Անհամապատասխանություններ Երևանի ավագանու մի շարք անդամների հայտարարագրերում
14:02 - 16 սեպտեմբերի, 2024

Անհամապատասխանություններ Երևանի ավագանու մի շարք անդամների հայտարարագրերում

«Ինֆոքոմը» ուսումնասիրել է Երևանի ավագանու անդամների հայտարարագրերը և պարզել, որ ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր խմբակցությունների մի շարք անդամների հայտարարագրերում կան անհամապատասխանություններ։

 

Ազգային առաջընթաց խմբակցություն

Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իոսիֆ Կուբատյանի եկամուտը 2023 թվականին կազմել է 2 մլն դրամ, իսկ ծախսը՝ 10 մլն 270 հազար։ 98 հազար դրամով էլ ավելացել են վերջինիս դրամական միջոցները։ Ստացվում է, որ տարվա ընթացքում նրա ծախսած ավելի քան 8 մլն դրամի ծագումն անհայտ է։ 

Իոսիֆ Կուբատյանին խնդրել էինք մեկնաբանել այս անհամապատասպանությունը։ Վերջինս  մեզ հայտնեց, որ դեռևս 2021 թվականին վաճառել էր Ռուսաստանի Դաշնությունում գտնվող իր բնակարանը, իսկ վաճառքից ստացված գումարը գտնվում էր ՌԴ-ում բնակվող ազգականի մոտ։ «Այդ գումարը ազգականս 2023 թվականին փոխանցել է ինձ: Հայտարարագրում այն արտացոլված չի, քանի որ տարվա սկզբին և տարվա վերջում այդ գումարն ինձ մոտ առկա չի եղել», - պատասխանում նշել է Իոսիֆ Կուբատյանը։

Եթե անգամ ֆիզիկապես այդ գումարն Իոսիֆ Կուբատյանի մոտ չի եղել, սակայն պատկանել է իրեն, այն պետք է հայտարարագրվեր որպես առկա դրամական միջոց։

2023 թվականի տարեկան հայտարարագիր պետք է ներկայացներ նաև Իոսիֆ Կուբատյանի կինը՝ Շուշան Ղևոնդյանը։ Վերջինս, սակայն, հայտարարագիր չի ներկայացրել։ Իոսիֆ Կուբատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չեն կարողացել լրացնել կնոջ հայտարարագիրը՝ կապված համակարգի տեխնիկական խնդիրների հետ։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ Շուշան Ղևոնդյանի՝ 2023 թվականի տարեկան հայտարարագիր ներկայացնելու անհնարինության կամ տեխնիկական խնդիրների վերաբերյալ Հանձնաժողովում տեղեկություն առկա չէ:

«Ազգային առաջընթաց» խմբակցության մեկ այլ անդամ Հայկ Գրիգորյանը 2023 թվականին գնել է տուն՝ 160 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, սակայն տարվա ընթացքում ստացել է ընդամենը 75 հազար դրամ եկամուտ Երևանի քաղաքապետարանից։ Տարվա սկզբին ունեցած դրամական միջոցները տարվա վերջի դրությամբ մնացել են անփոփոխ։  

Գրություն էինք ուղարկել Հայկ Գրիգորյանին՝ խնդրելով պարզաբանել հայտարարագրում տեղ գտած տարբերությունները, որին վերջինս չի արձագանքել։

Նույն խմբակցության անդամ Սեդա Տեր-Մինասյանի եկամուտը 2023 թվականին կազմել է 303 հազար դրամ, մինչդեռ ավանդներն ու դրամական միջոցներն աճել են 978 հազար դրամով։ Այսինքն՝ շուրջ 675 հազար դրամի ծագումը չի արտացոլվում հայտարարագրում։

Սեդա Տեր-Մինասյանը ևս անպատասխան է թողել մեր գրությունը, որով խնդրել էինք պարզաբանել հայտարարագրի անհամապատասխանությունները։ 

«Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Տիգրան Պետրոսյանը 2023 թվականին ստացել է 33 մլն 957 հազար դրամ եկամուտ, ձեռք է բերել բնակարան 138 հազար ԱՄՆ դոլարով (ավելի քան 53 մլն դրամ), շուրջ 19 մլն հազար դրամով էլ նվազել են կանխիկ միջոցները։ Ստացվում է, որ ծախսված 305 հազար դրամի ծագումը չի արտացոլվում հայտարարագրում։

Տիգրան Պետրոսյանը ևս մեր գրությանը չի արձագանքնել։

 

«Հանրապետություն» խմբակցություն

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանի կինը՝ Լիլիթ Մուսեյանը, 2023 թվականին ձեռք է բերել հողամաս 12 մլն 316 հազար դրամ արժողությամբ։ Այդ տարի կատարել է այլ ծախսեր ևս.  10 մլն 815 հազար դրամ ուղղել է վարկի մարմանը, իսկ 14 մլն 669 հազար դրամ՝ այլ միանվագ ծախսի։ 2023 թվականին Լիլիթ Մուսեյանի եկամուտը կազմել է ընդամենը 25 542 դրամ, ունեցել է դրամական միջոցներ բանկային հաշիվներին, որոնք չի ծախսել։ Ստացվում է, որ վերջինիս ծախսած ավելի քան 37 մլն դրամի ծագումն անհայտ է։

Արտակ Զեյնալյանի նույն տարվա հայտարարագրի տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ վերջինիս 2023 թվականի եկամուտը կազմել է 47 մլն 748 հազար դրամ, դրամական միջոցները նվազել են 21 մլն 328 հազար դրամով։ Տարվա ընթացքում նա 70 հազար ԱՄՆ դոլար ավանդ է դրել, ևս 5 մլն 853 հազար դրամ էլ Արտակ Զեյնալյանը հայտարարագրել է որպես ծախս։ 

Ստացվում է, որ Արտակ Զեյնալյանն իր միջոցներից միայն շուրջ 36 մլն դրամ կարող էր օգտագործել ընթացիկ ծախսերի, այդ թվում՝ ընտանիքի անդամներին գումար տրամադրելու համար։ Հետևաբար, եթե նույնիսկ դիտարկենք, որ Լիլիթ Մուսեյանի՝ հայտարարագրով չպարզաբանվող ֆինանսական միջոցները տրամադրել է ամուսինը՝ Արտակ Զեյնալյանը, կստացվի, որ նրանց ընտանիքը շուրջ 1 մլն դրամ ավելի է ուղղել ֆինանսական միջոցների աճին կամ ծախսերին, քան կարող էր իրեն թույլ տալ հայտարարագրված եկամուտներով։ 

Սրանից բացի, Արտակ Զեյնալյանի հայտարարագրի համաձայն՝ 2023 թվականին կինն իրեն նվիրատվության կարգով տրամադրել է 28 հազար ԱՄՆ դոլար և շուրջ 1 400 եվրո։ Այս նվիրատվությունները կատարելու փաստի, ինչպես նաև դրանց ծագման մասին տեղեկությունները ևս բացակայում են Լիլիթ Մուսեյանի հայտարարագրից։

«Ինֆոքոմը» գրություն էր ուղարկել Արտակ Զեյնալյանին՝ խնդրելով պարզաբանել հայտարարագրերի անհամապատասխանությունըլ։ Վերջինս մեր գրությանը չի պատասխանել։

 

Քաղաքացիական պայմանագիր խմբակցություն

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Սարգսյանի ամուսնու՝ Վահե Հայրապետյանի եկամուտը 2023 թվականին կազմել է 1 մլն 920 հազար դրամ։ Մինչդեռ նույն տարում նրա դրամական միջոցներն աճել են ավելի քան 14 մլն դրամով։ Նախորդ տարի Վահե Հայրապետյանն անշարժ կամ շարժական գույք չի վաճառել, աշխատավարձից բացի այլ աղբյուրներից եկամուտ չի հայտարարագրել։ Ստացվում է, որ նրա ունեցած ավելի քան 12 մլն դրամի ծագումն անհայտ է։ 

Լուսինե Սարգսյանի նույն տարվա հայտարարագրի տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ վերջինիս 2023 թվականի եկամուտը կազմել է 3 մլն 701 հազար դրամ, իսկ դրամական միջոցներն աճել են 486 հազար դրամով։ Այսինքն՝ Լուսինե Սարգսյանն իր միջոցներից միայն 3 մլն 215 հազար դրամ կարող էր օգտագործել ընթացիկ ծախսերի, այդ թվում՝ ընտանիքի անդամներին գումար տրամադրելու համար։ 

Գրություն էինք ուղարկել Լուսինե Սարգսյանին՝ խնդրելով պարզաբանել հայտարարագրերի անհամապատասխանությունները։ Վերջինս, սակայն, մեզ չի պատասխանել։

 

Մայր Հայաստան խմբակցություն

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի եկամուտը 2023 թվականին կազմել է 882 հազար դրամ, մինչդեռ դրամական միջոցներն աճել են 2 մլն 116 հազար դրամով։ 1 մլն 234 հազար դրամի ծագումն անհայտ է։ 

Գրիգոր Իսկանդարյանը մեր գրությանն ի պատասխան հայտնել է, որ նախորդ տարի երեխայի ծնունդով պայմանավորված հարազատները կանխիկ գումարներ են նվիրել իրեն, որը չի հայտարարագրել։ Այդ միջոցները, սակայն, ևս ենթակա են հայտարարագրման։

2023 թվականին հայտարարագիր պետք է ներկայացներ նաև Գրիգոր Իսկանդարյանի կինը՝ Ռեբեկա Առաքելյանը։ Վերջինս հայտարարագիր չի ներկայացրել։ Գրիգոր Իսկանդարյանը մեզ հայտնեց, որ կինը դեռևս չի ներկայացրել տարեկան հայտարարագիր, քանի որ վերջինիս որոշ փաստաթղթեր՝ կապված տան սեփականության վկայականի, հողի սեփականության վկայականի հետ և այլն, գտնվում են Արցախում։ 

«Մայր Հայաստան» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը 2023 թվականին եկամուտ չի հայտարարագրել։ Տարվա սկզբում ունեցել է 10 հազար եվրո և 45 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար, որոնք տարվա վերջում մնացել են անփոփոխ։

Զարուհի Փոստանջյանին գրությամբ խնդրել էինք արձագանքել, թե ինչ միջոցներով է կատարել ընթացիկ ծախսեր, եթե եկամուտ չի ստացել։ Վերջինս մեր գրությունը թողել է անպատասխան։

Ինչպե՞ս են առանց եկամուտ ստանալու ընթացիկ ծախսեր արել, ինչպե՞ս են ունեցած միջոցներից ավելի շատ ծախսել կամ ինչու՞ ընտանիքի անդամները հայտարարագրեր չեն ներկայացրել․ այս հարցերի պատասխանները ստանալու համար գրություններ ենք ուղարկել հայտարարագրերում էական խնդիրներ, անհամապատասխանություններ ունեցող ավագանու 8 անդամի, որոնցից 6-ը չեն արձագանքել։ Պատասխաններ ենք ստացել միայն Ավագանու 2 անդամից՝ Իոսիֆ Կուբատյանից և Գրիգոր Իսկանդարյանից։

 

Լյուսի Մանվելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել