«Խաղողի տնկարկների ռեեստրը» դեռ չկա՝ չնայած 2017-ից խոսվում է այս մասին
19:31 - 28 սեպտեմբերի, 2024

«Խաղողի տնկարկների ռեեստրը» դեռ չկա՝ չնայած 2017-ից խոսվում է այս մասին

Անցյալ տարի «Ինֆոքոմն» անդրադարձել էր խաղողի մթերման գների անկման թեմային։ Կոնյակի սպիրտի արտահանման ծավալների նվազման արդյունքում ընկել էր խաղողի մթերման գինը, ինչի հետևանքով գյուղացիները սկսել էին քանդել իրենց այգիները։

Էկոնոմիկայի նախարարությունից դեռ անցյալ տարի մեզ հայտնել էին, որ խնդիրը կլուծվի  «Խաղողի տնկարկների ռեեստրը» ստեղծելուց հետո։ 

Դեռևս 2017 թվականին Ազգային Ժողովի նիստերից մեկում գյուղատանտեսության նախարար Իգնատի Առաքելյանը խոսել էր խաղողագործների ռեեստր ստեղծելու գաղափարի մասին։ 

Ռեեստրը ստեղծելու համար Էկոնոմիկայի նախարարության «Խաղողագործության և գինեգործության» հիմնադրամի հետ համատեղ 2020 թվականից սկսել են «Խաղողի տնկարկների ռեեստրի» ստեղծման աշխատանքները։ 

Հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել էր, որ ռեեստրի ստեղծման համար տվյալների 75%-ը արդեն հավաքագրված է։ «Կարծում եմ՝ 75 %–ը բավարար է, որպեսզի մենք արդեն իսկ ընթացք տանք հաջորդ փուլին։ Համակարգ ստեղծելուց հետո անընդհատ թարմացնելու ենք այն, և այդ մնացած մասը, որը բացակայում է, կավելացնենք»,- ասել էր Մուրադյանը։ 

Ըստ Հիմնադրամի տնօրենի՝ դեռ անցյալ տարի տեղեկատվական համակարգը ստեղծող ընկերության մրցույթ էր հայտարարվել։ Միևնույն ժամանակ, պլանավորվում էր օրենսդրական փոփոխություն մտցնել, պիլոտային համակարգը գործարկել տարածաշրջաններից մեկում.։ «…եթե պիլոտը հաջող ընթանա, կարծում եմ, որ 2025 թվականից կարող ենք արդեն տարածել բոլոր տարածաշրջանների համար»,- նշել էր Մուրադյանը։

Մոտ մեկ տարի անց՝ «Ինֆոքոմը» հետաքրքրվել է, թե  ինչ փուլում են գտնվում ռեեստրի գործարկման աշխատանքները, և ինչ արդյունքեր է գրանցել պիլոտային տարբերակը։ 

Հիմնադրամից պատասխանել են, որ ռեեստրը չի գործարկվել, քանի որ ծրագիրը դեռ պատրաստ չէ։ Հիմնադրամից հայտնել են նաև, որ այս տարվա մայիսից մեկնարկել է «Խաղողի տնկարկների ռեեստր» միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով գնման ընթացակարգը՝ Գնումների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ երկփուլ ընթացակարգով։ 

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու՞ է ուշացել Խաղողի տնկարկների ռեեստրի գործարկումը, նշենք, որ ռեեստրի գործարկման համար հստակ ժամկետ սահմանված չի եղել»,- նշված է պատասխանում։

 

Հեղինակ՝ Ջուլիետտա Հովհաննիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել