Հայաստանն ազատ համացանց ունեցող երկիր է, բայց առկա է տեղեկատվական դաշտի բևեռացում. Freedom House |amerikayidzayn.com|
09:28 - 17 հոկտեմբերի, 2024

Հայաստանն ազատ համացանց ունեցող երկիր է, բայց առկա է տեղեկատվական դաշտի բևեռացում. Freedom House |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:Հայաստանում համացանցը ազատ է, բայց առկա են տեղեկատվական դաշտի բևեռացում, քաղաքական ճնշումներ ու ապատեղեկատվություն: Freedom House-ը հրապարակել է «Ազատությունը համացանցում» 2024 թվականի տարեկան իր զեկույցը՝ աշխարհի երկրներում համացանցի ազատության մակարդակի վերաբերյալ, ուր անդրադարձ կա նաև Հայաստանին

Հայաստանի առցանց միջավայրը շարունակում է մնալ բաց և այդ առումով բարելավվել է անցած տարվա ընթացքում, քանի որ կառավարությունը չի արգելափակել կայքեր կամ սոցհարթակներ՝ հայտնում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր «Ազատությունը համացանցում. վստահության համար պայքարը առցանց տիրույթում» վերտառությամբ զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում։ Հրապարակումը, սակայն, մատնանշում է, որ այնուամենայնիվ, որոշ դեպքերում կառավարությունը բերման է ենթարկել մարդկանց՝ իշխանությանը քննադատող առցանց հրապարակումների համար, իսկ որոշները դարձել են լրտեսական ծրագրերի թիրախներ:

Freedom House-ի զեկույցում ընդգծվում է, որ 21-րդ դարի առողջ ժողովրդավարությունը չի կարող գործել առանց վստահելի առցանց միջավայրի, որտեղ գերիշխում է ազատ արտահայտման և բազմազան տեղեկատվության հասանելիությունը:

Այս տարի Freedom House-ն իր զեկույցում, որը ներառում է 2023 թվականի հունիսի 1-ից մինչ 2024 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը, կրկին դասել է Հայաստանն ազատ համացանց ունեցող երկրների շարքին: 2024 թվականի զեկույցում երկիրը առաջ է անցել երկու միավորով՝ ստանալով 74 միավոր անցյալ տարվա 72-ի դիմաց: Հայաստանի միավորները բարելավվել են, քանի որ վերոնշյալ ժամանակահատվածում սոցմեդիա հարթակները և միջազգային չափանիշներով բովանդակություն պարունակող կայքերը չեն արգելափակվել:

Դրա հետ մեկտեղ` Հայաստանին վերաբերող զեկույցում Freedom House-ն արձանագրել է իշխանության կողմից գրաքննության և թվային ոլորտի վերահսկման դեպք:

Ըստ զեկույցի՝ «առցանց տեղեկատվական դաշտը Հայաստանում բևեռացված է, ենթարկվում է քաղաքական ճնշման և լի է ապատեղեկատվությամբ: Որոշ առցանց լրատվամիջոցներում լրագրողներին արգելվում է շեղվել խմբագրական քաղաքականությունից, որը որոշ դեպքերում կապված է քաղաքական կուսակցությունների կամ ուժերի հետ: Բանավեճի տեղիք է տվել վարչապետ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի դերակատարությունը որպես «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր»:

Նշված ժամանակահատվածում, ըստ զեկույցի, չեն գրանցվել կայքերի կամ սոցիմեդիա հարթակների արգելափակման դեպքեր՝ ի տարբերություն նախորդ շրջանների: Միևնույն ժամանակ՝ զեկույցն առանձնացրել է 2024 թվականի մարտին կառավարությանը քննադատող փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորման փաստը՝ խուլիգանության մեղադրանքով: Նրանց խափանման միջոց էր ընտրվել երկամսյա նախնական կալանքը՝ վարչապետ Փաշինյանին վիրավորող հրապարակումից հետո:

Զեկույցն անդրադառնում է նաև 2024 թվականի մայիսին «ՍիվիլՆեթի» բացահայտմանը, ըստ որի՝ «կառավարական ֆեյսբուքյան էջերը, այդ թվում՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի կողմից ղեկավարվող լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջը, կեղծ տեղեկություն է տարածել՝ նշելով, որ 2024 թվականի մայիսյան բողոքի ցույցերի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով քննադատում է Փաշինյանի կառավարությանը և Տավուշում սահմանամերձ գյուղերի փոխանցումը Ադրբեջանին, հանդիսանում է Կրեմլի գործակալ»։

Զեկույցում նշված է, որ 2023 թվականի դեկտեմբերին կառավարությունն ընդունեց ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների հայեցակարգը և գործողությունների ծրագիրը, որոնց նպատակն է ուժեղացնել պետական և մասնավոր հատվածի կարողությունները այս ուղղությամբ և խթանել մեդիա գրագիտությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել