Հայաստանի ռազմական բյուջեն աճում է մոտ 20 տոկոսով
 |civilnet.am|
13:31 - 26 սեպտեմբերի, 2024

Հայաստանի ռազմական բյուջեն աճում է մոտ 20 տոկոսով |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը խորհրդարան է ուղարկել 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Այն կառավարության նիստում հաստատվեց այսօր՝ սեպտեմբերի 26-ին։

Ըստ գալիք տարվա բյուջեի՝ Հայաստանի պաշտպանական ծախսերը կաճեն մոտ 20 տոկոսով։ Եթե այս տարի ռազմական բյուջեն 555 մլրդ դրամ էր, 2025-ին այն կկազմի ավելի քան 664 միլիարդ դրամ։ Ընդհանուր առմամբ պաշտպանական բյուջեն աճել է 110, 460 մլրդ դրամով։

Պաշտպանական գերատեսչությունն այս բյուջեն օգտագործելու է հինգ ուղղություններով, որոնցից հիմնականը ՀՀ պաշտպանության ապահովում ծրագիրն է։ Դրա շրջանակներում նախատեսվում են ՀՀ զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքաքսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսաապահովման պահանջների բավարարման ծախսերը։

ՊՆ-ի ծրագրերից է նաև «Ռազմաբժշկական սպասարկում և առողջապահական ծառայություններ»-ը, որի շրջանակում հատկացվելու է 1,4 միլիարդ դրամ։

«Ռազմական ուսուցում և վերապատրաստում» ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ուսուցում արտերկրի ռազմական ուսումնական հաստատություններում և ակադեմիաներում: 2025թ․ պետական բյուջեով նախատեսվել է 1,72 մլրդ դրամ։

«Միջազգային ռազմական համագործակցություն» ծրագրով 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 941,6 մլն դրամ, որի շրջանակներում կիրականացվի օտարերկրյա պետություններում ՀՀ ռազմական կցորդների և միջազգային կազմակերպություններում ռազմաքաղաքական և ռազմական ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորումը:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայություններ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 321 մլն դրամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել