Երևանի 54 փողոց նորոգվել են առնվազն 2 անգամ, բայց փոսերը չեն վերացել
16:48 - 08 նոյեմբերի, 2024

Երևանի 54 փողոց նորոգվել են առնվազն 2 անգամ, բայց փոսերը չեն վերացել

Վերջին 7 ամսիսներին Երևանի փողոցների ասֆալտապատման նպատակով քաղաքային բյուջեից ծախսվել է մոտ 6 միլիարդ դրամ, կնքվել՝ 27 պայմանագիր։ Ըստ քաղաքապետարանի տրամադրած տեղեկության` աշխատանքներն ընդգրկել են մոտ 280 փողոց ։ 

Ուսումնասիրելով քաղաքապետարանի կողմից տրամադրված տվյալները՝ պարզել ենք, որ այս տարվա ընթացքում նորոգված 280 փողոցից 54-ում փոսային նորոգման կամ միջին նորոգման աշխատանքներ են իրականացվել առնվազն 2 տարբեր պայմանագրերով։ 

Հոկտեմբերի 9-ին և 10-ին դիտարկել ենք առնվազն երկու անգամ նորոգված փողոցներից երեքը. Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենց, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների Խորենացի և Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցները։ 


3.5 կմ երկարությամբ Խորենացի փողոցում, այս տարվա ընթացքում իրականացվել են փոսային նորոգման աշխատանքներ։ Ծախսվել է ընդհանուր առմամբ 75.8 մլն դրամ։ Չնայած դրան՝ Խորենացում կրկին փոսեր և ճաքեր են առաջացել, որոնք շարունակաբար խորանում և մեծանում են։ 

Մովսես Խորենացի փողոց 

Նույն խնդիրն առկա է նաև Թոթովենց փողոցում, որտեղ մի քանի ամսվա ընթացքում իրականացվել են թե փոսային նորոգումների և թե միջին նորոգման աշխատանքներ։ Բայց փողոցի այն հատվածներում, որտեղ իրականացվել էին փոսային նորոգման աշխատանքներ, արդեն իսկ նոր փոսեր են առաջացել։ Թոթովենցում իրականացրել են փոսալցման և միջին նորոգման աշխատանքներ՝ ծախսելով 31 մլն դրամ։ 

Վահան Թոթովենցի փողոց

Վաղարշյան փողոցը կրկին նորոգել են երկու անգամ՝ հատկացնելով 3.5 մլն դրամ։ Փողոցում իրականացված աշխատանքներից հետո նկատվում են ճաքեր, փոսեր և ճանապարհային ծածկի վիճակի հետ կապված այլ խնդիրներ։

Վաղարշյան փողոց

Ավելի վաղ՝ 2024 թվականի մայիսին, Ինֆոքոմը հրապարակում էր արել, որում անդրադարձել էր քաղաքում իրականացվող անորակ փոսային նորոգումներին։ Դեռ այն ժամանակ արձանագրել էինք դեպքեր, երբ նորոգված փողոցների վրա նոր փոսեր էին առաջացել։ 

Եղած իրավիճակը հարցեր է առաջացնում նորոգման որակի և կատարված աշխատանքների վերահսկողության վերաբերյալ։ Երևան քաղաքի ճանապարհների շահագործման և սպասարկման բաժնի պետ Արսեն Իսկանդարյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում նշեց, որ քաղաքում փողոցներ կան, որոնց հիմքը ամուր չէ,  ուստի կատարված աշխատանքների արդյունավետությունը չի երևում, իսկ ընդհանուր արդյուքներից և կապալառու ընկերությունների կատարած աշխատանքից գոհ են։ 

«Փողոցներ ունենք, որ նույն ծրագրով, նույն շինարարը մի 3 անգամ էդ մի հատվածը անում է, մենք էլի դժգոհ ենք, բայց հասկանում ենք, որ ուրիշ լուծում չկա, քանի որ հիմքերը լավը չի, փոսային նորոգումն էլ էդ հատվածներում չի օգնում»,- ասում է Իսկանդարյանը, նշելով, որ թույլ հիմք ունեցող փողոցներում փոսային նորոգումներ իրականացնելը ռեսուրսի վատնում է, քննարկում են մյուս տարվանից զբաղվել այդ փողոցների հիմնանորոգմամբ։ 

«Եթե էս տեմպերով մենք շարունակենք 2026 թվականին արդեն Երևան քաղաքում կոնկրետ տենց փոսեր չենք ունենալու, ունենալուց էլ 1-2 ամսից ավել էդ փոսերը չեն մնալու»,- ասում է սպասարկման բաժնի պետը։ 

Իսկանդարյանի պնդմամբ շինարարները իրենց աշխատանքը ստանդարտներին համապատասխան են անում, բոլոր նմուշները ուղարկվում են լաբորատոր փորձաքննության, աշխատանքների ընթացքում միշտ ներկա են լինում տեխհսկողներն ու վարչության ինժեներները, բայց վատ կոմունիկացիաների (կոյուղու, ջրի խողովակներ) պատճառով ասֆալտը դիտահորերն է թափվում կամ դրանց կողքերը իջվածքներ է առաջանում։ 

Հեղինակ՝ Ջուլիետտա Հովհաննիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել