tert.am։ Այսօր կառավարության հերթական նիստին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ԱԺ պատգամավորների օրենսդրական առաջարկը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում և մեղմել ՀԴՄ կտրոններ չտրամադրելու հե կապված խախտումների համար նախատեսված տուգանքների չափը: «Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ այդպիսի փոփոխություններից, քանի որ իրենք կողմ են միասնական մոտեցմանը, սակայն բարձրացման ուղղությամբ»,-ասաց նա:
Այսպիսով` կառավարությունը մերժեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Բաբկեն Թունյանի, Գևորգ Պապոյանի և Արտակ Մանուկյանի առաջարկը: Վարչապետը պարզաբանեց, որ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու համար տուգանքի երկու մակարդակ կա՝ մեկ անգամ չտրամադրելու դեպքում հանրային սննդի ոլորտում՝ 600 հազար դրամ, մյուս ոլորտներում՝ 150 հազար տուգանք, և կա առաջարկ՝ հավասարեցնել և հանրային սննդի համար էլ դարձնել 150 հազար դրամ:
«Մենք ասում ենք, որ համաձայն ենք, որ հավասար սկզբունքներ լինեն, սակայն իջեցնելը մեր քաղաքական ուղերձներին հակասում է, քանի որ մենք ասում ենք՝ քառակի անգամ ուժեղանալու է 2020 թվականից ՀԴՄ չտրամադրելու դեմ պայքարը»,-ասաց նա և նշեց, որ եթե բոլորի համար 600 չի դառնալու, ավելի լավ է՝ թողնենք ինչպես կա, սակայն իջեցումը անընդունելի է:
«Բարձրացումն ընդունելի է, սակայն եթե կոնսենսուս չկա, ամեն ինչ թողնենք այնպես, ինչպես կա»,-ասաց նա:
comment.count (0)