factor.am: Ադրբեջանը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ Չեչնիայում ձերբակալված ադրբեջանցիների հետ կապված, որոնց հարկադրաբար ուղարկել են Ուկրաինայում պատերազմական գոտի։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
Հաղորդվում է, որ Մոսկվային նոտա է ուղարկվել Չեչնիայում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներ Նիհադ Ռզաևի, Էլհան Շիրինովի և Վուգար Մահերամովի հետ կապված։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Նիհադ Ռզաևը, ինչպես նաև նրա ազգականներ Էլխան Շիրինովը և Վուգար Մահերամովը, որոնք մայիսին մեկնել էին Չեչնիա աշխատանքի, կալանքի տակ են միգրացիոն փաստաթղթերի հետ կապված հարցերով։ Այս մասին հայտնել էր Նիհադի հայրը՝ Թոֆիգ Ռզաևը։ Նա դիմել էր լրատվամիջոցին՝ նշելով, որ զինվորականների ճնշման տակ փորձում են հարազատներին ստիպել փաստաթղթեր ստորագրել՝ Ուկրաինա կռվելու ուղարկելու համար։ Կապ էին հաստատել Էլխան Շիրինովի և Վուգար Մահերամովի հետ, որոնք գտնվում են Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի «Հյուսիսային Ախմատ» զորամասում։
Շիրինովը հայտնել է, որ մեկուսարանում իրենց ստիպել են փաստաթղթեր ստորագրել, և որ իրենց հետ, ընդհանուր առմամբ, հինգ ադրբեջանցի է պահվում։ «Հիմա ես ու Վուգար Մահերամովը զորամասում ենք, ևս երեք հոգի, այդ թվում՝ Նիհադը, բանտում են։ Ավելի վաղ այստեղ երկու ադրբեջանցու էին բերել։ Հավանաբար, նրանց էլ կստիպեն փաստաթղթեր ստորագրել։ Մեզ որպես միգրանտ են ձերբակալել փաստաթղթերի անհամապատասխանության պատճառով։ Մեկուսարանում մեզ առաջարկեցին բանակ գնալ, սակայն մենք հրաժարվեցինք։ Դրանից հետո մեզ ստիպեցին դատարկ թուղթ ստորագրել, և բավարար գիտելիք չունենալով՝ մենք ստորագրել ենք։ Հետո մեզ տեղափոխեցին այն զորամաս, որտեղ այժմ գտնվում ենք։ Ինչո՞ւ ես պետք է գնամ Ուկրաինա կռվելու»,- պատմել է Շիրինովը։
comment.count (0)