44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց տնային կալանքով, երկրից բացակայելու արգելքով եւ 3 մլն դրամ գրավով։ Այսօր նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ Վարդգես Ստեփանյանի։
Հայկազ Գրիգորյանը կալանավորվել էր այս տարվա հունիսին։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։ Հակակոռուպցիոն դատարանում, մասնավորապես, քննության առարկա են հոկտեմբերի 2-ին Ջրականի բնագծից Հայկազ Գրիգորյանի ղեկավարած ստորաբաժանման՝ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտի նահանջի հանգամանքները։
Հայկազ Գրիգորյանի կալանքի ժամկետն ավարտվում է նոյեմբերի 24-ին, ուստի այսօրվա նիստում հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը միջնորդեց երկարաձգել Գրիգորյանի կալանքի ժամկետը՝ նշելով՝ կարծում է, որ մեղադրյալը պետք է շարունակի մնալ կալանքի տակ, որպեսզի ապահովվի նրա պատշաճ վարքագիծը։ Մեկ ամիս առաջ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացնելիս հանրային մեղադրողը նշել էր, որ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է գործի համար էական նշանակություն ունեցող վկաների՝ դեռեւս հարցաքննված չլինելու հանգամանքով։ Թեեւ այսօրվա նիստում շուրջ վեց ժամ հարցաքննվեցին վերջին երկու վկաները, այդուհանդերձ հանրային մեղադրողը հայտարարեց, որ հնարավոր է՝ այլ ապացույցներ հետազոտելու եւ նոր վկաների ներգրավելու կարիք էլ լինի․
«Այս առումով, կարծում եմ, [մեղադրյալի կողմից] որոշակի ազդեցություն ունենալու ռիսկն առկա է։ Իմ գնահատմամբ՝ քանի որ ավարտվեցին վկաների հարցաքննությունները, Հայկազ Գրիգորյանին ներկայացված մեղադրանքում նշված փաստական հանգամանքներն առավել քան հիմնավորվեցին»,- ասաց Գեւորգ Ավետիսյանը՝ նշելով, որ, իր համոզմամբ, այդպիսով մեղադրյալի մոտ կարող է ձեւավորվել այն կարծիքը որ դատարանի կողմից մեղադրական դատավճռի կայացումն անխուսփափելի է լինելու, ուստի կասկած կա, որ նա ազատության մեջ մնալու կամ այլ խափանման միջոցի կիրառման դեպքում կարող է խուսափել դատավճռից։
Հանրային մեղադրողին հակադարձեց Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը՝ վկայակոչելով պաշտպանի՝ վկաներին հարցաքննելու հայտարարությունը եւ համոզմունք հայտնելով, որ վկաների հարցաքնությունները ամբողջովին խարխլում են մեղադրանքը, եւ ոչ թե հիմնավորում։ Նորիկյանը նկատեց նաեւ, որ դատարանը եւս ընդգծել էր, որ կան չհարցաքննված վկաններ՝ նկատի ունենալով Գրիգորյանի վաշտի ժամկետային զինծառայող Արման Արմաղանյանին եւ եւս երկու անձի, եւ նշեց, որ նրանք, փաստորեն, եւս հարցաքննվել են։ Այդպիսով, ըստ պաշտապնի, արդեն իսկ փարատվել են մտավախությունները, որ իր պաշտպանյալը կարող է անօրինական ազդեցություն գործադրել նրանց նկատմամբ կամ խոչընդոտել ապացուցման գործընացին։ Նորիկ Նորիկյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ այդ թվում՝ համակցությամբ՝ տնային կալանք, բացակայելու արգելք եւ 1-3 մլն դրամ գրավ։
Դատավոր Վարդգես Ստեփանյանը հետաքրքրվեց մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի հնարավոր բնակության վայրի, համատեղ բնակվող անձանց, իր եւ ընտանիքի անդամների ֆինանսական վիճակի մասին՝ հարցնելով նաեւ, թե գրավի գումարի աղբյուրը որն է։ Հայկազ Գրիգորյանը հայտնեց, որ բնակվելու է Երեւանում՝ ծնողների, կնոջ եւ երեխաների հետ, իսկ գրավի գումարը հավաքվելու է իր բարեկամների միջոցով։ «Շա՞տ բարեկամներ ունեք»,- հարցրեց դատավորը, ինչին մեղադրյալը դրական արձագանքեց։
Ի վերջո, դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ Հայկազ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինելով այլընտրանքային համակցված խափանման միջոցներով՝ 3-ամսյա տնային կալանք, 3 մլն դրամ գրավ եւ բացակայելու արգելք։ Մեղադրյալը պարտավորվեց առանց իրավասու մարմնի ուղեկցության չլքել բնակարանը, նրան արգելվեց շփվել այլ անձանց հետ եւ հյուրընկալել այլ անձանց, բացի իր ընտանիքի անդամներից եւ պաշտպանից։
Լուսանկարում՝ Հայկազ Գրիգորյանը, կադրը՝ Իշխան Վահանյանի գործով նիստից, 6 սեպտեմբերի, 2022թ․, Infocom (Հակակոռուպցիոն դատարանը չի թույլատրել լուսանկարահանում իրականացնել նիստի ընթացքից՝ հիմք ընդունելով պաշտպանական կողմի առարկությունը)։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)