4 տարվա ընթացքում 44-օրյա պատերազմին առնչվող 2044 քրեական գործ է հարուցվել
20:36 - 23 հոկտեմբերի, 2024

4 տարվա ընթացքում 44-օրյա պատերազմին առնչվող 2044 քրեական գործ է հարուցվել

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո պատերազմին առնչվող հազարավոր քրեական գործեր են հարուցվել (ըստ գործող Քրեական օրենսգրքի՝ նախաձեռնվել վարույթներ)։ Դրանք վերաբերում են ինչպես ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործություններին, այնպես էլ հայկական զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների հրաման չկատարելուն, դասալքությանը եւ այլն։ 

2024-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո 44-օրյա պատերազմին առնչվող դեպքերով հարուցվել են ընդհանուր առմամբ 2044 քրեական գործեր։ Որոշ վարույթներից մասեր են անջատվել եւ քննվել առանձին, իսկ որոշներն էլ միրավորվել են մեկ վարույթում։

«Ինֆոքոմը» ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացել է, որ հարուցված քրեական գործերից (եւ նախաձեռնված քրեական վարույթներից) դեռեւս միայն 310-ն են ուղարկվել դատարան (այդ թվում 81-ը՝ վարույթներից անջատված քրեական վարույթներով), իսկ 169-ով նախաքննությունը շարունակվում է։ 

Վերը նշված քրեական գործերով հանրային քրեական հետապնդում է իրականացվել եւ իրականացվում 1085 անձի նկատմամբ։ 

Նշենք, որ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է ոչ արդարացնող հիմքով այն դեպքում, երբ անձին արդարացնող դատավճիռ չի կայացվել, բայց առկա է քրեական հետապնդումը դադարեցնելու՝ օրենքով սահմանված որեւէ հիմք, օրինակ՝ անձը մահացել է կամ անցել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը։

Համաձայն վերը ներկայացված տվյալների՝ 752 անձի նկատմամբ քրեական հետապնդումը այս պահին շարունակվում է։

ՀՀ գլխավոր դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ 2022-2023 թվականների վերաբերյալ տեղեկությունները հնարավոր է՝ ոչ ամբողջական լինեն: Դա պայմանավորված է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողություններով, որի ընթացքում տարածքում տեղակայված կայազորների զինվորական դատախազությունների արխիվն ամբողջությամբ ոչնչացվել է, եւ ամփոփումները կատարվել են՝ ըստ պահպանված տվյալների։

Ստորեւ ներկայացվող ցանկում կարող եք կարդալ նախկին եւ գործող Քրեական օրենսգրքերի այն հոդվածները, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործերը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել