tert.am: Այն թեկնածուները, որոնք ներկայացվում են արդարադատության նախարարի պաշտոնի համար, նրանց 80 տոկոսն ասում են, որ գոհ են այն պաշտոնից, որ հիմա զբաղեցնում են և ուզում են մնալ իրենց տեղերում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվում նախարար ընտրել:
«Մարդուն տանում, մի տեղ նշանակում ես, ինքը 1 ամիս կամ մեկ տարի աշխատում է, հետո դու իրեն պոկում ես, բերում այլ տեղ: Մենք սխալ բան ենք արել, քննարկում ենք բոլոր թեկնածուներին՝ անկախ նրանից այդ մարդն իր համաձայնությունը տվե՞լ է, թե չի տվել: Մենք, այնուամենայնիվ, հնարավորություն ենք ընձեռում ելույթ ունենալ, որպեսզի ավելի բաց լինի»,- ասաց նա:
Սիմոնյանը հստակեցրեց՝ թեկնածուները ոչ թե չեն ցանկանում լինել նախարար, որովհետև իրենք լուրջ մասնագետներ են իրենց ոլորտներում, իրենք էլ ցանկանում են ծանրակշիռ մարդկանց առաջադրել: Նա վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում իրենք արդեն կունենան թեկնածու և որ նոր անուններ կան, բայց չի կարող ասել:
Հարցին՝ գործո՞ւմ է այն սկզբունքը, որ պետք է պարտադիր լինի կուսակցության անդամ արդարադատության նախարարը, Սիմոնյանն արձագանքեց.
«Մենք դա արդեն պետք է վերանայենք, ներկայացնենք թեկնածուներ, որոնք այս պահին ՔՊ անդամ չեն, նմանատիպ տարբեր փորձեր ունենք»:
Հարցին էլ՝ եթե իրենց մեջ չեն գտնում թեկնածուի, կադրերի պակա՞ս կա, Սիմոնյանը պատասխանեց.
«Մարդկանց ռեսուրսների խնդիր կա բոլոր բնագավառներում, մասնավորապես, եթե մենք խոսում ենք այնպիսի պատասխանատու ոլորտի մասին ինչպիսին է արդարադատությունը: Այստեղ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեսանկյունից ենք նայում. պետք է մասնագետ լինի, որ այդ պայմանագրի հետ առնչություն ունենա»:
comment.count (0)