armenpress.am: Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը 2021-2023 թվականներից զբաղեցրած Գեղամ Ստեփանյանը կարծում է, որ Ադրբեջանը շատ հաճախ տարբեր պետությունների կողմից խրախուսվել է իր հանցավոր գործողությունների համար։ Նրա խոսքով COP-29 համաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումն ամենավառ ապացույցն է, որ գործ ունենք ոչ միայն անպատժելիության, այլև հանցագործին խրախուսելու պրակտիկայի հետ միջազգային ընդհանուր հարթակում։
Գեղամ Ստեփանյանն այդ մասին ասաց «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և բնապահպանության վրա» թեմայով պանելային քննարկման ժամանակ, որը կազմակերպվել է Ադրբեջանում անցկացվող Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների COP-29 գագաթնաժողովի կապակցությամբ Հայաստանում անցկացվող միջոցառումների շրջանակում։
«Լեռնային Ղարաբաղի շրջափակումն Ադրբեջանի կողմից 2020 թվականի պատերազմից հետո համակարգված ու հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական արարն էր։ Դա մի գործողություն էր, որը միտված էր արցախահայությանն իրենց ենթարկելուն, ինչի մասին Ադրբեջանը նույնպես բացահայտորեն հայտարարեց շրջափակումն իրականացնելուց առաջ։ Ադրբեջանցիները մեր հայրենակիցներին սովի, սովամահության ու զրկանքների ենթարկելու միջոցով ձգտում էին հասնել իրենց նպատակին։ Շրջափակման ընթացքում առաջացած հումանիտար հետևանքների ու մարդկանց իրավունքների տոտալ խախտումների մասին բազմիցս խոսվել է։ Դժվար է բառերով նկարագրել աղետալի այն իրավիճակը, որն առաջացել էր Արցախում։ Այժմ տարածության ու ժամանակի մեջ հետադարձ հայացք դարձնելով այդ ամենին՝ պետք է նշեմ, որ զարմանք է առաջացնում, թե ինչպես մարդ արարածը կարող էր անցնել այդ ամենի միջով»,- նշեց Ստեփանյանը։
Նրա կարծիքով՝ չափազանց զարմանալի է նաև այն հանգամանքը, թե ինչպես կարող է միջազգային հանրությունն այդ ամենին անդրադառնալ ոչինչ չասող, սնանկ հայտարարություններով, երբ աշխարհի աչքերի առջև 120 հազար մարդ՝ այդ թվում 30 հազար երեխաներ ամենօրյա ռեժիմով ենթարկվում էին ծանր տառապանքների ու զրկանքների։
«Այդ դաժան օրերին արձանագրվում էին սովամահության, թերսնման դեպքեր։ Ամենախոցելի խմբի ներկայացուցիչները՝ հաշմանդամություն ունեցող անձինք, հայտնվել էին դեղորայքային դեֆիցիտի պայմաններում, մինչդեռ այդ օրերին ամբողջ աշխարհից ստանում էինք ընդամենը հայտարարություններ։ Եթե նույնիսկ պետք է հումանիտար կազմակերպություններին խնդրեինք, որպեսզի հանդես գային դատապարտող հայտարարությամբ, ուրեմն ինչ-որ բան սխալ է մարդու իրավունքների պաշտպանության համակարգում։ Բազմաթիվ օրինակները ցույց են տալիս, թե ինչպիսի վատթարագույն իրավիճակում էր հայտնվել Արցախի ժողովուրդը։ Էլ չեմ խոսում սննդի մասին, այդ սննդի բացակայության ազդեցությունը հատկապես երեխաների վրա։ Շրջափակման ընթացքում ամեն օր մեր բժիշկներից ստանում էինք ուշագնացության դեպքերին առնչվող ահազանգեր։ Երեխաներն ուշաթափվում էին դասերի ժամանակ, փողոցներում։ Ցավալին այն է, որ այդ ամենը մնաց անպատժելի»,- նշեց Ստեփանյանը։
Ստեփանյանի դիտարկմամբ՝ շատ դժվար է այդ ամենից հետո առհասարակ խոսել մարդու իրավունքների պաշտպանության և հումանիտար արժեքների մասին։ Նա հավելեց, որ անցյալը կրկին վերապրելը, թեև ցավ ու տառապանք է պատճառում, սակայն մարդկանց խնդիրների բարձրաձայնումը նրանց պարտքն է, ովքեր այդ դժնդակ օրերին Լեռնային Ղարաբաղում զբաղվում էին մարդկանց իրավունքների պաշտպանությամբ։
«Այդ ժամանակահատվածում միջազգային ոչ պատշաճ արձագանքը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելը հանգեցրին նրան, որ Ադրբեջանն ուղղակի 2023 թվականի սեպտեմբերին նախաձեռնեց հերթական ագրեսիան Արցախի ժողովրդի նկատմամբ, ինչն էլ հանգեցրեց այնտեղ հայ բնակչության էթնիկ զտմանը։ Մինչև 2020 թվականն Արցախում ապրում էր 145 հազար մարդ, մինչդեռ այսօր այնտեղ ապրում է ընդամենը 13 հայ։ Ահա այն պատկերը, որի միջոցով կարելի է ընդհանուր կարծիք կազմել Ադրբեջանի և առհասարակ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի մասին։ Թեև այդ իրավունքներով զբաղվում են որոշ իրավապաշտպան կազմակերպություններ, սակայն նրանց աշխատանքը չի տրանսֆորմացվում ու չի արտացոլվում քաղաքական որոշումներ կայացնողների գործունեության մեջ»,- եզրափակեց Ստեփանյանը։
comment.count (0)