշտպան Նորիկ Նորիկյանն ասաց, որ այս հարցերի գերակշիռ մեծամասնության պատասխանները քրեական գործի նյութերում բացակայում են, եւ իրենք ակնկալում են, որ դատարանում կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները դրանք ստանալու համար։

Դատարանը հրապարակեց նաեւ Անդրանիկ Վերանյանի անձը բնութագրող փաստաթղթերը, որոնց թվում էին «Անբասիր ծառայության համար» երկրորդ եւ առաջին աստիճանի մեդալների, «Ծովակալ Իսակով» մեդալի, «Գարեգին Նժդեհ» մեդալի, «Մարտական ծառայության» մեդալի, «Զինված ուժեր 20 տարի հոբելյանական» մեդալի, «Վազգեն Սարգսյան» մեդալի, «Մայրական երախտագիտության» հուշամեդալի, «Հայրենիքի պաշտպանության համար ասպետաց Մեծն Տիգրան» մեդալի վկայականների պատճենները։

Վերանյանը ծնվել է 1982 թ․ հունվարի 18–ին, միայն ՀՀ քաղաքացի է, ստացել է բարձրագույն զինվորական կրթություն, ամուսնացած է, խնամքին ունի երկու անչափահաս երեխա, նախկինում դատված չի եղել։

Ապացույցների հետազումը կշարունակվի նոյեմբերի 17-ին։

 

Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել