Մեծ սկանդալ Բաքվում COP29-ի մեկնարկից առաջ |hetq.am|
19:09 - 09 նոյեմբերի, 2024

Մեծ սկանդալ Բաքվում COP29-ի մեկնարկից առաջ |hetq.am|

hetq.am: Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայական 29-րդ համաժողովից (COP29) մի քանի օր առաջ BBC-ի ադրբեջանական ծառայության տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որտեղ համաժողովի գործադիր տնօրենը քննարկում է հանածո վառելիքի շուրջ հնարավոր գործարքները:

Ինչպես հայտնում է բրիտանական լրատվամիջոցի ադրբեջանական ծառայությունը, համաժողովի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սուլթանովն օգտագործել է իր պաշտոնական դիրքը՝ փորձելով ներդրումներ ներգրավել իր հետ կապված SOCAR պետական նավթագազային ընկերության համար։ Գաղտնի ձայնագրված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է նա հավանական գործարքը քննարկում ներդրող ներկայացող անձի հետ:

«Մենք ունենք գազային բազմաթիվ հանքավայրեր, որոնք պետք է շահագործվեն»,- տեսագրության մեջ նշել է ադրբեջանցի պաշտոնյան։

ՄԱԿ-ի կլիմայի համար պատասխանատու գերատեսչության նախկին ղեկավարը BBC-ին ասել է, որ Սուլթանովի գործողությունները «բացարձակապես անընդունելի են», և դա «դավաճանություն» է COP-ի ամբողջ գործունեությանը:

Սուլթանովը ոչ միայն COP29-ի գործադիր տնօրենն է, այլև Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը։ Նա SOCAR-ի՝ Ադրբեջանի պետական նավթագազային ընկերության խորհրդի անդամ է։ COP29-ի ադրբեջանական թիմը չի պատասխանում մեկնաբանության դիմումներին։

Նավթն ու գազը ադրբեջանական տնտեսության կարևոր ուղղություններից են և կազմում են արտահանման ավելի քան 90%-ը։

COP29 համաժողովը մեկնարկում է երկուշաբթի օրը։ Սա 29-րդ ամենամյա համաժողովն է, որին մասնակից երկրները քննարկում են կլիմայական փոփոխություններն ու դրա դեմ պայքարը։

Ադրբեջանցի պաշտոնյայի հետ կապված սկանդալի փաստաթղթերն ու գաղտնի տեսագրությունը BBC-ին տրամադրել է Global Witness իրավապաշտպան կազմակերպությունը։ Դրա ներկայացուցիչներից մեկը դիմել է COP29-ի թիմին՝ ներկայանալով որպես Հոնկոնգից ներդրումային հորինված ընկերության ղեկավար, որը մասնագիտացած է էներգետիկայի ոլորտում: Նա հայտնել է, որ ընկերությունը հետաքրքրված է COP29 գագաթնաժողովի հովանավորմամբ, սակայն դրա դիմաց կցանկանար քննարկել SOCAR-ում ներդրումներ կատարելու հնարավորությունները: Սուլթանովը առցանց հանդիպում է կազմակերպել։

Հանդիպման ժամանակ Սուլթանովը հավանական հովանավորին հայտնել է, որ համաժողովի նպատակն է «կլիմայական ճգնաժամի լուծումը» և «արդար, կարգավորված ու իրավահավասար ձևով ածխաջրածիններից հրաժարումը»:

Նա նշել է, որ յուրաքանչյուրը, ներառյալ նավթագազային ընկերությունները, «կարող են գալ լուծումներով», քանի որ «Ադրբեջանի դռները բաց են»: Ընդ որում, նա նշել է, որ ինքը բաց է գործարքների քննարկման համար, այդ թվում նաև նավթի և գազի շուրջ:

Սկզբում Սուլթանովը հավանական հովանավորին առաջարկել է դիտարկել «էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրներին անցնելու որոշ նախագծերում» ներդրումներ կատարելու հնարավորությունը, որոնց մասնակցում է SOCAR-ը, բայց հետո նշել էր գազի արդյունահանման ավելացման Ադրբեջանի ծրագրերի հետ կապված հնարավորությունների մասին, ներառյալ՝ խողովակաշարերի համար նոր ենթակառուցվածքը: Նա խոսել է նաև համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հնարավորության մասին։ «SOCAR-ը նավթ ու գազ է վաճառում ողջ աշխարհում, այդ թվում՝ Ասիայում»,- տեսանյութում նշում է Սուլթանովը։

Ադրբեջանցի պաշտոնյան բնական գազն անվանել է «անցումային վառելիք» և նշել. «Մենք որոշակի քանակությամբ նավթ և բնական գազ կարտադրենք, գուցե, ընդմիշտ»:

Սուլթանովի վերջին արտահայտությունը հստակ հակասում է այն պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել կլիմայական վերջին համաժողովի ժամանակ։ Խոսքը հանածո վառելիքից աստիճանաբար հրաժարվելու մասին է։

Սուլթանովը հավանական ներդրողին խոստացել է, որ կօգնի կապ հաստատել իր թիմի և SOCAR-ի թիմերի միջև: Մի քանի շաբաթ անց հոնկոնգյան կեղծ ընկերությունն էլեկտրոնային նամակ է ստացել ադրբեջանական ընկերությունից:

COP-ի ժամանակ բիզնես գործարքներ կնքելու փորձը համարվում է լուրջ խախտում: Դրա շրջանակներում իրականացվող գործողությունները պետք է նպատակ ունենան նվազեցնել հանածո վառելիքի օգտագործումը, որը կլիմայի փոփոխության հիմնական գործոնն է, այլ ոչ թե ավելի մեծ քանակությամբ փորձեն վաճառեն այն: Այս կանոնները սահմանվում են ՄԱԿ-ի կլիմայական բանակցությունների համար պատասխանատու մարմնի կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել