«Գազել»-ի՝ ողբերգական ելքով վթարման դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ
17:29 - 10 հոկտեմբերի, 2024

«Գազել»-ի՝ ողբերգական ելքով վթարման դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ

Հոկտեմբերի 9-ին Կոտայքի մարզում ուղևորափոխադրում իրականացնող «Գազել»-ի՝ ողբերգական ելքով վթարման դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ 

2024 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին Ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բոմբա» անվամբ ակումբի հարակից տարածքում մարդատար «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոց է կողաշրջվել, որի հետևանքով կան տուժածներ:

Պարզվել է, որ 2024թ․ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում «Գազել» մակնիշի՝ միջմարզային տրանսպորտ հանդիսացող և ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոմեքենան, դեպի Երևան ուղևորափոխադրում իրականացնելու ընթացքում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը։ Դրա հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ են ստացել և 3 տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել նշված տրանսպորտային միջոցի վարորդը և 7 ուղևորներ, որոնցից մեկը ճանապարհին մահացել է։ Եվս մեկ ուղևոր վթարի հետևանքով մահացել է տեղում։

Դեպքի առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձևավորվել է քննչական խումբ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում պարզվել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածում առկա տրանսպորտային միջոցից թողնված հետքերը, երթևեկելի հատվածից դուրս՝ ձորակում հայտնաբերվել է մեկ ուղևորի դի և «Գազել» մակնիշի ավտոմեքենան՝ գլխիվայր շրջված վիճակում:

8 ուղևորները ճանաչվել են տուժող, նրանց վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը պարզելու նպատակով նրանից վերցվել է արյան փորձանմուշ, որոշում է կայացվել դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին:

Նախաքննության ներկա փուլում, բուժհաստատություններից ստացված տեղեկատվության հիման վրա՝ առողջական վիճակով պայմանավորված, տուժողների հետ վարութային գործողություններ հնարավոր չի եղել իրականացնել:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում վթարի պատճառները, դրան նպաստած հանգամանքները պարզելու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել