ԲԴխ-ն դադարեցրեց դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները |factor.am|
12:22 - 04 հոկտեմբերի, 2024

ԲԴխ-ն դադարեցրեց դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երևանի քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները: Դատավորի վերաբերյալ վարույթն առնչվում է «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանի քրեական գործի հետ։

Մանուկյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ:

Ըստ միջնորդություն ներկայացրած Արդարադատության նախարարության՝ դատավոր Միսակյանը, գործը ստանալով 2021 թվականի մարտին, դատավճիռ է հրապարակել 2024-ի հունիսին, այսինքն՝ երկար է քննել գործը: Դատավոր Միսակյանը մինչ այս ևս 1 անգամ կարգապահական տույժի էր ենթարկվել՝ խիստ նկատողության, որը դեռևս մարված չէ, ուստի նրա նկատմամբ այս նոր գործով անգամ ամենամեղմ կարգապահական տույժ նշանակելը հանգեցնում է նրա լիազորությունների դադարեցման: Վահե Միսակյանը եղել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավորը, և 2024-ի մայիսի 31-ին արդարացրել է նրան։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի խնդրանքով՝ Խորհրդի աշխատակազմը համարվող Դատական դեպարտամենտը ուսումնասիրություն էր կատարել և 2024-ի փետրվարին ֆիլմ է հրապարակել Սերժ Սարգսյանի ու այլ հայտնի գործերի ձգձգման պատճառների վերաբերյալ՝ պնդում կատարելով այն մասին, որ Վահե Միսակյանը Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերի քննության տեմպն արագացրել է ԲԴԽ նոր ղեկավարության ժամանակ՝ 2023 թվականի հունվարից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել