news.am: Գլխավոր դատախազության դիմաց, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման աջակիցները, իրավիճակն ինչ-որ պահի լարվեց:
Ակցիայի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի խրտվիլակն էին բերել, սակայն ոստիկանները վերցրին, ինչի արդյունքում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ քաշքշոց սկսվեց:
Սրբազանը ոստիկանությանը կոչ արեց. «Էդքան մի տանջվեք, տղե՛րք, էս մարդը ձեզ էլ է հանձնելու, ինչպես հանձնեց Արցախի ձեր գործընկերներին»։
Լրագրողների հետ զրույցում շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ բերման ենթարկվածներ այս պահին չկան։
Ցուցարարներն իրենց հետ բերել էին մետաղադրամներ, որոնց մի կողմում Նիկոլ Փաշինյանի պատկերն է, մյուսում՝ Իլհամ Ալիեւինը: Նրանք մետաղադրամները նետեցին ոստիկանների ուղղությամբ:
Նշենք, որ շարժման անդամներն ու աջակիցները ՀՀ դատախազության շենքի մոտ հանդիպում են պահանջում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։ Բագրատ արքեպիսկոպոս Սրբազանը հայտնեց, որ Գլխավոր դատախազության ինչ-որ ներկայացուցիչ պատրաստ է եղել ընդունել իրենց ընդունարանում՝ առանց լրատվամիջոցներին։
«Թույլ տվեք չծիծաղել։ Սա ձև չէ շփման: Այս մարդիկ երես առ երես հանդիպելու դժվարություն ունեն, որևէ պաշտոնյա առաջին հերթին կոչում ունի իր կյանքն ապահովող քաղաքացիների գումարներից ստացած հասույթով հանդերձ այդ քաղաքացիներին պատասխան տալու»,-հայտարարեց սրբազանը՝ ընդգծելով որ գործերն այսպես թե այնպես ընդունարանում են հանձնելու ու այնտեղ որևէ մեկի կարիքը չկա։
Սրբազանը հավելեց, որ այսօրվա ընդունարանն այն տեղն է, որտեղ այս պահին բողոքի ակցիա է անցկացվում, իսկ ընդունողն էլ իրենք են։
«Հետևաբար, եթե պաշտոնյայի, ծառայողի գիտակցությունն ունեք, ուրեմն վար իջեք ու պատասխանը տվեք այն հարցրերի, որոնք մենք այստեղ ներկայացրել ենք։ Այս գործերն ուղղված են հենց ՀՀ գլխավոր դատախազին, ու նա հենց պետք է պատասխանի։ Մենք սպասում ենք հենց նրան»,– հայտարարեց Բագրատ սրբազանը։
Նշենք, որ «Սրբազան պայքար» շարժումը պահանջում է երկու քրեական գործ հարուցել, մեկը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մյուսը` ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման դեմ։
Հանցագործության մասին հաղորդումները փոխանցվել են Դատախազությանը, ակցիան ավարտվել է:
Լուսանկարը՝ «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքից
comment.count (0)