Ես՝ Գեղամ Ասատրյանս, ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից։ Հակակոռուպցիոն դատարանում այսպես երդվելով սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալի հարցաքննությունը։ Նա որպես վկա է դատակոչված պատերազմի ժամանակ իր հրամանատարին՝ Հովիկ Գաբրիելյանին առնչվող գործի շրջանակում։
Գաբրիելյանը մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Գեղամ Ասատրյանը, սակայն, ճշմարտությունն ամբողջությամբ չէր մտաբերում եւ հարցերին հիմնականում պատասխանում էր «չգիտեմ, չեմ հիշում, կարող էր լինել» եւ նման այլ բառերով։ Վկան դատարանին նախ հայտնեց, որ ամբաստանյալ Գաբրիելյանին ճանաչում է, բայց նրա հետ հարաբերություններ չունի՝ ոչ թշնամություն, ոչ բարեկամություն։ Բանն այն է, որ պատերազմից կարճ ժամանակ առաջ է Ասատրյանը նշանակվել Գաբրիելյանի տեղակալ, մինչ այդ նա տասը տարի ծառայության չի եղել, վերականգնվել է 2020թ․ սեպտեմբերի 1-ին։
Զորամասի հրամանատարի տեղակալը չի մտաբերում՝ զորքը հոկտեմբերի 4-ին, թե 5-ին է Ջաբրայիլից նահանջել Հադրութ
Ասատրյանը հիշեց, որ սեպտեմբերի 27-ին զորամասը տագնապով տեղափոխվել է Ջրականի/Ջաբրայիլի շրջանի Բանաձորի հատված՝ երկրորդ գիծ։ Հրամանատարի պարտականություններն այդ ժամանակ կատարել է Հովիկ Գաբրիելյանի տեղակալ Կոլյա Դավթյանը, իսկ Գաբրիելյանը մի քանի օր հետո է միացել զորքին (Հովիկ Գաբրիելյանը պատերազմի սկսվելու ժամանակ «Կովկաս 2020» զորավարժությանը մասնակցելու նպատակով գտնվել է Ռուսաստանում)։ Վկան մտաբերեց, որ հրամանատար Գաբրիելյանից նահանջի հրաման է ստացել, բայց օրը հստակ չհիշեց՝ հոկտեմբերի 4 կամ 5, գիշերվա ժամի, զորքը Բանաձորից Հադրութ է քաշվել։
Վկան հստակ չէր հիշում, թե զորամասն ինչ ստորաբաժանումներից է կազմված եղել, քանի զինծառայող է ունեցել։ Մոտավոր հիշեց, որ զրահատանկային 3 գումարտակ է եղել, հրետանային գունդ, հետախուզական գումարտակ, բայց չհիշեց՝ այդ ստորաբաժանումները ամբողջությամբ համալրվա՞ծ են եղել, թե՞ թերի։ Պատճառաբանեց, որ նոր էր այնտեղ, դեռ տեղյակ չէր։
Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը վկայից հետաքրքրվեց, թե որտեղով է անցել 1-ին բանակային կորպուսի բնագիծը։ Ասատրյանը պատասխանեց «երեւի»-ով՝ Հորադիզից մինչեւ Ֆիզուլի։ Բայց հստակեցրեց, որ իրենց պաշտպանության շրջանը եղել է Բանաձորի խաչմերուկից 3-5 կմ առաջ։ Նրա խոսքով՝ առաջին եւ երկրորդ բնագծերը իրարից հեռու պետք է լինեն 10-15 կմ, եւ երբ հանրային մեղադրողը ճշտող հարց տվեց՝ այսինքն՝ երբ զորքը մշտական տեղակայման վայրից դուրս է եկել եւ բնագիծ զբաղեցրել, նշանակում է՝ հակառակորդն առնվազն 15 կմ առա՞ջ է եղել, վկան ասաց՝ կարող է մի քիչ քիչ, կարող է՝ մի քիչ շատ։
Խրամատները հին են եղել, մաքրելու կարիք են ունեցել, իսկ բահերը քիչ են եղել
Հանրային մեղադրողը հետաքրքրվեց, թե իրենց զբաղեցրած բնագիծն ինչ կահավորում է ունեցել։ Վկան պատասխանեց՝ սովորական, խրամատները փորված են եղել։ Միաժամանակ նա ասաց, որ անձրեւների պատճառով դրանք ջրով ու ցեխով են լցված եղել եւ մաքրելու կարիք ունեցել։ Ըստ նրա՝ զորքն ունեցել է բահեր, բայց այնպես չէ, թե դրանք բավարար են եղել․
- Որեւէ պակասի դեպքում դիմել ե՞ք 1-ին բանակային կորպուսի հրամանատարությանը, որ անհրաժռշտ միջոցներով ապահովեն,- հարցրեց հանրային մեղադրողը։
- Ես չեմ դիմել, դա իմ գործը չի եղել, չգիտեմ՝ ուրիշը դիմել ա, թե չէ։
- Իսկ անհրաժեշտությունը եղե՞լ ա։
- Միշտ էլ անհրաժեշտություն լինում ա։
Այս պատասխանից հետո դատավոր Վարդգես Սարգսյանը վկային դիտողություն արեց՝ հարցերին պատասխանել ոչ թե տեսականորեն, այլ ըստ էության եւ հստակ։ Դատավորը հարցրեց՝ մինչեւ բնագծից նահանջելը՝ ինչ կարիքներ են ունեցել եւ արդյոք սպառազինության գծով պատասխանատուներ եկե՞լ են՝ հարցնեն՝ ինչի անհրաժեշտություն կա։ Վկան պատասխանեց, որ բահի, քլունգի եւ այլնի անհրաժեշտություն եղել է։ Ասաց, որ ինքն է նկատել՝ հին փորված խրամատներ են եղել, ժամանակի ընթացքում լցվել են, դրանք մաքրելու կարիք է եղել, այլ պակաս բաներ էլ են եղել, բայց չէր հիշում՝ դրա համար որեւէ մեկը դիմե՞լ է պատասխանատու անձանց, թե ոչ։
Վկան պնդում է, որ զորամասը մոբով համալրվել է, բայց ինքը տեսել է միայն վարորդների
Հանրային մեղադրողի հստակ հարցին՝ զորամասը մոբով համալրվե՞լ է, վկա Ասատրյանը հստակ պատասխան տվեց՝ այո։ Հետագայում, սակայն, նա ասաց, որ ինքը միայն վարորդներին է տեսել․
- Մի երեք օր հետո մոբն ա եկել, բայց շոֆերները շուտ են եկել, զինամթերքը բարձել են իրենց ավտոները, եկել,- ասաց վկան։
- Մոտ քանի՞ հոգի է եղել մոբի անձնակազմը,- հարցրեց մեղադրողը։
- Քանակը չգիտեմ, շոֆերների քանակը գիտեմ, որ 11-12 մեքենա ա եղել։
Հետագայում, երբ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը մոբի մասին նույն հարցը տվեց, վկան դարձյալ պատասխանեց, որ ինքը վարորդներին է տեսել։
Ըստ վկայի՝ զորքը հակառակորդի հետ ուղիղ առճակատում չի ունեցել
Վկա Գեղամ Ասատրյանը, պատասխանելով հանրային մեղադրողի հարցին, ասաց, որ մինչեւ ենթադրյալ նահանջը հակառակորդի հետ ուղիղ առճակատման մեջ չի եղել։ Նա ասաց, որ ի սկզբանե իրենց առաջ եղել են յուրային ստորաբաժանումներ, մոտավոր հիշեց, որ 2 թե 3 գումարտակ է եղել, ասաց՝ մեր կորպուսից երեւի։
Ասատրյանի խոսքով՝ իրենց բնագիծը պատերազմի սկսվելուց մոտ մեկ շաբաթ հետո է դարձել առաջնագիծ, Հովիկ Գաբրիելյանի վերադառնալուց մոտ 2-3 օր հետո․
- Մինչեւ առաջնագիծ դառնալը՝ ձեր զորամիավորումից ուժեր ուղարկվե՞լ են այլ ստորաբաժանման օգնության,- հարցրեց մեղադրողը։
- Այո։
- Ի՞նչ ուժեր են ուղարկվել, քանի՞ հոգի։
- Ականանետային մարտկոցը։ 7 մեքենա ա եղել, երեւի մի քսանքանի հոգի, տենց տոչնի չեմ կարա ասեմ։
- Ո՞ւմ են օգնության գնացել։
- 25-րդ գումարտակին։
- Էդ ուժերը տեղ հասե՞լ են, թե՞ ոչ։
- Տեղ հասնելուց պես բացազատվելու պահին ինքնաթիռները ռմբակոծել են, 2 զոհ ենք ունեցել։
Վկայի խոսքով՝ 25-րդ գումարտակն իրենցից 7-10 կմ է հեռու եղել։ Նա հիշեց, որ մինչ 25-րդ գումարտակին օգնություն ուղարկելը՝ իրենց զորքը բնագծում ռմբակոծության տակ հայտնվել է եւ 2 զոհ ու 1 վիրավոր ունեցել։ Մինչ ենթադրյալ նահանջը այլ զոհեր չեն ունեցել։
Վկան չհիշեց, թե իրենց զբաղեցրած դիրքից աջ եւ ձախ ինչ ուժեր են տեղակայված եղել, կրկին մոտավոր ասաց՝ կորպուսից ուրիշ զորամաս։
Ասատրյանը ճշգրիտ չհիշեց՝ որքան սպառազինություն են ունեցել իրենց տրամադրության տակ եւ Հովիկ Գաբրիելյանի գալու օրը դրա քանի տոկոսն են սպառել, բայց ասաց, որ ինչ սպառել են, բերել լրացրել են։ Ըստ նրա՝ հրաձգային զենքերից կրակ չեն վարել, քանի որ հակառակորդն այդքան մոտ չի եղել, հետեւակի մարտական մեքենաներից են կրակ բացել, խոցվածները լրացրել են։ Նա ասաց, որ մինչեւ Հովիկ Գաբրիելյանի գալը սպառազինության խնդիր չեն ունեցել, հաստիքով ինչ հասանելիք եղել է, ունեցել են։ Զորքը համարված է եղել նաեւ ֆագոտով, որը համալրված է եղել արկերով։ Աստարյանը հիշեց, որ 4 հատ են կրակել, բայց թիրախը չեն խոցել։ Ասատրյանի կարծիքով՝ պատճառը հեռավորությունն է եղել։ Այնինչ մեղադրյալ Գաբրիելյանն այդքան էլ այդ կարծիքին չէ։ Երբ նա հարցեր էր տալիս վկային, նաեւ ասաց՝ կարո՞ղ է ոչ թե չի հասել թիրախին, այլ կողքին է ընկել։ Գաբրիելյանը նաեւ նշեց, որ ֆագոտով 6 արկ է արձակվել, ոչ թե 4։
Հանրային մեղադրողը եւս մեկ անգամ ճշտող հարց տվեց՝ մինչեւ բնագծից նահանջելը որեւէ տեսակի սպառազինության պակաս ունեցե՞լ է զորքը, ինչին վկան բացասական պատասխան տվեց։ Սպառազինության պակասի մասին հարցերն, ըստ էության, կապ ունեն այն հանգամանքի հետ, որ մեղադրյալը պնդում է՝ մինչեւ նահանջ անելը վերադաս հրամանատարությանը տեղեկացրել է, որ զորքն ի վիճակի չէ դիմակայել հակառակորդին, օգնություն է խնդրել, սակայն չի ստացել, դրա համար ստիպված նահանջ է արել։
Վկան հրամանատարից նահանջի հրամանը բանավոր է ստացել, պատճառը չի ճշտել
Վկա Գեղամ Ասատրյանն ասաց, որ նահանջի հրամանը ստացել է Հովիկ Գաբրիելյանից՝ բանավոր։
- Ձե՞զ է տրվել հրամանը,- հարցրեց մեղադրողը։
- Բոլորիս։ Ես իրա մոտ եմ եղել։
- էդ պահին, որ հրաման տվեց դուրս գալու, ձեր ուղղությամբ ճակատային գրոհ եղե՞լ է։
- Մեզանից հեռու թուրքեր եղել են, դիրքավորվում էին։ Ականանետային խումբ էլ կար, դիրքավորվում էին, մի խումբ էլ, երեւի հետախուզական, մեզանից երեւի 1-1,5կմ առաջ էր։
- Մինչեւ չդիրքավորվեին, չէի՞ն կարող գրոհել։
- Կարային, բայց չգիտեմ՝ ինչ էին մտածում, կային, երեւում էին։
- Հարցրե՞լ եք Հովիկ Գաբրիելյանին, թե ով է նահանջի հրաման տվել, ինչի համար։
- Ես մտածել եմ կորպուսի հրամանատարն ա տվել։
- Դուք Հովիկ Գաբրիելյանից ճշտե՞լ եք՝ ինչի հիման վրա է հրաման տալիս։
- Ոչ։
Վկա Ասատրյանը չկարողացավ պատասխանել հանրային մեղադրողի այն հարցին, թե ըստ Մարտական կանոնադրության՝ ինչ տեսակներ է ունենում նահանջը։ Մեղադրողը նշեց՝ կա երկու տեսակ, դրանցից մեկը հարկադրվածն է։ Մեղադրողը վկային հարցրեց՝ իրենց նահանջը հարկադրվա՞ծ էր, վկան պատասխանեց․
- Դե չէ, երեւի։ Որ ասել ա՝ հրամանով ա, ես էլ հարց չեմ տվել, կարող ա հրաման են տվել տեղափոխվել։
- Մարտական կանոնադրությամբ նաեւ սահմանվում է, որ թե սովորական, թե հարկադրված նահանջի դեպքում նահանջող ստորաբաժանումը պարտավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում ամրանալ էն հատվածում, որտեղ կարելի է ամրանալ։ Նահանջելուց հետո ամրացե՞լ եք որեւէ տեղ։
- Ոչ։ Էդ հարցին ես չեմ կարա պատասխանեմ։
- Իսկ դուք փորձե՞լ եք պարզել՝ լավ, կանոնադրությամբ կատարում ենք նահանջ, ինչի՞ չենք ամրանում։
- Չեմ պարզել։
Վկան չէր հիշում նաեւ՝ Հովիկ Գաբրիելյանը նահանջելուց առաջ հարեւան յուրային ստորաբաժանումներին, ինչպես նաեւ ավագ պետին հայտնե՞լ է նահանջի մասին, թե՞ ոչ։ Ասաց՝ չի լսել նման բան։ Բայց ասաց, որ ըստ կանոնադրության՝ պետք է հայտներ։
- Իսկ նման տեղեկություններ լսե՞լ եք, որ հեսա-հեսա շրջափակման մեջ եք ընկնելու,- հարցրեց մեղադրողը։
- Դե նման տեղեկություններ․․․ Թիկունքի կառավարման կետը եղել ա Ջաբրայիլի մոտ, էնտեղից հանվել ա, թիկունքն էլ մեզանից կտրվել ա։
- Ձեր թիկունքում թշնամի՞ ա եղել։
- Չէ, մեր թիկունքը որտեղ որ եղել ա, թուրքն ա արդեն հասած եղել ընդեղ, էդտեղ արդեն մերոնք առանձնացել են մեզնից։
- Հակառակորդը ո՞ր հատվածով էր ճեղքել, անցել։
- Մեզանից աջ,- ասաց վկան։
Նա, սակայն, չնշեց, թե ումից է ստացել այդ տեղեկությունը։ Միաժամանակ պնդեց, որ իրենք տեսել են հակառակորդի՝ Ջաբրայիլին մոտեցող ուժերը։ Մեղադրողը հստակեցրեց, որ խոսքը ոչ թե Ջաբրայիլին մոտեցող ուժերի մասին է, այլ բնագծի ճեղքման։ Մեղադրողը հիշեցրեց, որ Գաբրիելյանի աջ կողմում գտնվող զորքի հրամանատար Համլետ Լեւոնյանն իր հարցաքննության մեջ նշել է, որ մինչեւ հոկտեմբերի 5-ի առավոտյան որեւէ թշնամական զինվոր բնագիծը չի ճեղքել անցել։ Վկան արձագանքեց․
- Չեմ կարա ասեմ, որովհետեւ արդեն մեր աջը տանկերն անցած են եղել, բլրի վրա երեւացել են 3 տանկ, բայց իրենցից ձախ էլի եղել ա տեխնիկա ու զորք։
- Կարո՞ղ եք ասել, էդ տեխնիկայով հակառակորդը բլուր է՞ գրավել, թե՞ բնագիծն ա ճեղքել։
- Երեւի բնագիծը․․․ Ես չգիտեմ՝ բնագիծը ճեղքել են, թե չէ, էդ ժամանակ զրուցը գնում էր, որ Ջաբրայիլն արդեն գրավել են։ Եթե գրավել են, դառնում ա բնագիծը հատած։
- Բա էդ դեպքում ո՞նց կբացատրեք, որ Լեւոնյանն ասում է՝ բնագիծը չեն ճեղքել։
- Չեմ կարող ասել։
- Չգիտե՞ք՝ ումից եք ստացել տեղեկությունը, որ բնագիծ է ճեղքվել։
- Չեմ հիշում։
Նահանջից առաջ վկան լսել է, որ Ջաբրայիլը գրավված է, բայց թե ումից՝ չասաց
Ողջ հարցաքննության ընթացքում վկան այդպես էլ չհստակեցրեց, թե ումից է իմացել Ջաբրայիլի գրավման մասին լուրը։ Նա նշեց, որ զինվորներից չէր կարող իմանալ, հետեւաբար, ենթադրվում է, որ հրամանատարությունից որեւէ մեկն է հայտնել այդ մասին։
Դատավորը վկային հարցրեց՝ ո՞ւմ հետ է շփվել, կապի մեջ եղել նահանջից առաջ, ումի՞ց կարող էր լսել այդ լուրը։ Ասատրյանը նախ ասաց, որ բոլորն էլ ասում էին, հետո ասաց՝ գումարտակից է եկել այդ լուրը։ Դատավորը ճշտեց՝ գումարտակի սպանե՞րն են ասել, վկան ասաց՝ չեմ կարող ասել։ Դատավորը անուններ տվեց՝ հրամանատարի տեղակալներ Կոլյա Դավթյանի՞ց, Հրաչ Ղազարյանի՞ց․
- Չեմ կարող հիշել։
- Բայց դա ի՞նչ հարց է, որ չեք կարող հիշել,- ասաց դատավորը։
- Դե չեմ հիշում։
- Այսինքն Ջաբրայիլը գրավելն այդպես սովորական երեւույթ էր։
- Դե հիմա սաղ ասում էին։
- Այդ երեքից բացի ուրիշ մարդ կարո՞ղ էր ասել (նկատի ունի հրամանատարին եւ տեղակալներին)։
- Դե չէ։
- Իսկ էդ երեքի մեջ կա՞ր մարդ, որ ասում էր՝ նման բան չկա, էս ինչ եք խոսում, հեքիաթ է, Ջաբրայիլը չի կարող գրավված լինել։
- Դե մենք էլ տեսել ենք, որ տեխնիկան գնում ա դեպի Ջաբրայիլ։
Հետագայում վկան ասաց, որ հրամանատարի ու տեղակալների՝ ներքին կապով խոսակցություններից նման բան չի լսել, բայց Հովիկ Գաբրիելյանը նաեւ վերադաս հրամանատարության հետ է կապի մեջ եղել, որը իր համար հասանելի չի եղել։
Ասատրյանը նաեւ ասաց, որ երբեւէ չի լսել, որ Հովիկ Գաբրիելյանը օգնություն խնդրի այլ ստորաբաժանումներից կամ վերադասներից, չգիտի նաեւ, թե իրենց նահանջի պատճառով ինչ է պատահել Լեւոնյանի եւ Վահագն Ասատրյանի զորքերի հետ, նահանջի հաջորդ օրը եւ նույնիսկ ամիսներ անց եւ շատ անցած էլ չի փորձել պարզել, թե ով է Հովիկ Գաբրիելյանին նահանջի հրաման տվել եւ այլն։
Ի վերջո, Ասատրյանի պատասխաններից պարզ դարձավ, որ Ջաբրայիլի գրավելու լուրը պտտվել է դեռ այն ժամանակ, երբ Ջաբրայիլը գրավված չի եղել։ Ինքը՝ Ասատրյանն ասաց, որ հետագայում իմացել է, որ նահանջի հաջորդ օրն է Ջաբրայիլը գրավվել։
Վկայի պնդմամբ՝ նահանջելուց հետո դիրքավորվելու համար խրամուղիներ չեն եղել
Վկային հարցեր տվեց նաեւ մեղադրյալի պաշտպան Վրեժ Խաչիկյանը։ Նա հետաքրքրվեց՝ նահանջի ժամանակ տեխնիկայի կորուստը, մասնավորապես ՄԲՊ-ների՝ ցեխի մեջ մնալն ու փչանալը եղել են Հովիկ Գաբրիելյանի մեղքո՞վ (վկան ավելի վաղ նշել էր, որ եղանակն անձրեւոտ է եղել, մառախուղ ու ցեխ է եղել տարածքում)։ Ասատրյանն ասաց՝ ոչ, նշեց, որ տեխնիկան տեխնիկա է՝ կարող էր վնասվել։
- Ասացիք, որ նահանջելիս պետք է դիրքավորվեիք։ Որտեղ պետք է դիրքավորվեիք, խրամաբջիջներ, խրամուղիներ կայի՞ն կառուցված այդ տեղանում,- հարցրեց Խաչիկյանը։
- Ոչ։
- Իսկ կհասցնեի՞ք կառուցել, զորքն ի վիճակի՞ էր։
- Զորքն էդ ժամանակ լրիվ թաց էր, մոբն էլ, որ փախչում էր, հուսահատ էին։
- Այսինքն, որ հետ էիք քաշվել, էդ պայմաններում կարո՞ղ էիք պաշտպանություն իրականացնել։
- Առանց խրամուղի՝ ո՞նց։
Դատավորը վկայից հետաքրքրվեց՝ նահանջելիս ի՞նչ տարածք են գնացել մինչեւ Հադրութ քաղաք հասնելը։ Ասատրյանը պատասխանեց, որ դա լքված ու քանդված գյուղ է եղել։ Դատավորը ճշտեց՝ այդտեղ պե՞տք է խրամատ լիներ, վկան պատասխանեց՝ ոչ։
Այնուհետեւ Խաչիկյանը հետաքրքրվեց՝ իրենց ուղղությամբ գրոհի ժամանակ ինչ սպառազինություն են ունեցել, պահեստային զինամթերքը որքան հեռու է եղել, կարո՞ղ էին հրետակոծության տակ համալրել եւ այլն։ Ասատրյանն ասաց, որ մոտ 3 կմ հեռավորության վրա է եղել պահեստային զինամթերքը, եւ այո, պատերազմի ժամանակ կարող էին համալրվել։ Պատասխանելով պաշտպանի հարցին՝ նա ասաց, որ գիշերային տեսանելիության որոշ սարքեր ունեցել են, նա նշեց միայն ջերմատեսիլ սարքի առկայության մասին։ Հետագայում Հովիկ Գաբրիելյանը այս հարցը փորձեց ճշգրտել՝ հարցնելով՝ հետեւակի մարտական մեքենայի նշանառուն, հրամանատարը ունեցե՞լ են գիշերատեսիլ սարքեր, թե ոչ։ Վկան հստակ չմտաբերեց, բայց ասաց, որ նշանառուն ուներ։ Նա նաեւ չհստակեցրեց, թե որքան էր նշանոցի հեռավորությունը եւ այլ մանրամասներ, որոնք Գաբրիելյանին հետաքրքրում էին։
Ըստ վկայի՝ զորքի բարոյահեգոբանական վիճակը ծանր է եղել
Պատասխանելով դատավորի հարցերին՝ վկա Ասատրյանն ասաց, որ զորքը լավ բարոյահոգեբանական վիճակում չի եղել։ Ըստ նրա՝ դրա վրա ազդել է մոբի՝ ենթադրյալ փախչելու հանգամանքը։ Դատավորը հարցրեց․
- Զորքը կաշվի վրա զգացե՞լ էր հակառակորդի գործողությունները, հակառակորդի գործողությունների արդյունքում ճնշված եղե՞լ է։
- Երեւի էլի։
- Ի՞նչ էր եղել, ԱԹՍ էր խփե՞լ․․․։
- Դե ԱԹՍ ա խփելուց եղել, Սմերչ ա խփելուց եղել։
- Քանի՞ զոհ եք ունեցել ամսի չորսին։
- Օրը չեմ հիշում, բայց մինչեւ էդ օրը ընդհանուր 4 զոհ ենք ունեցել։
- Ինչքա՞ն անձնակազմից։
- 200 քանի։
- 200 հոգու մեջ 4 զոհը պատճառ էր, որ 200-հոգանոց զորքը բարոյապես ընկճված լինե՞ր։
- Դե զոհերի պատճառով դժվար թե հուսալքված լինեն, ինձ թվում ա էդ որ հիմնականում փախնում էին, պանիկա էին գցում, դրանից էր։
- Իսկ կարող ա՞ առհասարակ զորքը հուսալքված էլ չէր, բարոյալքված էլ չէր։
- Ինձ տենց էր թվում, չգիտեմ։
Դատավորը հետաքրքրվեց՝ Ասատրյանը, հրամանատարը, տեղակալները ի՞նչ են արել զորքի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու համար, քայլեր ձեռնարկե՞լ են։ Ասատրյանն ասաց, որ ինքը, որ պիտի թիկունքում լիներ, եկել, զինվորների հետ առաջնագծում է եղել։ Մյուսների մասով ասաց, որ եղել է, որ Գաբրիելյանը խոսել է զորքի հետ։
Իսկ նահանջից առաջ անմիջականորեն զորքի ոչնչացման, շրջափակման մեջ ընկնելու շոշափելի սպառնալիք եղե՞լ է, հարցրեց դատավորը։ Վկան ասաց, որ ինքը տեսանելի բան չի տեսել․
- Գուցե հաջորդ օրը կարար լիներ։
- Գուցե եւ չլիներ, չէ՞։
- Կարող է, չգիտեմ,- ասաց վկան։
Եւ հարցին՝ երբ բնագիծը լքել են, քանի՞ կմ հատված է մնացել չպաշտպանված, վկան պատասխանեց՝ 2-3 կմ։ Դատավորը հարցրեց՝
- Ձեր դուրս գալով Լեւոնյանի զորքի համար խնդիրներ կարո՞ղ էինք ստեղծվել։
- Դե բոլորի համար կարող էր։ Մեկը մեկի հետ կապված էր։
- Դուրս գալուց առաջ կամ ընթացքում, նկատե՞լ եք, որ Հովիկ Գաբրիելյանը տեղեկացնի Լեւոնյանին, որ դուրս է գալիս։
- Չեմ լսել։
- Լեւոնյանի զորքում ընկերներ ունեցե՞լ եք, կամ Վահագն Ասատրյանի զորքից, մարդիկ, որոնց հետ կապի մեջ եք եղել։
- Ոչ, մարդ չէի ճանաչում։
Դարձյալ անդրադառնալով հակառակորդին դիմակայելու համար օգնություն խնդրելու թեմային՝ դատավորը հարցրեց՝ ինչո՞ւ վերադասությունից չեն պահանջել հրետանի, ԱԹՍ-ներ, եւ այլն։ Վկան իր ենթադրությունը հայտնեց՝ վերեւները տեղյակ կլինեին։
Գեղամ Ասատրյանի հարցաքննությունը կշարունակվի նոյեմբերի 8-ին։
Նշենք, որ նախորդ դատական նիստը չէր կայացել, որովհետև ուղեկցող գումարտակի ծառայողները չէին ապահովել մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի ներկայությունը։
Դատավոր Վարդգես Սարգսյանը տեղեկացրել էր, որ երբ իր աշխատակազմը փորձել է պատճառը հասկանալ, ուղեկցող գումարտակի ծառայողները պարզաբանել են, որ առավոտյան հանձնարարություն են ստացել գնալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, բայց քանի որ Գաբրիելյանը այնտեղ չի գտնվել, այլեւս հարկ չեն համարել այդ մասին դատարանի աշխատակազմին տեղեկացնելու, չեն գնացել նաեւ «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ հիվանդանոցից առաջ պահվում էր Գաբրիելյանը։
Մինչդեռ դրա նախորդ օրը դատարանը ստացել էր գրություն «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետից, ըստ որի Գաբրիելյանը «Դատապարտյալների հիվանդանոց»-ից 14.10.24-ին ներկայացվել է «Վարդաշեն» ՔԿՀ, այսինքն՝ ծառայողներն ի սկզբանե պետք է գնային ոչ թե հիվանդանոց, այլ «Վարդաշեն»։
«Ընդ որում, երկու օր առաջ նույն իրավիճակն ունեինք մեկ այլ գործով. ուղեկցող գումարտակի ծառայողները, գնալով «Երեւան կենտրոն» ՔԿՀ եւ պարզելով, որ մեղադրյալը այնտեղ չի գտնվում, գնացել էին «Վարդաշեն» ՔԿՀ եւ կատարել էին դատարանի հանձնարարությունը՝ ապահովելով անձի ներկայությունը»,- նշել էր դատավորը՝ ընդգծելով, որ դատարանի հանձնարարությունը կոնկրետ հասցեատեր ունի, եւ դա ոչ թե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ-ի պետն է, այլ ուղեկցող գումարտակի ծառայողները։
Գլխավոր լուսանկարում՝ վկա Գեղամ Ասատրյանը
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)