Ընդդիմությունը բոյկոտեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու նախագծի քննարկումն ու քվեարկությունը
10:48 - 22 հոկտեմբերի, 2024

Ընդդիմությունը բոյկոտեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու նախագծի քննարկումն ու քվեարկությունը

Մեկնարկել է ԱԺ քառօրյան. օրակարգում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն է:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտնեց, որ խմբակցությունը չի մասնակցելու նշված հարցի քննարկմանն ու քվեարկությանը: Ընդդիմության համար անհասկանալի է՝ ինչու է Հայաստանը հապճեպ իրականացնում ներպետական գործընթացները, երբ Ադրբեջանում դրանք չեն էլ սկսվել:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց՝ հռետորական հարց ուղղելով, թե որն է ռիսկը, եթե Հայաստանը վավերացնի կանոնակարգը, Ադրբեջանը՝ ոչ, երբ համաձայնագիրը ուժի մեջ է մտնում, եթե երկու կողմերն էլ ավարտում են ներպետական գործընթացները ու միմյանց ծանուցում դրա մասին:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ևս հայտնեց, որ խմբակցությունը չի մասնակցել և չի մասնակցելու նախագծի քննարկմանն ու քվեարկությանը:

«Հաշվի առնելով այն փաստը, որ նմանօրինակ կանոնակարգերը չեն ենթադրում վավերացման այն ընթացակարգը, որով իրեն անցկացնում են ՀՀ կառավարիչները, և այն փաստը, որ ՍԴ-ն որոշման մեջ հարցին բացարձակ չվերաբերող մեկնաբանությամբ ներառում է ներկայացրել՝ հիմնավոր կասկած է առաջանում, որ սույն գործողությունները միտված են հերթական հակապետական զիջումների արդարացում ծառայելու հետագայում»,- նշեց Մամիջանյանը՝ հավելելով, որ նախագծի վերաբերյալ այսօր ՀՀԿ-ն հայտարարություն կտարածի:

ՔՊ խմբակցության պատգամավորների կողմ ձայներով ԱԺ քառօրյայի օրակարգը հաստատվեց: Ընդդիմությունը դուրս եկավ նիստերի դահլիճից: Նախագիծը ԱԺ նիստում ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել