Ճամբարակի համայնքապետի հայրը՝ Արարատ Ադամյանը, 2023 թվականին 8 մլն դրամ արժողությամբ Տոյոտա մակնիշի ավտոմեքենա է գնել՝ տարվա ընթացքում ունենալով ընդամենը 2․6 մլն դրամ եկամուտ։ Արարատ Ադամյանը 2023 թվականի դրությամբ չի ունեցել նաև բանկային ավանդներ և այլ դրամական միջոցներ։ Այսինքն՝ նրա գնման 6.4 մլն դրամը հայտարարագրված եկամուտներով չի հիմնավորվում։ Համայնքապետ Վազգեն Ադամյանին հարցրինք, թե ինչպես է իր հայրը գնել ավտոմեքենա, որն, ըստ վերջինիս հայտարարագրած եկամտի, չէր կարող գնել։
Համայնքապետը պատասխանեց, որ ավտոմեքենայի արժեքի մեծ մասը վճարվել է իր գործարար եղբոր՝ Պավլիկ Ադամյանի կողմից, իսկ մի մասը ընտանիքի՝ նախկին տարիներից գոյացած խնայողությունների հաշվին։
Սակայն նախկին տարիների խնայողությունները, եթե չեն ծախսվել և առկա են եղել նաև 2023 թվականին, պետք է արտահայտված լինեին Վազգեն Ադամյանի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերում՝ բանկային հաշիվների մնացորդների, առկա կանխիկի, բանկային ավանդների կամ հանձնված փոխառությունների ձևով։
Մենք ուսումնասիրեցինք նաև Վազգեն Ադամյանի, նրա կնոջ և մոր 2023 թվականի տարեկան հայտարարագրերը, որտեղ վերոնշյալ դաշտերում հայտարարագրված միջոցներ առկա չէին։
Ավելին՝ համայնքապետի եղբոր՝ ավտոմեքենայի համար վճարած գումարը պետք է արտացոլված լիներ համայնքապետի հոր՝ Արարատ Ադամյանի 2023 թվականի հայտարարագրի եկամուտներում՝ որպես որդուց ստացած նվիրատվություն։ Նման նշում, սակայն, հայտարարագրում առկա չէ։
Նշենք նաև, որ համայնքապետի ընտանիքի անդամները չեն ներկայացրել մի շարք հայտարարագրեր։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, մեր հարցման հիման վրա իրականացրած ուսումնասիրության արդյունքում հայտնաբերելով օրենքով սահմանված կարգով և ժամկետում հայտարարագրեր չներկայացնելու փաստեր՝ գրավոր ծանուցումներ է ուղարկել Վազգեն Ադամյանին և նրա ընտանիքի անդամներին։ Ըստ դրանց՝ Վազգեն Ադամյանը և նրա ընտանիքի անդամները չեն ներկայացրել 6 հայտարարագիր։
Ծանուցումներից հետո ևս հայտարարագրերը չեն ներկայացվել, ինչի արդյունքում Հանձնաժողովի Հայտարարագրերի վերլուծության վարչության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 15-ին կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ և փոխանցվել Վարույթների և իրավական ապահովման վարչություն՝ գործի հետագա ընթացքը լուծելու նպատակով: