news.am: Այս մի քանի օրերի քննարկումը շատ հետաքրքիր մի շերտ բացեց: Այս քննարկման՝ հարկերի, հերոսության հատվածը շատ մերկացնող է: Այն երկու հայեցակարգային պատկերացումների բախումն էր՝ մի կողմում ինքնիշխան քաղաքացին էր, մյուս կողմում՝ պետականազուրկ հպատակը: Այս երկու հայեցակարգային բախումները մերկացնում են ընդդիմության իրական պատկերացումները պետության մասին: Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե հարկ վճարողը հերոս է, ասաց՝ հարցին պետք է նայել խորքային:
«Մենք չենք ասում հարկ վճարելն ինքնին ավտոմատ հերոսություն է, մենք ասում ենք՝ հարկ վճարելով քաղաքացին պահում է պետությունը: Պետություն պահելն է հերոսություն: Հարկ վճարողը պահում է պետությունը, և դրանով պետություն պահելը հարկ վճարող քաղաքացու կողմից հերոսություն է: Հիմա որն է ընդդիմության պրոբլեմը»,- պարզաբանեց Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմության խնդիրը սրա հետ ունի խոր պատմական արմատներ՝ ժամանակին մեր պապերը հարկ տվել են ուրիշ պետությանը, դրա համար «պետականազուրկ հայի համար իրեն ճնշող պետությանը հարկ տալը հերոսություն չի եղել»:
Նա ընդդիմադիր գործընկերներին մեղադրեց պետականազուրկ հպատակի տրամաբանությամբ առաջնորդվելու համար:
«Որովհետև մենք հիմա ունենք պետություն, բայց դուք նորից մտածում եք, որ հարկ տալը հերոսություն չէ, որովհետև դուք այս պետությունը ձերը չեք համարում: Հենց դա է մերկացնողը»,- նշեց Հայկ Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ ի վերջո, հարկը պետություն ունենալու գինն է, և եթե ազատ քաղաքացին որոշում է հարկ չտա իր պետությանը, հարկ պետք է վճարի ուրիշ պետությանը:
«Դուք, օրինակ, շատ քամահրական վերաբերմունք ունեք ՀՀ 29 743 քառակուսի կմ սահմանների և տարածքի նկատմամբ: Ձեր շրջաբերականում դուք ընդհանրապես ասում եք՝ Հայաստանը երբևէ չպետք է ունենա սահման: Որովհետև դուք ուզում եք մեծ բաներ: Այն, ինչ ձեր պատկերացումների մեջ է, պետք է լինի մեծ և լինի անցյալում, որի համար դու պատասխանատվություն ստանձնելու կարիք չունենաս»,- հավելեց նա՝ ընդդիմությանը մեղադրելով քաղաքական դինոզավրեր դառնալու ճանապարհի համար:
«Դուք ուզում եք, որ մենք՝ որպես հանրություն, դառնանք դինոզավր՝ դառնանք մեծ, ուժեղ, բայց գոյություն չունենանք»,- խոսքը եզրափակեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը:
comment.count (0)