ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP 29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել, չի գրանցվել։ Այդ մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակությունից ինչ-որ կազմակերպություններ միգուցե նման բան արած լինեն, թեև այդ մասին էլ ինձ որևէ տեղեկություն հայտնի չէ։ Եթե դա նկատի ունեն, ապա ՀՀ–ն ազատ, ժողովրդավար երկիր է, և ՀՀ կառավարությունը ոչ ցանկություն ունի, ոչ էլ լծակներ` ուղղորդելու կամ կառավարելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ Հայաստանը գրանցվել է Բաքվում COP-29 կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու համար, սակայն հայկական պատվիրակությունը ներկայացված չէ միջոցառմանը։
Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP–29 գագաթնաժողովը անցկացվում էԲաքվում նոյեմբերի 11–24–ը։