Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց եւ ավարտվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի հրամանատար Համլետ Լեւոնյանի հարցաքննությունը։ Լեւոնյանը դատակոչված է որպես վկա նույն բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանին առնչվող վարույթի շրջանակում։ Իսկ Գաբրիելյանը մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին իրենց աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։ Շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող Գաբրիելյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Սեպտեմբերի 27-ին վկա Լեւոնյանի հարցաքննությունը կանգ էր առել մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի՝ վկային ուղղված հարցերի ընթացքում։ Գաբրիելյանը, ինչպես նախորդ նիստի վերջում, այսօր եւս հարցրեց՝ արդյոք Լեւոնյանի հրամանատարության ներքո գտնվող տանկիստները կզոհվեի՞ն, եթե տանկերում լինեին [խոսքը հոկտեմբերի 4-ի գիշերվա մարտի մասին է, որի ժամանակ զոհեր են եղել]։ Այս հարցը, թեեւ հնչել էր նախորդ նիստին եւ թեեւ Լեւոնյանն արձագանքել էր, այնուհանդերձ շարունակում է հուզել Հովիկ Գաբրիելյանին։ Նա երեք անգամ հարցրեց Լեւոնյանին՝ չէին զոհվի, չէ՞, եթե տանկերում լինեին։
«Ուրեմն, պատերազմական գործողությունների ժամանակ իմ ղեկավարած ստորաբաժանումը չի ունեցել որեւէ զոհ եւ վիրավոր տանկիստներից, քանի որ իրավիճակն այնպիսին էր, որ տանկերը սկզբնական շրջանում որտեղ որ գտնվում էին, խոցվում էին ԱԹՍ-ներով։ Այդ իսկ պատճառով որոշ դեպքերում տանկիստները ոչ թե եղել են տանկերում, այլ տանկերի կողքին խրամատի մեջ, հարկ եղած դեպքում իրականացրել են իրենց գործողությունները»,- դատարանում ասաց Լեւոնյանը։
«Որ հակառակորդը հանդիպեր սպեցին, չէր հասնի մեզ»
Վերջինիս նախորդ հարցաքննությունից պարզ էր դարձել, որ Լեւոնյանի եւ նրա անձնակազմի զբաղեցրած հատվածից ձախ եղել են հատուկ նշանակության զորքերը՝ Վահագն Ասատրյանի հրամանատարությամբ, իսկ նրանցից ձախ՝ Հովիկ Գաբրիելյանի հրամանատարության ներքո գտնվող զրահատանկային գումարտակը։
Հովիկ Գաբրիելյանը, դիմելով վկային, ասաց․
- Եթե ձեզ խորքից են խփել, ապա հակառակորդը, որ մտել ա խորք, մինչեւ ինձ ինձնից աջ գտնվում ա սպեցը, սպեցից հետո գտնվում ես դու, ո՞նց ա, որ հակառակորդը սպեցին չի հանդիպել, ու մարդ չի եղել ընդեղ, ու դու էլ չես իմացել դրա մասին։
- Ի՞նչ խորք։ Կողքից են խփել, թեւանցել են։
- Թեւանցել են, իսկ եթե թեւանցել են, [մինչեւ քեզ հասնելը] չի գտնվո՞ւմ սպեցը։
- Այո,- հաստատեց Լեւոնյանը։
- Չի հանդիպե՞լ սպեցը։
- Ոչ, որ հանդիպեր, չէր հասնի մեզ, էլի։
- Բա որ չի հանդիպել սպեցը, ուրեմն որտեղո՞վ ա մտել հակառակորդը։
- Դուք իմացել ե՞ք՝ որտեղ ա նաստած սպեցը, Վահագնը՝ իր անձնակազմով,- հարցրեց վկան, սակայն դատավոր Վարդգես Սարգսյանը նրան հիշեցրեց, որ մեղադրյալին հարցեր տալ չի կարող։ Լեւոնյանը շարունակեց, որ հակառակորդն այդ հատվածում չէր կարող հանդիպած լինել հատուկ նշանակության ստորաբաժանմանը, քանի որ նրանք ոչ թե ճանապարհի վրա են եղել, այլ բարձունքների․ «Իսկ էն ճանապարհը, որով հակառակորդը եկել ա, եղել ա պարոն փոխգնդապետի (նկատի ունի Հովիկ Գաբրիելյանին,- հեղ․) պաշտպանության շրջանի հատված»,- պնդեց Լեւոնյանը։
Գաբրիելյանը հետաքրքրվեց, թե որտեղից է Լեւոնյանն իմացել, որ հակառակորդը իր տարածքից է թեւանցել, գուցե ձորի՞ միջով են եկել, քանի որ այդ տարածքում ձորեր են եղել։ Վկան պատասխանեց, որ հակառակորդն այդ տարածք մտել է տեխնիկաներով, հետո էլ վերադասը հաղորդել է, որ հակառակորդն «այսինչ» ճանապարհով է եկել․ «Էդի էն միակ ասֆալտապատ ճանապարհն ա։ Թե դաշտային, թե ասֆալտային ճանապարհը գալիս են էդ պաշտպանության շրջանով, դրա համար հստակ ասում եմ, որ ձեր պաշտպանության շրջանով ա եկել, ոչ թե սարերով»։
Երբ մեղադրյալը խնդրեց հստակ նկարագրել, թե Լեւոնյանի բնագիծն իր որ կողմում է եղել՝ աջ-առաջ, աջ-հետ, եւ այլն, վկան ասաց, որ դա կարող է նկարագրել, եթե քարտեզ լինի առաջը։
«Դուք փրկել եք Ձեզ եւ Ձեր ղեկավարաած ստորաբաժանումը՝ վնասելով մնացած ստորաբաժանումների կյանքը»
Հաջորդիվ մեղադրյալը հարցրեց՝ Լեւոնյանը տեղյա՞կ է, որ իրենց նահանջից առաջ մոտ 3 ժամ օգնություն, գոնե տանկ է խնդրել․
- Ինչի՞ համար եք ինձ էդ հարցը տալիս։
- Որովհետեւ գիտեմ, որ լսել ես,- ասաց մեղադրյալը։
- Էդ պատճառով եք գնացել Հադրո՞ւթ,- հարցրեց վկան, սակայն դատավորը նորից զգուշացրեց, որ նա չի կարող հարցեր տալ եւ պետք է պատասխանի իրենց ուղղված հարցերին։
- Չգիտեմ, թե ինչի համար տանկ չեն տվել, ուզել ա, թե չի ուզել,- ասաց Լեւոնյանը։
- Ձեր մտածելով՝ ես իմ սեփական կյանքն ե՞մ փրկել, թե՞ իմ անձնակազմի,- հարցրեց Հովիկ Գաբրիելյանը։
- Իմ կարծիքով՝ Դուք փրկել եք Ձեզ եւ Ձեր ղեկավարած ստորաբաժանումը՝ վնասելով մնացած ստորաբաժանումների կյանքը։
Վկային հարցեր տվեց նաեւ դատավորը
- Դուք Կոլյա Դավթյանին ճանաչո՞ւմ եք (նա պատերազմի ժամանակ եղել է Հովիկ Գաբրիելյանի տեղակալը եւ մինչ վերջինիս ռազմաճակատ մեկնելը ժամանակավորապես իրականացրել է նաեւ գումարտակի հրամանատարի պարտականությունները։ Կոլյա Դավթյանի հարցաքննությունն՝ այստեղ,- հեղ․)։
- Այո։
- Ո՞նց կբնութագրեք նրան որպես սպա։ Վախկոտ զինվորական է՞ր, թե՞ ոչ վախկոտ, իր զորքին առաջնորդող, ճշտախոս զինվորական է՞ր, թե՞ պրիմիտիվ ստախոս, պաթոլոգիկ ստախոս զինվորական, եւ նա իր գործին տիրապետող զինվորական է՞ր, թե՞ միջինից ցածր ունակություններով, ոչնչով աչքի չընկնող։
- Դավթյանին ճանաչում եմ շատ լավ, քանի որ մինչեւ նշված զորամասում տեղակալ նշանակվեը եղել է իմ մոտ վաշտի հրամանատար։ Էն պաներից ա եղել, որ առանձնացել ա իր կարգապահությամբ, ծառայությանը, ընտանիքին նվիրվածությամբ, եղել ա շատ պատրաստակամ ու լավ տանկիստ, լավ մասնագետ։ Ինչ վերաբերում ա պատերազմի ընթացքին, մինչեւ պարոն Գաբրիելյանի վերադառնալը հայրենիք (երբ պատերազմը սկսվել է, Հովիկ Գաբրիելյանը «Կովկաս 2020» զորավարժությանը մասնակցելու նպատակով գտնվել է Ռուսաստանում,–հեղ․) ինքն ա հիմնականում ղեկավարկումն իրականացրել, մշտապես եղել ա կապի մեջ, մշտապես եղել ա անձնակազմի կողքին, չի եղել դեպք, որ մեկն ասի՝ ինչ-որ խնդիր ենք տվել, ինքը չի ուզում կատարի։
- Կարմիր թելի պես էս պրոցեսի ընթացքում գնում ա էն թեզը, որ երբ 44-օրյա պատերազմի ժամանակ Գաբրիելյանը ստանձնել ա հրամանատարությունը, չի ունեցել համապատասխան զինտեխնիկա, բնագիծը, որտեղ հանձնարարված ա եղել պաշտպանություն իրականացնել, համապատասխան կահավորում չի ունեցել՝ խրամատներ, խրամաբջիջներ, խրամուղիներ չեն եղել։ Գաբրիելյանը նշել ա, որ ունեցել ա նաեւ սպառազինության պակաս։ Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ մինչեւ Գաբրիելյանի՝ բնագծից ենթադրաբար նահանջելը, առհասարակ տենց խոսակցություն Կոլյա Դավթյանից, հետո Գաբրիելյանից, նրա մյուս ենթականերից թեզ շրջանառվել ա՞՝ սենց խնդիր կա։ Նման խոսակցություններ եղե՞լ են, թեկուզ էն ամենացածր մակարդակի, բամբասանքի մակարդակի։
- Ինչ վերաբերում ա դիրքերի չկահավորված լինելուն՝ համամիտ չեմ, քանի որ եթե 100 տոկոս չէ, ապա 80 տոկոս համալրված են եղել մեր բոլոր դիրքերը, քանի որ մենք եղել ենք մեր նախորոշված շրջաններում,- պատասխանեց վկան։
Իսկ ինչ վերաբերում է սպառազինությանը, տեխնիկային, Լեւոնյանը չհիշեց նման զրույցներ։ Նա ասաց, որ յուրաքանչյուր ստորաբաժանում էլ ունեցել է եւ անձնակազմի, եւ տեխնիկայի կորուստ։ Բայց, պատասխանելով դատավորի ճշտող հարցին, Լեւոնյանն ասաց, որ դժվար չիմանար, եթե սպառազինության, հագեցվածության լուրջ խնդիրներ ծագած լինեին։
Լեւոնյանը հերքում է վկաներից մեկի հայտարարությունը, թե իր անձնակազմը ձորակում հակառակորդի հետ մարտի է բռնվել
Դատավոր Սարգսյանը հիշեցրեց, որ Կոլյա Դավթյանը դատարանում հարցաքննության ժամանակ նշել է, որ Լեւոնյանի անձնակազմը Գաբրիելյանի զբաղցրած հատվածից աջ է գտնվել․ «Ձեր բնագծի մոտ ձորակ ա գտնվել, ասում ա՝ մենք տեսանք, որ էդ ձորակ զրահատեխնիկա եկավ մտավ, Համլետ Լեւոնյանի զորքը կռվի մեջ մտավ ձորակ մտած հակառակորդի ուժերի հետ, եւ նաեւ մի պահ ցուցմունքի ժամանակ նշում է, որ նահանջի պատճառներից մեկն էլ դա է հանդիսացել։ Նման բան եղե՞լ է»։
Վկան ասաց, որ այդտեղ չէր կարող տեխնիկա մտնել, քանի որ տարածքը խիտ անտառներով է ծածկված եղել։ Նա հիշեց, որ հոկտեմբերի 4-ին այդ հատվածում դիվերսիոն խումբ է եղել, բայց հանդիպել է յուրային հատուկ նշանակության զորքերին․ «Բայց ընդեղ տարբեր ճանապարհներ կան դաշտային, որտեղով կարային մտնեին, բայց ձորակով չէին կարա»։ Լեւոնյանի նկարագրությամբ՝ իրենցից ձախ բլրակ է եղել, եւ ոչ իրենք կարող էին տեսնել ձախ թեւում տեղակայված յուրային զորքին, ոչ էլ՝ հակառակը։ Այս ասելով՝ նա հակադարձեց Կոլյա Դավթյանի՝ հարցաքննության ժամանակ արած այն հայտարարությանը, որ իրենք տեսել են ձորակ մտած հակառակորդի հետ Լեւոնյանի անձնակազմի մարտը։
- Այսինքն՝ արձանագրե՞նք, որ Գաբրիելյանի նահանջելու պահը չեք տեսել,- հարցրեց դատավորը։
- Միանշանակ,- հաստատեց վկա Լեւոնյանը։
Նա նշեց, որ հոկտեմբերի 5-ից հետո, երբ դուրս են եկել այդ տարածքից, նոր իմացել են ենթադրյալ նահանջի մասին։
Հաջորդիվ վկային հարցեր տվեց մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը․
- Ասացիք, որ ձեզնից աջ հատվածում՝ Ջաբրայիլի մասում, թշնամին բարձունք էր գրավել։ Այդ բարձունքը գրավելուց հետո հնարավո՞ր է՝ թշնամին այդ հատվածով ձեզ թեւանցեր եւ ձեր թիկունքում հայտնվեր։
- Ոչ։ Որովհետեւ մեզանից աջ եղել է մեր զորքերի շարունակությունը, իսկ էդ ասածս բարձունքը եղել է դիմացով։ Բացի էդ, որ եկել են ձախ կողմից, մենք տեսել ենք, անձամբ ես էլ եմ տեսել։ Սկզբից մենք մտածել ենք, որ մեր սպեցն ա գալիս խմբերով, հետո պարզվել ա՝ չէ։
- Հնարավո՞ր է՝ թշնամին սարի տակով գար, ճեղքեր հատվածը, սակայն դուք չնկատեիք։
- Ես ասում եմ՝ անձամբ տեսել եմ, թե ոնց ա հակառակորդն եկել։
Համլետ Լեւոնյանը, պատասխանելով պաշտպանի հարցերին, ասաց, որ հոկտեմբերի 5-ի առավոտյան արդեն հակառակորդի հետ մարտի են բռնվել դիմային հատվածում։ Պաշտպանը ընթերցեց մի քանի զինծառայողների անուններ՝ նշելով, թե ով ինչ վիրավորումից է զոհվել, եւ ասաց, որ վիրավորումների մեջ կան նաեւ բեկորայիններ։ Պաշտպանն ուզում էր հասկանալ, թե ինչպես են հրաձգային մարտի ժամանակ բեկորային վնասվածքներ ստացել։ Վկան նշեց, որ հակառակորդի հետեւակի հարձակողական գործողություններին ընթացքն ապահովել է հակառակորդի հրետանին։ Սակայն դատավորը թույլ չտվեց վիրավորումների մասին հարցեր հնչեցնել՝ ասելով, որ դրանք Համլետ Լեւոնյանին վերաբերելի չեն՝ նա չունի դատաբժշկական գիտելիքներ, ուստի չի կարող պատասխանել։ Դատավոր Վարդգես Սարգսյանն առաջարկեց ըստ անհրաժեշտության դատակոչել դատաբժշկին։
Հանրային մեղադրողը հակասություններ է նկատել վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում
Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը դատարանին միջնորդեց հրապարակել վկա Համլետ Լեւոնյանի նախաքննական ցուցմունքները՝ ասելով, որ հակասություններ կան դատարանում տված ցուցմունքի հետ։
Հակասությունները վերաբերում են Հովիկ Գաբրիելյանի ենթադրյալ նահանջի արդյունքում իր անձնակազմի զոհերի թվին։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում իր երկու ցուցմունքներում Լեւոնյանը նշել է 12 զոհի մասին, իսկ այժմ դատարանում՝ դատարանում, 9 զոհի։
Վկա Լեւոնյանը ցուցմունք է տվել 2022թ․ նոյեմբերի 10-ին եւ 2023թ․ նոյեմբերի 6-ին։ Ըստ հանրային մեղադրողի՝ երկու ցուցմունքներում էլ նա նշել է, որ Հովիկ Գաբրիելյանի ենթադրյալ նահանջի արդյունքում ունեցել է անձնակազմի 12 կորուստ։ Այդ 12-ի թվում, ըստ մեղադրող Մղդեսյանի, վկան նշել է նաեւ Վաղարշակ Բաղդասարյանի անունը, որը զոհվել է հոկտեմբերի 4-ին։ Դատարանում հարցաքննության ժամանակ Լեւոնյանն ասել էր, որ Վաղարշակ Բաղդասարյանն ու Դավիթ Խաչատրյանը զոհվել են հոկտեմբերի 4-ի գիշերը, ինչը, նրա պնդմամբ, կապ չունի Հովիկ Գաբրիելյանի նահանջի հետ։ Դատարանում նա նաեւ ասել է, որ այդ օրը զոհվել է մեկ սպա։ Մի պահ մտորելուց հետո վկա Լեւոնյանն ասաց, որ, ամեն դեպքում, հիմա դեպքերն ավելի մանրամասն է հիշում։ Դատավորը ճշտեց՝ հիմք ընդունել դատարանում տված ցուցմո՞ւնքը, ինչին վկան դրական պատասխանեց։
Զոհված զինծառայողի հորը հանգիստ չի տալիս հարցը՝ ինչի՞ց են զոհվել իր որդին ու նրա մարտական ընկերը
Զոհված զինծառայող Վաղարշակ Բաղդասարյանի հայրը՝ Հրաչիկ Բաղդասարյանը, դատարանում նշեց, որ իր որդին եւ Դավիթը չէին կարող տարբեր օրերի զոհված լինել, քանի որ նրանց մարմինները միասին են հայտնաբերվել՝ նույն տեղից։
Հրաչիկ Բաղդասարյանը վկայից հետաքրքրվեց՝ մարտական գործողությունների վայրում տեսախցիկներ եղե՞լ են, կա՞ն նկարահանված կադրեր։ Վկան պատասխանեց, որ որոշ հատվածներ տեսագրվել են, եւ այդ կադրերը, ըստ ամենայնի, Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում են։ Դատավորն արձանագրեց, որ դրանք ինչ-որ պահի արժե հետազոտել դատարանում։
Բաղդասարյանին հանգիստ չի տալիս այն հարցը, թե ինչից են զոհվել իր որդին ու նրա մարտական ընկերը՝ Դավիթ Խաչատրյանը։ Բաղդասարյանն ասաց, որ նրանց մարմիններից մի կադր կա, որտեղ երեւում է, որ տղաները իրար վրա են՝ կարծես մեկը մյուսին մարմնով ծածկած։ Բայց երբ նրանց մարմինները դուրս են բերվել, հնարավոր չի եղել պարզել՝ ինչ վիրավորումից են զոհվել։ Լեւոնյանն իր նախորդ հարցաքննության ժամանակ ասել էր, որ այն զենքը, որից զոհվել են տղաները, իրեն անծանոթ է։
Նախորդ նիստի ժամանակ զոհվածի հայրը վկայից հետաքրքրվել էր, թե երբ է իմացել Վաղարշակի ու Դավիթի անհետացման լուրը, ինչին Լեւոնյանը պատասխանել էր, որ գիշերը նրանց չեն տեսել, հետո մարդ են ուղարկել։ Այս նիստում Լեւոնյանն ասաց, որ նա, ով գնացել է տղաներին գտնելու, եկել ու ասել է, որ զենքերը տեղում են, բայց տղաները չեն երեւում։ Հրաչիկ Բաղդասարյանը կասկած հայտնեց, որ գուցե այդ մարդը չի էլ մոտեցել տեղանքին։ Վկան նշեց, որ եթե շատ չմոտենար զենքերին, կարող էր տարածքն ամբողջությամբ չտեսնել ու չնկատեր տղաներին։
Մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը հայտարարությամբ հանդես եկավ
Մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը դատարանում հանդես եկավ հայտարարությամբ։ Նա ասաց, որ ինքը 30-ին մոտ զոհ, 50-ին մոտ վիրավոր է ունեցել, բայց այսօր չկա մի ծնող, որ իրեն մի «ցուրտ» բառ ասի․
«Պայթում եմ ես, իրանք պահը բռնցրալ են․․․։ Իմ ձագերին փրկելու համար էսօր ես տառապում եմ, բայց իրանց զոհվելու համար՝ իմ ազգիս հերոս զավակների, պատասխանատու չեմ։ Էդ քյոռփեքին եմ կարացալ փրկեմ, որովհետեւ այլ տարբերակ չի եղել, ես ձեզ երդվում եմ․․․։ 17 տանկ, 20 հատ ԲՄՊ չի կարացել, 10 րոպե ա բոյ տվալ, էսօր ինքը (նկատի ունի վկա Լեւոնյանին,-հեղ․) հի՞նչ ասի, մի բառ ծուռ ասի՝ կդատեն էսքան զոհերի համար․․․։ Ես, տա աստված, մի հատ տեսանյութ բացվի, եւ կպարզվի իրականությունը։ Էսօր ես ո՞նց ասեմ, էդ տանկիստները, ինը հոգի նշում ա, էդ երեխեքը չպիտի դուրսը լինեին, ես ոնց ասեմ, ոնց ապացուցեմ, մեկը պիտի՞ հասկանա, որ էդ երեխեքին հանել ա դուրս ու կոտորել։ Իրավունք չունեին․․․ Էդ իմ մեղքը չէր, բա խի՞ իմ տանկիստներին ես չեմ հանել տանկերի միջից․․․։ Ինչ կա չկա՝ Գաբրիելյանի վրա, ֆսյո․․․»։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 17-ին, ժամը 16։00-ին։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)