Քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը կփոփոխվի. Վահե Ղազարյան
 |1lurer.am|
12:50 - 17 հոկտեմբերի, 2024

Քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը կփոփոխվի. Վահե Ղազարյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:

«Նախագծերի փաթեթի նպատակը քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունների թվայնացումն է, որը կապահովի վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը, ինչն էականորեն կբարելավի գործընթացների արդյունավետությունը և մատուցվող ծառայությունների որակը»,- ասաց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:

Նա նշեց, որ նախագծով սահմանվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգը:

«Նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու հնարավորությունը, որի պարագայում իրավասու մարմինը՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ստուգելու է դրանց ամբողջականությունը, ինչից հետո միայն դիմումատուն հնարավորություն է ստանում հերթագրվելու և փաստաթղթերն անձամբ ներկայացնելու լիազոր մարմին կամ օտարերկրյա պետությունում գործող համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, ընդ որում՝ հնարավորություն է ընձեռվում նաև քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիություն դադարեցնող անձի վերաբերյալ բոլոր տեսակի հարցումները համապատասխան այլ մարմիններին՝ ՊԵԿ, ՊՆ, Ոստիկանություն, ԱԱԾ և այլն, իրականացրել էլեկտրոնային եղանակով՝ էականորեն դյուրացնելով վարչարարությունը: Հաշվի առնելով անվտանգային հանգամանքների ստուգման և անձի առաջնային նույնականացման անհրաժեշտությունը, փաստաթղթերի անվտանգային հատկանիշների ստուգումը և այլն, փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դրույթը պահպանվում է: Սակայն նախատեսվող կարգավորումները ոչ միայն արագացնում են քաղաքացիության գործերի քննությունը, այլև պարզեցնում են վարչարարական գործընթացները»,- նշեց ՆԳ նախարարը:

Վահե Ղազարյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է վերանայել ՀՀ քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը: «Առաջարկվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը և սահմանել, համապատասխանաբար, 50 հազար և 150 հազար ՀՀ դրամ՝ համապատասխանաբար, 1000 և 25000 դրամի փոխարեն: Այս մասով գործող տուրքերի չափերը սահմանվել են 1997 թվականին և շուրջ 30 տարվա ընթացքում որևէ վերանայման չեն ենթարկվել»,- ասաց նա:

«Հատկանշական է, որ պետական տուրքի վերանայումն առաջարկում ենք չտարածել փախստականների, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ: Առաջարկվում է փախստականներին ազատել քաղաքացիության շնորհման դիմելու տուրքի վճարման պահանջից, ինչը դրականորեն կանդրադառնա թե՛ տվյալ անձանց, թե՛ ՀՀ միջազգային վարկի վրա»,- նշեց նախարարը:

«Օրենքն ուժի մեջ կմտնի ԱԺ-ի կողմից հաստատվելուց հետո 10 ամիս անց՝ պայմանավորված տեխնիկական նախապատրաստական աշխատանքներով»,- ասաց Վահե Ղազարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել