Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողացել ծնկի բերել Կիևին ռազմի դաշտում ու նոր ուղիներ է փնտրում Ուկրաինային վնասելու համար, ներառյալ՝ ձմռանն ընդառաջ էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելը:
«Այսպես է Պուտինը պատրաստվում ձմռանը՝ հույս ունենալով տառապանքի ենթարկել միլիոնավոր ուկրաինացիների։ Պուտինը ցանկանում է այս ձմռանը թողնել նրանց մթության ու ցրտի մեջ՝ ստիպելով Ուկրաինային տառապել ու հանձնվել»,- ասել է Զելենսկին։
ՄԱԿ-ում քննարկվող հաջորդ թեման մերձավորարևելյանն է, և բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ կոչ են արել զինադադար հաստատել Լիբանանում ու Գազայի հատվածում:
Մեծ քսանյակի արտգործնախարարների հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է․ «Մերձավոր Արևելքում ինտենսիվ կերպով աշխատում ենք մի շարք գործընկերների հետ՝ Լիբանանում լարվածությունը թուլացնելու և հրադադարի համաձայնագիր ձեռք բերելու նպատակով, ինչն օգտակար կլինի բոլոր շահագրգիռ կողմերին»:
ՄԱԿ-ի համաձայն՝ մոտ 100 հազար լիբանանցիներ տեղահանվել են այս շաբաթ՝ «Հեզբոլլահի» կողմից վերահսկվող հարավային Լիբանանին Իսրայելի հասցրած ինտենսիվ ավիահարվածների հետևանքով: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ չորեքշաբթի առնվազն 51 լիբանանցի է սպանվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Իսրայելը հայտարարել է, որ խոցել է «Հեզբոլլահի» արձակած հրթիռը, որն ուղղված էր Թել Ավիվին:
Փարիզի առաջարկով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի ուշ երեկոյան արտահերթ նիստ է գումարել:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն հայտարարել է. «Չպետք է պատերազմ լինի Լիբանանում։ Լիբանանում պատերազմ չի կարող լինել: Ահա, թե ինչու կոչ ենք անում Իսրայելին դադարեցնել սրացումը Լիբանանում, իսկ «Հեզբոլլահը» պետք է դադարեցնի հրթիռների արձակումը Իսրայելի ուղղությամբ: Բոլոր նրանց, ովքեր աջակցում են նման քայլերին, կոչ ենք անում դադարեցնել այդ»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)