hetq.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցանկանում է վերականգնել Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները, որոնք հաստատվել էին նախորդ տարիներին՝ «մինչ այն պահը, երբ Երևանը ցանկացավ գնալ դեպի Արևմուտք»: Այդ մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Վատ չէր լինի, եթե մենք, ինչպես նախկինում, բոլոր թերություններով ու նրբություններով հանդերձ, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ։ Հավատացեք, մեր մեղքը դրանում բացարձակապես չկա։ Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք որպես մեզ ամենամտերիմ մարդկանց, օգնել ենք ամեն կերպ։ Բայց ահա, տեսնում եք. ուզում են գնալ Արևմուտք, ԵՄ»,- БелТА գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել չկորցնել ավանդական գործընկերների հետ բարեկամությունը: «Ամեն ինչ էլ պատահում է։ Բայց մի՛ կորցրեք այն, ինչ ունեք ձեր ձեռքերում։ <...> Մի՛ կորցրեք այդ բարեկամությունը, դա եղբայրություն է: Դա տնտեսության մեջ միասնական շուկա է, դա փոխադարձ օգնություն է։ Մի՛ կորցրեք այն, որովհետև դուք, կորցնելով այն, կարող եք այնտեղ ոչինչ չգնել»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ Հայաստանին ուրիշ ոչ մի տեղ չեն սպասում։ «Ինչ եք կարծում, Հայաստանին ինչ-որ տեղ սպասո՞ւմ են։ Ո՛չ մեզ, ո՛չ Հայաստանին, ո՛չ Ուկրաինային, տեսեք, մեր աչքի առաջ կլինի, ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում։ Ամեն մեկը զբաղված է իր հարցերով։ Եվ նրանք ցանկանում են իրենց խնդիրները լուծել ուրիշների հաշվին»,- եզրափակել է նա՝ հավելելով, որ հայերը «շուտով կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը»։
Վերջին շրջանում կտրուկ սրվել են Երևանի և Մինսկի հարաբերությունները։ Պատճառը Բաքվում Բելառուսի նախագահի այն հայտարարություններն էին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Մինսկը ցանկանում էր Ադրբեջանի հաղթանակն ու «իր տարածքային ամբողջականության վերականգնումը»։ Հայաստանի Հանրապետությունը Բելառուսից հետ կանչեց իր դեսպանին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր վարչապետության օրոք հայ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի այցելի այդ երկիր։
Իրավիճակը դարձյալ լարվեց օգոստոսի կեսերին, երբ Լուկաշենկոն հայտարարեց՝ «Ո՞ւմ են պետք հայերը՝ ռուսներից ու բելառուսներից բացի»: «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները, նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի մասնակցությամբ, ձվեր ու լոլիկներ էին նետել Երևանում Բելառուսի դեսպանության շենքի ուղղությամբ։ Այդ պատճառով Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել էր Բելառուսի ԱԳՆ։
Լուսանկարը՝ РИА Новости / Илья Питалев
comment.count (0)