50 մլն դրամի շինաշխատանքը՝ պաշտոնյայի եղբոր, վերահսկողությունը՝ որդու ընկերությանը․ Ստեփանավան համայնքի գնումները
19:57 - 18 նոյեմբերի, 2024

50 մլն դրամի շինաշխատանքը՝ պաշտոնյայի եղբոր, վերահսկողությունը՝ որդու ընկերությանը․ Ստեփանավան համայնքի գնումները

Ստեփանավանի համայնքապետարանը շուրջ 50 մլն դրամի պայմանագիր է կնքել Քաղաքաշինության բաժնի նախկին պետ, այժմ համայնքապետի օգնական Լևոն Քալանթարյանի եղբոր ընկերության հետ՝ բազմաբնակարան շենքում էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքների իրականացման համար։ Աշխատանքի տեխնիկական հսկողությունն էլ իրականացրել է Լևոն Քալանթարյանի որդու ընկերությունը։

Ըստ 2022 թվականի հուլիսի 21-ին կնքված պայմանագրի՝ Ստեփանավանի համայնքապետարանը «Տրիտոն» ընկերությանը վճարել է 49 միլիոն 740 հազար դրամ՝ համայնքի բազմաբնակարան շենքերից մեկի էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքների իրականացման համար։

«Տրիտոն» ընկերության 100% բաժնետեր և տնօրեն Արթուր Քալանթարյանի եղբայրը՝ Լևոն Քալանթարյանը, պայմանագրի կնքման պահին եղել է Ստեփանավանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետը։ 2024 թվականից նա համայնքապետ Արմեն Գրիգորյանի օգնականն է։

1994 թվականին Արթուր և Լևոն Քալանթարյանները միասին են հիմնադրել բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ զբաղվող այս ընկերությունը։ 2021 թվականին Լևոն Քալանթարյանը դուրս է եկել ընկերությունից՝ իր ունեցած 32% բաժնեմասը հանձնելով եղբորը։ 

Համայնքապետարանը գնումն իրականացրել է հրատապ բաց մրցույթ ընթացակարգով՝ 3 առանձին չափաբաժինների համար։ Երկու չափաբաժնում հաղթել է «Արտարս», մեկում՝ «Տրիտոն» ՍՊԸ-ն։ Մրցույթի հայտերը գնահատող և հաղթողին որոշող հանձնաժողովի անդամներից երկուսը՝ Կարեն Պողոսյանը և Կամսար Ֆրանգյանը, եղել են համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետներ, այսինքն՝ աշխատել են  Լևոն Քալանթարյանի ուղիղ ենթակայությամբ։

Այսքանով Քալանթարյանների պատմությունը չի ավարտվում. «Տրիտոն»-ի հետ պայմանագրի կնքման օրը կնքված մեկ այլ՝ 2 միլիոն 850 հազար դրամի պայմանագրով վերոնշյալ աշխատանքների տեխնիկական հսկողությունը վստահվել է «Ստեփ պլաստ» ՍՊԸ-ին, որի 100% բաժնետերը և տնօրենը Լեւոն Քալանթարյանի որդին է՝ Աշոտ Քալանթարյանը։ Գնումն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով, և այս անգամ էլ հայտերը գնահատող հանձնաժողովի կազմում եղել է քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակից Կարեն Պողոսյանը։

Ըստ պայմանագրի՝ «Ստեփ պլաստ» ընկերությունը պետք է վերահսկեր շինաշխատանքների ընթացքը, լուսանկարեր և հետևեր, որ դրանք իրականացվեն պայմանագրի պայմաններին համապատասխան, խախտում նկատելու դեպքում անհապաղ տեղեկացներ համայնքապետարանին և այլն։ Ստացում է՝ զարմիկը պետք է վերահսկեր իր հորեղբոր ընկերության կատարած աշխատանքը։ 

2024 թվականին «Տրիտոն» ընկերությունը ավելի քան 250 մլն դրամի պայմանագիր է կնքել ԿԳՄՍ նախարարության հետ՝ Լոռու մարզի Լոռի բերդի միջնաբերդի և Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ եկեղեցիների վերականգնողական աշխատանքների համար։ Այս աշխատանքներում «Ստեփ պլաստ»-ի սեփականատեր Աշոտ Քալանթարյանն արդեն ներկայանում է որպես «Տրիտոն» ընկերության ինժեներ։

Պայմանագրեր համայնքային պաշտոնյաների և նրանց կանանց հետ

 

Ստեփանավանի համայնքապետարանը համայնքապետի ներկայիս տեղակալ, նախկին օգնական Արսեն Հարությունյանի կնոջ՝ Աննա Բունիաթյանի հետ 2022 և 2023 թվականներին կնքել է 9 պայմանագիր՝ ընդհանուր առմամբ ավելի քան 4 մլն դրամ արժողությամբ։

«Աննա Բունիաթյան» ԱՁ-ն համայնքային չորս մանկապարտեզներին մատակարարել է գրենական պիտույքներ և մաքրման միջոցներ, համայնքապետարանին՝ հեռախոսներ։ Գնումներից 3-ն իրականացվել է էլեկտրոնային աճուրդով, մնացյալը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ 

Աննա Բունիաթյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2022 թվականին Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններին եղել է կուսակցության նախընտրական ցուցակում։ 

Իսկ ավագանու ՔՊ-ական անդամ Արծրուն Հակոբյանի ԱՁ-ն 2022 թվականի դեկտեմբերին կնքված պայմանագրով 7600 կիլոգրամ հաց է մատակարել համայնքային բոլոր չորս մանկապարտեզներին։ Մրցույթն անցկացվել է էլեկտրոնային աճուրդով, մասնակցել է միայն «Արծրուն Հակոբյան» ԱՁ-ն։ Պայմանագրի արժեքն ավելի քան 2 մլն դրամ է։ Հակոբյանն իր 2023 թվականի հայտարարագրում չի նշել, որ անհատ ձեռներեց է և ընկերությունից եկամուտներ չի հայտարարարագրել։ Մեզ հետ զրույցում Հակոբյանը հավաստիացրեց, որ հայտարարագրել է իր ԱՁ-ն և որ կկապվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ՝ վերացնելու անճշտությունը։

Կառավարող խմբակցությունից ավագանու մեկ այլ անդամ Արթուր Պապյանի կնոջ՝ Կարինե Բախշինյանի ԱՁ-ն էլ համայնքապետարանին երկու անգամ մատուցել է քարտրիջների և պատճենահանող սարքերի լիցքավորման ծառայություն, մեկ այլ պայմանագրով էլ վաճառել է քարտրիջներ՝ ընդհանուր 1 383 000 դրամ արժողությամբ։

Ստեփանավանի համայնքապետարանը, սակայն, ներկայացրված դեպքերից որևէ մեկում խնդիր չի տեսնում։ Համայնքապետարանը, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, մեջբերելով Գնումների մասին օրենքի և Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու մասին կառավարության որոշման դրույթները, նշում է, որ շահերի բախման դեպքեր առկա չեն։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ նշված իրավական ակտերի համապատասխան դրույթներն են թույլ տալիս պետական և համայնքային ղեկավար պաշտոնյաների հետ փոխկապակցված կամ նրանց հետ առնչվող ընկերություններին մասնակցել և հաղթել մրցույթներում։ Պաշտոնյայի հարազատի, ընկերոջ ընկերությունը հայտ է ներկայացնում, հաղթում, բայց քանի որ պաշտոնյան հայտերը գնահատող հանձանաժողովում չէ, խնդիր չի ծագում։

«Նշված դեպքերում դե-յուրե խնդիր չկա, սակայն կարող ենք ունենալ ողջամիտ համոզմունք, որ կա շահերի բախում։ Լսել եմ, որ հիմա Գնումների մասին օրենքում այս բացը ցանկանում են լրացնել նման տեսակի շահերի բախումից խուսափելու համար, որովհետև այն, իրոք, մասսայական բնույթ է կրում»,- մեր զրույցում ասում է Հոկտանյանը։

Գնումների մասին օրենքը չի արգելում, որ գնահատող հանձնաժողովի անդամը կարող է մասնակցել իր վերադասին փոխկապակցված ընկերության հայտի բացմանը և գնահատմանը, ինչպես նաև դրա վերաբերյալ որոշման ընդունմանը, սակայն հանրային ծառայության մասին օրենքի տեսանկյունից կարող է խնդիր առաջանալ։

«Ճիշտ է, տվյալ պարագայում գնահատող հանձնաժողովի անդամին փոխկապակցված ընկերության հետ գործ չունենք, սակայն որքանո՞վ է օբյեկտիվ իր վերադասի օգտին կայացված որոշումը։ Դժբախտաբար, Գնումների օրենքի տեսանկյունից խնդիր չկա այստեղ։ Իհարկե, գնահատող հանձնաժողովի անդամը կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որպեսզի պարզի իր մասնակցության թույլատրելիությունը շահերի բախման տեսանկյունից, սակայն սա միջազգային պրակտիկայում է, Հայաստանի համար ֆանտաստիկայի ժանրում է»,- մեր զրույցում ասում է Հոկտանյանը։

Նրա խոսքով՝ համայնքային պաշտոնյաների, ավագանու անդամների ընկերություններից գնումների տարածված պատճառաբանությունն այն է, որ այնտեղ տվյալ ծառայությունը մատուցող ընկերությունները շատ չեն, և երբեմն բարդ է գտնել ընկերության, որը կապ չի ունենա որևէ պաշտոնյայի հետ։

«Խնդիրը պրակտիկայում իրապես կա, բայց, օրինակ, Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին մասնակցում են մայրաքաղաքից դուրս գրանցված ընկերություններ, այսինքն՝ բոլոր ընկերությունները չեն կենտրոնացված Երևանում։ Ստացվում է, որ այդ համայնքից դուրս ընկերություններն էլ են մասնակցում մրցույթներին, անգամ միջազգային մրցույթ կարող են հայտարարել ցանկության դեպքում։ Պետք է հասկանալ՝ տվյալ համայնքում իրո՞ք գնման տվյալ առարկան միայն այդ ընկերությունը կարող է մատակարարել։ Եթե այո, միայն իրենք են, ապա հարց կառաջանա՝ ինչու չկան այլ ընկերություններ․ արդյոք նրանք դո՞ւրս են շպրտվել, որը մեր իրականությունում բացառված չէ»,- նշում է Հոկտանյանը։

Մեկ անձը՝ նախընտրելի ընթացակարգ

 

Ստեփանավանի համայնքապետարանի 2022 և 2023 թվականների գնումներում գերակշռում են մեկ անձից կատարված գնումները։ Նշված երկու տարիների ընթացքում համայնքապետարանը կատարել է 200 գնում, որից 146-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 

Նշենք, որ մեկ անձից գնման ընթացակարգի պարագայում մրցույթ չի հայտարարվում, և գնումն իրականացնող կառույցը  լիարժեք հնարավորություն է ստանում պայմանագիր կնքելու իր նախընտրած ընկերության հետ։ Միաժամանակ, այս ընթացակարգով գնումները օրենքով սահմանված սահմանափակումներ ունեն, և պետք է հիմնավորվի նման ընթացակարգի ընտրությունը։ 

Ըստ Ստեփանավանի համայնքապետին ուղղված հարցման պատասխանի՝ 2022 թվականին 77 մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագրերից 6-ի հիմնավորումն այն է, որ տվյալ առարկան կամ ծառայությունը հնարավոր է եղել ձեռք բերել միայն մեկ անձից՝  հեղինակային և հարակից իրավունքով պայմանավորված։ Մնացյալ 71 պայմանագրերը համայնքապետարանը որոշել է կնքել մեկ անձից գնման ընթացակարգով, քանի որ չեն գերազանցել սահմանված բազային միավորը՝ 1 մլն դրամը։ Նույն թվականին մրցութային կարգով կնքվել է 33 պայմանագիր՝ գնանշման հարցում, հրատապ բաց մրցույթ, էլեկտրոնային աճուրդ ընթացակարգերով:

2023 թվականին Ստեփանավանի համայնքապետարանի՝ մեկ անձից գնման ընթացակարգով կնքված 69 պայմանագրերից 8–ի հիմքը հեղինակային իրավունքն է, 61-ը՝ բազային միավորը չգերազանցելը։ Եվս 21 պայմանագիր կնքվել է մրցութային տարբեր ընթացակարգերով։

Այսպիսով, Ստեփանավանի համայնքապետարանի գնումների շուրջ 70%-ն իրականացվում է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Համայնքային պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների ընկերությունները պարբերաբար հաղթում են համայնքային գնումներում։ Առավել ուշագրավ է այն դեպքը, երբ շուրջ 50 մլն դրամի շինաշխատանքների իրականացումն ու վերահսկումը համայնքապետարանը վստահել է նույն ընտանիքի անդամներին՝ համայնքային պաշտոնյայի եղբորն ու որդուն։ Համայնքապետարանն անտեսել է մեր հարցը, թե օբյեկտիվ կարո՞ղ է լինել արդյոք մի ազգականի աշխատանքի նկատմամբ մյուս ազգականի հսկողությունը։

Լիլիթ Գրիգորյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել