Բայդենն Ալիևին կոչ է արել այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը
 |1lurer.am|
13:41 - 21 հոկտեմբերի, 2024

Բայդենն Ալիևին կոչ է արել այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահը իր հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ նամակ է հղել Ադրբեջանի նախագահին: Նշվում է, որ Ջո Բայդենը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ, ընդգծել, որ դա կծառայի երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Սպիտակ տան ղեկավարը հավատացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել կողմերի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը վերջ կդնի երկարամյա հակամարտությանը։

Ըստ հաղորդագրության՝ «Բայդենը շեշտել է, որ խաղաղության պայմանագիրը ոչ միայն կապահովի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ամբողջ տարածաշրջանը, կծառայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի, ներդրումների և կապերի զարգացմանը»:

«COP29-ի ֆոնին աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվի վրա: Սա եզակի հնարավորություն է՝ ցույց տալու համաշխարհային հանրությանը ձեր հանձնառությունը խաղաղությանը: Պայմանագրի չհամաձայնեցված կետերի շուրջ աշխատանքը վերջնականացնելու համար երկու կողմն էլ պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերի և փոխզիջումների գնա: Վստահ եմ, որ դուք կօգտվեք այս հնարավորությունից: Կոչ եմ անում այս տարի ավարտին հասցնել պայմանագիրը»,- նշել է Բայդենը։ 

ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: 

«Խնդրել եմ Եվրոպայի գծով իմ օգնական Մայքլ Քարփենթերին ներկայացնել ձեզ որոշ քայլեր, որոնք մենք պատրաստ ենք նախաձեռնել, ինչպես նաև տեղեկություն ստանալ Հայաստանի հետ քննարկումների մասին»,- գրել է Բայդենը:

Նախագահը հույս է հայտնել, որ Բաքուն կօգտվի առկա հնարավորություններից, տարածաշրջանային նոր կուրս կվերցնի, որը հիմնված կլինի ընդհանուր բարգավաճման գաղափարի վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել