E-disability էլեկտրոնային համակարգով անձի ֆունկցիոնալությունը գնահատելիս միջավայրային գործոնները հաշվի չառնելու հնարավորությունը ճանաչվել է ոչ իրավաչափ։ Նման վճիռ է կայացրել Վարչական դատարանը դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ՝ այդպիսով մասնակի բավարարելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության։
Ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը ներդրվել էր 2023 թ․ փետրվարին։ Ամիսներ անց՝ օգոստոսի 25-ին, կազմակերպությունը (այսուհետ՝ հայցվոր) դատական հայց էր ներկայացրել Նախարարության դեմ (այսուհետ՝ պատասխանող)՝ վիճարկելով դրա օրինականությունը։ Մասնավորապես, հայցվորը պահանջում էր՝
Դատական իշխանության պաշտոնական կայքից «Ինֆոքոմը» տեղեկանում է, որ հայցի մնացած՝ առաջին երկու պահանջները դատարանի վճռով մերժվել են։
Միջավայրային գործոնների առնչությամբ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքներով սահմանելով հիմնական հասկացությունները եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, միաժամանակ սահմանել է «հաշմանդամություն ունեցող անձ» հակացությունը՝ ընդգծելով, որ հաշմանդամություն ունեցող անձ է համարվում նա, ով ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ/կամ զգայական տեւական խնդիրների եւ միջավայրային արգելքների փոխազդեցության հետեւանքով կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մանակցության սահմանափակում․
«Այսինքն՝ անձին հաշմանդամ ճանաչելու համար օրենսդիրն ընդգծել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել անձի ինչպես ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ/կամ զգայական խնդիրները, այնպես էլ միջավայրային արգելքները՝ անձի միջավայրում այնպիսի խոչընդոտող գործոնները, որոնք սահմանափակում են անձի ֆունկցիոնալությունը եւ խանգարում են հաստակական կյանքին նրա սոցիալական ներառմանը, լիարժեք եւ արդյունավետ մասնակցությանը»։
Դատարանը շեշտել է, որ օրենսդիրը միաժամանակ սահմանել է «անձի ֆունկցիոնալության սահմանափակման» հասկացությունը՝ դրանում ընդգրկելով մարմնի կառուցվածքը («s» ծածկագիր), օրգանիզմի ֆունկցիաները («b» ծածկագիր), գործունեությունը եւ մանակցությունը («d» ծածկագիր), ինչպես նաեւ միջավայրային գործոնները («e» ծածկագիր)․
«Այսինքն՝ նշված երկու օրենքներով էլ օրենսդիրը միջավայրային գործոնները պարտադիր է համարել ինչպես հաշմանդանություն ունեցող անձ ճանաչելու, այնպես էլ անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու գործընթացներում․․․ Իսկ ինչ վերաբերում է Պատասխանողի ներկայացուցչի այն փաստարկին, որ անձը կարող է ունենալ առողջական թեթեւ խնդիրներ, սակայն միջավայրը բավականին ոչ մատչելի լինի, եւ այդ դեպքում միջավայրային գործոնները կգնահատվեն որպես ծանր կամ խորը խնդիր, եւ կարող են որոշիչ նշանակություն ունենալ՝ արհեստականորեն բարձրացնելով հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կամ որ ֆունկցիոնալության աստիճանի գնսհատան ժամանակ գնահատվող անձը կարող է․․․ ժամանավոր ընտրել այնպիսի տուն, որը բոլորովին մատչելի չէ, Դատարանը փաստում է, որ անկախ օբյեկտիվ իրականության մեջ առաջացող հնարավոր ինդիրների լուծման եւ վերահսկման բարդությունից, նշված հանգամանքները չեն կարող հիմք հանդիսանալ հիշյալ բանաձևը «e-disability» համացանցային էլեկտրոնային հարթակի միջոցով հաշմանդամություն ունեցող խմբերի նկատմամբ կիրառելիս՝ միջավայրային գործոնները հաշվի չառնելով իրավաչար ճանաչելու համար»։
Դատարանն ընդգծել է նաեւ, որ ըստ Նախարարության ներկայացուցչի՝ առանձին ծառայությունների մատուցման համար միջավայրային գործոնները հաշվի են առնվում, այսինքն՝ առկա է դրանք հաշվի առնելու հնարավորություն, եւ դա գործնականում իրականացվում է։
Բանաձեւը ստեղծելու եւ ներդնելու առնչությամբ Դատարանն արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը, ունենալով անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը, չափորոշիչները եւ գործիքները հաստատելու իրավասություն, դրա շրջանակներում նախ սահմանել է, որ գնահատումը պետք է իրականացվի հատուկ այդ նպատակով ներդրված «e-disability» էլեկտորոնային համակարգի միջոցով, այնուհետեւ Նախարարությանը հանձնարարել է ապահովել այդ համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակումը, նախագծումը եւ ներդրումը։
«Դատարանը փաստում է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցհարցերի նախարարության կողմից ֆունկցիոնալության սահմանման աստիճանը որոշող բանաձեւ ստեղծելը եւ այն, որպես «e-disability» էլեկտրոնային համակարգի տարր, այդ համակարգի տեխիկական եւ գործառութային նկարագրում տեղադրելու գործողություններն իրավաչափ են, բխել են օրենսդրի՝ անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնելու պահանջից։ Մասնավորապես՝ նախ սահմանվել է անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնելու պահանջ, որից հետո այդ պահանջի շրջանակներում ՀՀ աշխատանքի եւ սոցհարցերի նախարարին հանձնարարվել է մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 1-ն ապահովել «e-disability» էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակումը եւ համակարգի նախագծումը»։
Դատարանը չի համաձայնել հայցվորի այն փաստարկին, որ բանաձեւը չհանրայնացնելու արդյունքում խտրական մոտեցում է ցուցաբերվում հաշմանդանություն ունեցող անձանց նկատմամբ՝ նշելով, որ հաշվի է առնում հաշմանդամության ունեցող անձի կարգավիճակ տրամադրելու առանձնահատկությունները։ Մասնավորապես, այն, որ դրա նպատակն է օբյեկտիվ պայմաններ ստեղծելը, ինչը բխում է առաջին հերթին հաշմանդամություն ունեցող անձանց շահերից, քանի որ դրանով նախադրյալներ են ստեղծվում բացառելու կամ նվազագույնի հասցնելու արհեստական միջամտությամբ անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքների վրա ազդելու հնարավորությունը։ Դատարանի այս դիրքորոշման համար հիմք է հանդիսացել նաեւ այն, որ ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները եւ մեթոդաբանությունը հանրայնացված են, ինչը նշանակում է, որ անձանց համար պարզ է, թե ինչ չափորոշիչներով եւ յուրաքանչյուր չափորոշիչ ինչպես եւ ինչ միջավայրում է գնահատման ենթակա։
Ակտի պատճառաբանված լինելու առնչությամբ դատարանը նախ արձանագրել է, որ վարչական ակտի ինքնաշխատ ձեւավորվելու պահանջը սահմանված է ՀՀ կառավարության 28.07.2022 թվականի թիվ 1180-Ն որոշմամբ եւ ունի իրավական հիմք, ապա նշել․ «Պատախանողի ներկայացուցիչների կողմից Դատարանին ներկայացված ակտի ձեւանմուշը (նոր տարբերակը, որը Նախարարությունը խմբագրել է դատաքննության փուլում,-հեղ․) պարունակում է պաճառաբանական մաս․․․ Իսկ բանաձեւի չհանրայնացված լինելու եւ վճռորոշ ծածկագրերը չբացահայտելու հանգամանքները բավարար են վարչական ակտը պատճառաբանված գնահատելու համար,- նշել է դատարանը՝ հավելելով, որ անձը զրկված չէ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով բողոքարկելու հնարավորությունից»։
Ըստ Դատարանի՝ թեեւ ինքնաշխատ ձեւավորվող ակտի նախկին ձեւանմուշը չէր պարունակում «Հիմնավորում» հատված, սակայն վարչական վարույթի նյութերից պարզ է դարձել՝ որ նորմի կիրառմամբ եւ որ չափորոշիչը որքան միավոր գնահատելու արդյունքում էր ձեւավորվել ընդհանուր միավորը, ուստի բողոքարկման իրավունքի իրացման խոչընդոտ առկա չէ:
Դատարանը վճռել է բավարարված հայցի մասով հօգուտ կազմակերպության նախարարությունից բռնագանձել 10․000 ՀՀ դրամ՝ որպես պետտուրքի գումար։
Վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ վարչական դատարան՝ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։
Նշենք, որ թեեւ վճռի հրապարակման օր էր նշանակված հոկտեմբերի 28-ը, մինչ օրս վճիռը տեղադրված չէր ո՛չ Դատական իշխանության պաշտոնական կայքում՝ court.am-ում, ո՛չ էլ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։ Պաշտոնական կայքում այն հրապարակվեց միայն Վարչական դատարանի հանրային կապերի պատասխանատու Աբրահամ Աբրահամյանի հետ կապ հաստատելուց հետո։ Աբրահամյանը տեղեկացրեց, որ վճռի՝ «Դատալեքսում» հասանելի չլինելը պայմանավորված է համակարգի տեխնիկական խնդրով (տեւական ժամանակ է, ինչ դատական տեղեկատվական համակարգում մի շարք գործեր կամ դատական ակտեր հասանելի չեն, ուստի ԲԴԽ-ն դրանք ժամանակավորապես հրապարակում է իր պաշտոնական կայքում):
Միլենա Խաչիկյան
comment.count (0)