ԱԺ-ն մերժեց ընդդիմության առաջարկը․ արցախցիների կենսագործունեության պայմանների հարցով քննիչ հանձնաժողով չի ստեղծվի

 |factor.am|
11:11 - 02 հոկտեմբերի, 2024

ԱԺ-ն մերժեց ընդդիմության առաջարկը․ արցախցիների կենսագործունեության պայմանների հարցով քննիչ հանձնաժողով չի ստեղծվի |factor.am|

factor.am: ԱԺ-ը մերժեց բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը։ Հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես էին եկել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով՝ Արցախի հարցը փակված չէ, որովհետեւ Ադրբեջանը հակամարտությունն ավելի է խորացրել։

«Արցախի սուբյեկտայնությունը, նրա ժողովրդի սոցիալ-տնտեսական պայմանների պաշտպանությունը նպաստելու են Արցախի ժողովրդի արտագաղթի կանխարգելմանը։ Դա հետագայում հիմք կհանդիսանա նաև քաղաքական առումով Արցախի խնդրի առաջքաշման առումով։ Միջխորհրդարանական հանձնաժողովն այդպես էլ չգործեց, բայց այս հանձնաժողովը հնարավորություն կտա, որպեսզի պրոբլեմները վեր հանվեն, Արցախի ժողովուրդը համահավաք կերպով և իր բոլոր ավանդույթներով ապրի ՀՀ-ում, եւ դրանով նաև հիմք կստեղծվի հետագայում ողջ բանակցային գործընթացում Արցախի ժողովրդի վերադարձի համար»։

Քվեարկությունից առաջ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խորհրդարանական ընդդիմությունը իր պատգամավորական լիազորություններով օժտված է բոլոր լծակներով, որպեսզի անի հարցադրումներ, հարցապնդումներ և փորձի գտնել այն բոլոր փաստերը, կամ տեղեկությունները, որոնք մտահոգում են իրենց այս գործընթացների հետ կապված։

«Մենք էլ որպես Կառավարություն պատրաստ ենք աշխատելու խորհրդարանական ընդդիմության հետ բոլոր ֆորմատներում, այդ թվում նաև հանձնաժողովներում համատեղ աշխատանքի, այդ թվում նաև աշխատանքային խմբեր ստեղծելով, եթե դրա անհրաժեշտությունը կլինի։ Ի վերջո, խորհրդարանական ընդդիմությունը կարող է հարցապնդում ներկայացնել Կառավարությանը։ Այսինքն՝ կան բազմաթիվ գործիքներ, որոնցով խորհրդարանական ընդդիմությունը և Կառավարությունը կարող են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ։ Մենք երեկ լսելով հիմնական զեկուցողին չտեսանք փաստարկված հիմնավորում, թե ինչու են պետք էս հարցերի պատասխանները ստանալ հենց քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ։ Հիմնավորումները մեզ համար բավականաչափ փաստարկված չէին»,- նշեց նա։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն արձագանքեց, ապա 20 րոպե ընդմիջում առաջարկեց։ Ընդմիջումից հետո տեղի ունեցավ քվեարկությունը, որի արդյունքում 28 կողմ և 56 դեմ ձայներով նախագիծը մերժվեց։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել