azatutyun.am: Այսօր Բաքվում COP29-ի ղեկավարների գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն՝ իր խոսքում չշրջանցելով նաև Հայաստանն ու Ղարաբաղը։
Իշխանությունը հորից ժառանգած ու ավելի քան 20 տարի անփոփոխ իշխանության ղեկին գտնվող Ալիևը խոսել է միջազգային իրավունքից ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերից, որոնք, իր խոսքով, «թղթի վրա էին մնացել 30 տարի», բայց իրենք իրականացրին այդ բանաձևերը։
Ադրբեջանի նախագահը այս անգամ ևս օգտագործել է միջազգային գագաթնաժողովի հարթակը Հայաստանին 3 տասնամյակ օկուպացիայի մեջ մեղադրելու համար ու շեշտել «իրենց հաղթանակը» Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։
Ալիևը նաև ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությունների գագաթնաժողովին պաշտպանել է հանածո վառելանյութերը, այսինքն՝ նավթն ու գազը շահագործելու իրավունքը՝ այն «Աստծո պարգև» անվանելով։
«Դա «Աստծո պարգև»-ն է։ Յուրաքանչյուր բնական ռեսուրս՝ լինի դա նավթ, գազ, քամի, արև, ոսկի, արծաթ, պղինձ, այդ ամենը բնական ռեսուրսներ են։ Եվ երկրները չպետք է մեղադրվեն դրանք ունենալու համար և չպետք է մեղադրվեն այդ ռեսուրսները շուկա հանելու համար, որովհետև դրանք անհրաժեշտ են ժողովրդին», - շեշտել է նա:
comment.count (0)