news.am: Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության գործադիր, օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախի համար նահատակված բոլոր հայրենակիցների համար։
Լրագրողների հետ զրույցում Սամվել Շահրամանյանն ասաց. «Այս օրը մեր հիշողություններում կմնա որպես օր, երբ տասը ամիս շրջափակումից, այնուհետև չորս ամիս լիակատար պաշարումից հետո ադրբեջանական կողմը դիմեց ռազմական ագրեսիայի, որի հետևանքով ունեցել ենք զոհեր, տուժածներ։ Այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցել մեր զոհերին, ովքեր իրենց կյանքի գնով պաշատպանել են մեր հայրենիքն ու իրենց ընտանիքները։
Սեպտեմբերյան իրադարձությունների՝ ռազմական գործողությունների, վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվել են, ստացել տարբեր վնասվածքներ, ինչը մեզ համար շատ ծանր հետևանքներ է ունեցել։ Ռազմական գործողությունների հետևանքով մեր բնակչությունը ստիպված է եղել լքել իրենց հայրենիքը։
Մենք մշտապես հիշելու ենք այն նվիրյալների անունները, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը, հնարավորություն ստեղծել, որպեսզի 100 հազարից ավելի բնակչություն հնարավորություն ունենա դուրս գալ շրջափակումից, խուսափել ավելի բարդ, մեզ համար ավելի ծանր հետևանքներից»։
comment.count (0)