1lurer.am: Քաղաքացին այլևս չի հավատում որոշ շրջանակների կողմից հորինված պատմություններին, այլ հավատում է ռեալ իրադարձությունների արդյունքում ձևավորված իրականությանը: Չի հավատում պատմությանը, հավատում է իրականությանը: Այստեղ են մեր և ձեր ունեցած պատկերացումների տարբերություններն իրական և պատմական Հայաստանների միջև: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ընդդիմության՝ խորհրդարանի ամբիոնից հնչող քննադատություններին:
«Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա ինքնիշխանություն, չկա պետականություն, և կա հնարավորություն՝ դառնալու գուբերնատոր. սա է այն ձգտումը, որին դուք ուզում եք հասնել: Դրա համար եք ասում՝ իրական Հայաստանը սպառնալիք է... Այո՛, սպառնալիք է իրական Հայաստանը Դաշնակցության համար, որտեղ չկաք դուք, չկա ազգային-ազատագրական պայքարի վերնագրի ներքո գուբերնատոր դառնալու շանս:
ՀՀ-ն այն վայրն է, որտեղ երկարամյա պատմական ծանր ընթացքից հետո հայ ժողովուրդը գտել է իր ազատությունն ու խաղաղ գոյատևելու բանաձևը: Այո՛, իր պատմական հայրենիքի տարբեր հատվածներից, պատմական տարբեր ժամանակաշրջաններում վտարվելով, ցեղասպանվելով՝ հաստատվել է իր պատմական Հայաստանի այս հատվածում, կարողացել է ստեղծել, ձեռք բերել, դարձնել այս հատվածը միջազգայնորեն ճանաչված պետություն, ու հիմա մենք մեր ժողովրդի հետ ուզում ենք միջազգայնորեն ճանաչված պետության սահմաններն ամրացնել, սահմանազատել, սահմանագծել, կարգավորել հարաբերությունները մեր հարևանների հետ և գտնել վերջնական հանգրվան հայ ժողովրդի խաղաղության ու ազատության համար:
Այս բյուջեի ամբողջ քննարկումներն այս ամեն ինչի մասին են: Այս բյուջեով մենք պետք է այս ամեն ինչն իրականացնենք, այն բյուջեով, որին դուք դեմ եք, և ուրեմն դուք բյուջեին դեմ չեք, դուք դեմ եք այն Հայաստանին, որտեղ դուք չկաք, որտեղ անելիք չունեք: Սա է բանաձևը, և սա է իրական Հայաստանը, որը որևէ կերպ չի կարող հակադրության և հակասության մեջ լինել պատմական Հայաստանի հետ:
Մեկ անգամ ասել եմ ու էլի եմ ուզում ասել՝ իրական Հայաստանը հայ ժողովրդի պատմական բոլոր ժամանակների պայքարի վերջնարդյունք է, և եթե կուզեք՝ իրական Հայաստանը պատմական Հայաստանի հաղթանակն է:
Կեցցե՛ ՀՀ-ն, կեցցե՛ ժողովրդի պետությունը»,- ամփոփելով խոսքը՝ ասաց Արթուր Հովհաննիսյանը:
comment.count (0)