«Եթե չնահանջեինք, էդտեղ էլ կզոհվեինք»․ Հայկազ Գրիգորյանի գործով վկայի հարցաքննությունը
00:15 - 19 նոյեմբերի, 2024

«Եթե չնահանջեինք, էդտեղ էլ կզոհվեինք»․ Հայկազ Գրիգորյանի գործով վկայի հարցաքննությունը

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, մայոր Հայկազ Գրիգորյանի գործով հերթական նիստը Հակակոռուպցիոն դատարանում սկսվեց 1 ժամ ուշացումով, քանի որ կալանավորին դատարան ուղեկցող ոստիկանության ծառայողները մեղադրյալ Գրիգորյանին ուշ բերեցին դատարան։ 

Դատական նիստերի մեկամսյա հարկադիր հետաձգումից հետո այսօր դատարանում հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ վաշտի զինծառայող Արման Արմաղանյանը։ Նա մեկն է այն 6 ժամկետային զինծառայողներից, որոնք հոկտեմբերին ընկել էին շրջափակման մեջ եւ 70 օր անտառներում ու սարերում անհայտության մեջ մնալուց հետո 2020թ․ դեկտեմբերի 20-ին վերադարձել հայրենիք։

1999թ․-ին ծնված Արման Արմաղանյանը նորակոչիկ է եղել, երբ սկսվել է 44-օրյա պատերազմը։ Նա Արցախի Հանրապետություն ծառայության է մեկնել 2020թ․ հուլիսին։ Սեպտեմբերի 27-ին, դեռ նորմալ կրակային պատրաստություն էլ չանցած, Ջրականի զորամասից՝ իրենց մշտական տեղակայման վայրից, 5-րդ ուսումնական գումարտակի 13-րդ վաշտը, հրամանատարությամբ Հայկազ Գրիգորյանի, հայտնվում է ռազմաճակատում։ Մեկ շաբաթ հետո Ջրականի ուսումնական գումարտակն արդեն Հադրութի Խուռհատ սար կոչվող տեղամասում էր, որտեղից նահանջի արդյունքում էլ Արմանն ու ծառայակիցներն ընկել են շրջափակման մեջ։ 

Հակակոռուպցիոն դատարանում այժմ քննության առարկա են Խուռհատ սարի դեպքերին նախորդած իրադարձությունները, մասնավորապես Ջրականի բնագծից Հայկազ Գրիգորյանի վաշտի նահանջի դրվագները։ Խուռհատ սարին առնչվող դեպքերը քննվում են Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում․ այդ դատավարության մասին կարող եք կարդալ այստեղ, իսկ Խուռհատ սարի գործով դատաքննության ժամանակ Արման Արմաղանյանի հարցաքննությունն՝ այստեղ։

Ըստ վկայի՝ նորակոչիկների վաշտը պատրաստ չի եղել ներգրավվել մարտական գործողությունների

Հակակոռուպցիոն դատարանում Արման Արմաղանյանը հայտնեց, որ ճանաչում է մեղադրյալ Հայկազ Գրիգորյանին, նրա հետ ունեցել է ծառայողական հարաբերություններ, զորացրվելուց հետո նրա հետ առնչություն չի ունեցել։ Պատասխանելով հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ վկա Արմաղանյանն ասաց, որ չի կարծում, թե իրենց վաշտը պատրաստ էր ներգրավվել մարտական գործողությունների։ Ըստ Արմանի՝ ավելի ճիշտ կլիներ, որ իրենց հանձնարարվեր թիկունքային աշխատանքներ կատարել կամ էլ իրենց ուսումնական գումարտակը ցրվեր այլ գումարտակների միջեւ։ Հարցաքննության ընթացքում նա մտաբերեց, որ սեպտեմբերի 27-ի տագնապից հետո, երբ իջել են ապաստարան, մի քանի զինվորներ այնտեղ են իջեցրել զենքերը, եւ զինծառայողները դրանք վերցրել են պատահականության սկզբունքով, այսինքն՝ ոչ իրենց կցված զենքերը։ Ըստ Արմանի՝ այդ պահին առաջնային խնդիրն արագությունն է եղել։ Ինքն անձամբ, վաշտում լինելով հրաձգիգ, վերցրել է Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ․

«Փորձը ցույց տվեց, որ զինվորներն անգամ հրամաններ չգիտեին, չգիտեին՝ պատերազմի ժամանակ ինչ պետք է անել։ Բայց իմ գնահատականն, իհարկե, էդքան պրոֆեսիոնալ չէ»,- ասաց Արմաղանյանը։ 

Այն տեղամասը, որտեղ մարտական հերթապահության է ընդգրկվել 70-80 հոգանոց իրենց զորքը, կոչվում է «Չռիկներ»։ Վաշտի հետ եղել են երկու սպաներ՝ Հայկազ Գրիգորյանը եւ լեյտենանտ Գագիկ Հարությունյանը․ «Մեզ հետ կար Նազարյան Հովոն (դասակի հրամանատար,- հեղ․), որ մեր վաշտի մի մասի հետ ուրիշ տեղում էին, մեզանից հետ էին ավելի, բայց համզված չեմ, կարող ա՝ կողքի գծում լինեին»,- հավելեց վկան։ Գումարտակի մյուս ստորաբաժանումների տեղակայման դիրքերի մասին Արմանը հստակ տեղեկություններ չի ունեցել։ Ընդհանուր առմամբ՝ իրենց վաշտի ծառայողները հստակ չեն էլ իմացել՝ իրենք որ բնագծում են՝ առաջի՞ն, երկրո՞րդ, երրո՞րդ․ ամեն մեկը մի բան է ասել, ինքը՝ Արմանն էլ, հստակ չի իմացել։

Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը նկատեց, որ մինչ այս հարցաքննված անձինք նշել են, որ Գրիգորյանի վաշտը գտնվել է երկրորդ բնագծում եւ խնդիր է ունեցել պաշտպանել առաջին գումարտակի թիկունքը։ Վկան ասաց, որ ինքը նման բան չի լսել․ «Մենք հասկացել էինք սենց՝ զուտ պետք ա պահենք գիծը, որ թշնամին չգա»։

Զորքը ԱԹՍ-ներին ավտոմատներով խոցելու հրաման է ստացել

Վկայի խոսքով՝ այդ հատվածում իրենք հակառակորդի հետ անմիջական մարտի երբեւէ չեն բռնվել, սակայն մշտապես եղել են տարբեր ինտենսիվությամբ հրետակոծության ներքո, իսկ երբեմն նրանց ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր են եկել, որոնց ավտոմատներով խոցելու հրաման են ստացել։ Արմանը հիշեց, որ եղել է օր, երբ հրետանու արկն արկի հետեւից է ընկել, եւ իրենք նույնիսկ չեն կարողացել գլուխները հանել խրամատից։ Անտառի կողմից զինվորները, այդ թվում Արմանը, ինչ-որ շարժ նկատել են, բայց նա վստահ չէ՝ դրանք մարդի՞կ են եղել, թե՞ կենդանիներ։ Միաժամանակ, նա հիշում է, որ այդ կողմից իրենց ուղղությամբ հրաձգային զենքից կրակոցներ են եղել։

Վկա Արման Արմաղանյանը (լուսանկարը՝ Իշխան Վահանյանի գործով նիստից, 6 ապրիլի, 2023թ․)

Նահանջի պատճառը շրջափակման մեջ ընկնելու վտանգի մասին լուրերն են եղել

«Չռիկներ» կոչվող տեղամասում զորքը մոտ մեկ շաբաթ է մնացել՝ մինչեւ նահանջ կատարելը։ Նահանջի պատճառ, ըստ վկայի, եղել են այն խոսակցությունները, որ իրենց թիկունքից հակառակորդի զորք է մոտենում, իսկ դիմացից՝ 50-ին մոտ տեխնիկա։ Արման Արմաղանյանի խոսքով՝ եթե այդ տեղեկություններն իրական են եղել, ապա իրենց վաշտը ունակ չէր լինելու դիմակայել հարձակմանը։ Զորքն այդ հատվածում շատ զոհեր չի ունեցել։ Վկան մտաբերեց, որ մի սերժանտ զոհվել է, ըստ ամենայնի, հակառակորդի դիպուկահարի կրակոցից, մեկ այլ զինվոր, իր տեղեկություններով, հայկական ուժերի տանկի արկի հարվածից։

Նահանջի նախորդ օրը, ըստ վկայի, վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանի եւ լեյտենանտ Հարությունյանի միջեւ խոսակցություն է եղել՝ պե՞տք է նահանջել, թե՞ ոչ։ Արմանը, սակայն, չէր մտաբերում, թե սպաներից ով որ որոշման կողմնակիցն էր։ Ի վերջո որոշում է կայացվել նահանջել։

- Ըստ Ձեզ՝ խոսակցություններ են եղել, որ հակառակորդը թիկունքից փորձել է շրջանցել ձեզ։ Այդ մասով դուք կամ ձեր սպաները փորձեցի՞ք ինչ-որ միջոցներ ձեռնարկել,- հարցրեց հանրային մեղադրողը։

- Չեմ կարող ասել, թե ում հետ են կապի դուրս եկել, բայց գիտեմ, որ Հովոյենց հետ կապի եղել են։ Ես էն ժամանակ power bank (լիցքավորող մարտկոց) ունեի, ու հիշում եմ դրվագ, որ Հայկազ Գրիգորյանին եմ տվել մի պահ, քանի որ ռացիայի զարյադկան նստում էր, ինքը փորձում էր լիցքավորել։ Հետո ուրիշ ռացիա եկել ա, թե չէ՝ ինֆորմացիա չունեմ,- պատասխանեց վկան։

- Դա նահանջի՞ օրը, թե՞ դրանից առաջ։

- Ինձ թվում ա՝ մի երկու օր առաջ։

- Դուք անձամբ ինչ-որ տեխնիկա կամ անձնակազմ նկատե՞լ եք։

- Անձամբ չեմ տեսել, շարժ տեսել եմ անտառի կողմից։

- Մինչեւ այս հարցաքննված վկաներից ասել են, որ հեռադիտակով տեսել են մոտավորապես 100 կամ ավելի տեխնիկա, որոնք եկել են ձեր մարտական դիրքերի ուղղությամբ։ Ի՞նչ կասեք այս մասին։

- Ես անձամբ չեմ տեսել, բայց ենթադրում եմ, որ կարող է նման բան լինել, որովհետեւ նման բան պատերազմի ժամանակ էլ եմ լսել։

Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը այս հանգամանքին առնչվող հակասություն նկատեց վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում։ ։ Նորիկյանն ընթերցեց Արման Արմաղանյանի՝ քննիչի մոտ հարցաքննության այն հատվածը, որտեղ վկան նշել է, որ ինքն անձամբ հեռադիտակով դիտարկել եւ նկատել է իրենց ուղղությամբ շարժվող հակառակորդի խմբեր, իսկ այժմ՝ նախաքննական ցուցմունքից մեկ տարի էլ չանցած, դատարանում ասում է, որ ինքը չի տեսել։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն արձագանքեց, որ քննիչի հետագա հարցերին վկայի պարզաբանումներից հասկանալի է դառնում, որ մոտեցող հակառակորդի մասին վկան միայն լսել է, ուստի ինքը հակասություն չի նկատում ցուցմունքում։ Նորիկյանն առարկեց, դատարանը եւս գնահատեց, որ հակասությունն ակնհայտ է։ Վկա Արմաղանյանը պարզաբանեց, որ հեռադիտակով տարբեր բաներ դիտարկել է, բայց հիմա չի հիշում, թե այդ ժամանակ ինչ է տեսել։ Ամեն դեպքում, նա ասաց, որ նախաքննական իր ցուցմունքը ճշմարտացի է․ «Հիմա, անկեղծ, չեմ հիշում՝ էդ ժամանակ ինչ եմ տեսել, կարող ա շարժ եմ տեսել, ինձ թվացել ա, համոզված չեմ՝ հակառակորդ ա եղել, թե ոչ, հիմա չեմ կարող համոզված ասել»։

Ըստ վկայի՝ վերադաս հրամանատարությունից ասել են՝ տանկերին ավտոմատներով էլ կարող եք կրակել

«Չռիկներ» տեղամասում 6-7 օր մնալուց հետո զորքը նահանջել է։ Նահանջի մասին վերադաս հրամանատարությանը զեկուցվել է, թե ոչ, վկան չէր հիշում, ինքը չէր լսել որեւէ բան։ Արման Արմաղանյանը պատմեց, որ գծով նահանջել են մինչեւ ինչ-որ տարածք, որտեղ եղել է տանկի համար նախատեսված խրամուղի, որտեղ եւ կանգ են առել։ Արմանի խոսքով՝ այդտեղ գնդի հրամանատարությունից ինչ-որ մեկի հետ կապի են դուրս եկել․ «Երբ էդտեղ խոսեցինք, մեզ ռացիայով շատ վատ խոսքերով ասեցին՝ հետ գնացեք, տարբեր բաներ էին ասում՝ վիրավորանքներ, ինձ չի թվում, որ ստեղ պետք ա նկարագրել։ Չեմ հիշում՝ ինչ եզրահանգման եկանք, ես ամենամոտը չէի ռացիային, որ լսեի։ Դրանից հետո մեր սերժանտ Վահանի ուղեկցությամբ շարունակեցինք նահանջը, որովհետեւ ինքը տեղանքը լավ գիտեր։ Սաղ զորքն էր ու մի քանի մոբ»,- ասաց վկան։

Նա չմտաբերեց, թե ով է խոսել վերադաս հրամանատարության հետ, բայց ենթադրեց, որ կապի դուրս եկողը պետք է սպա լիներ։ Արմաղանյանն ասաց, որ վերադասությանը հայտնել են, որ իրենց ուղղությամբ տանկեր են գալիս, չունեն հատուկ տեխնիկա, մի երկու հակատանկային արկ ունեն, իսկ մյուս կողմից պատասխանել են, որ ավտոմատներով էլ կարող են կրակել տանկերին՝ «բաշնյայի ու հիմնական մասի արանքով կրակեք, կտրաքի»։ Այս պատասխանն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Արման Արմաղանյանին աբսուրդ է թվում։

«Սպան ասում էր՝ հետ գնացեք ձեր դիրքերը, մեր պատասխանն էն էր, որ մեր վրա գան, զուտ մեր վրայով անցնելու են, ֆիզիկապես չենք կարա դիմակայենք»,- ասաց Արմաղանյանը։ Նա հիշեց մի դեպք, որ այդ նահանջի ընթացքում յուրային ստորաբաժանումներից մեկը չի իմացել, որ այդ ուղղությամբ մեր զորքը նահանջ է անում, ու կրակել է, ինչի պատճառով վաշտի տղաներից մեկը թեթեւ վիրավորում է ստացել։ Հրաձգությունը դադարել է, երբ տղաները գոռացել են, որ իրենք հայ են․ «Անփորձ զինվորները գոռացին՝ մենք հայ ենք, հայ ենք։ Բախտներս բերեց՝ իրենք էլ էին հայ»։

Նահանջի ժամանակ դասակի հրամանատար Հովհաննես Նազարյանն իրենց հե՞տ է եղել, հետաքրքրվեց հանրային մեղադրողը։ Վկան, սակայն, հստակ չմտաբերեց, միայն ասաց, որ հիշողության մեջ մի դրվագ կա, երբ տանկի խրամուղուց էլի նահանջել են, մի խրամատում եղած ժամանակ զորքին հաշվել են, եւ, իր տպավորությամբ, հաշվողը կարող էր Հովհաննես Նազարյանը լինել, որը սկզբանական նահանջ անելու պահին իրենցից հետ է եղել իր զորքի հետ։

«Խնդիրը սենց ա եղել․ նահանջելու ժամանակ, քանի որ բավականին շատ ենք եղել, ես էդ ժամանակ ոչ ընկալում եմ, թե քանի հոգի ենք, ոչ էլ տարբեր մարդկանց եմ ման գալիս։ Էն մարդկանց, ում ման էի գալիս, էն մարդիկ են, որոնց հետ հետ ենք եկել, որոնց հետ պատերազմի ժամանակ ավելի մտերիմ էինք։ Ես չէի հաշվում, թե քանի հոգի են, որովհետեւ գիտակցում էի, որ ես ժամկետային զինծառայող եմ, որը երկու ամիս ա ծառայել, ու ամենամեծ օգուտը, որ կարամ տամ, զուտ չխանգարելն ա»,- պարզաբանեց Արմաղանյանը՝ նշելով, որ ուշադիր չի եղել, թե ով իրենց հետ չկա,- «ի սկզբանե ես մտածում էի, որ լեյտենանտ Հովոն իր ստորաբաժանման հետ լրիվ ուրիշ տեղում ա եղել»։

Այդ տեղանքից էլ զորքը հասել է Հադրութի դպրոց։ Արմանի մոտ եղել է բջջային հեռախոս, որը նա միացրել է 5-6 օրը մեկ, որպեսզի մարտկոցը երկար դիմանա։ Երբ դպրոցում միացրել է, բաց թողած զանգեր է տեսել ծառայակիցներից մեկի եղբորից․ «Հետ զանգեցի, ինձ հարցրեց՝ Սամոյից (սերժանտ է եղել Հովհաննես Նազարյանի զորքից, զոհվել է,- հեղ․) ինչ-որ ինֆորմացիա ունե՞ս, ասացի՝ չունեմ, էդ ժամանակ սկսեցի հասկանալ, որ մի բան էն չի, առնվազն մեր հետ չի, մտածեցի՝ ուրիշ տեղ դիրքավորված ա։ Հետո իմացա, որ որոշ զինվորներ հետ են մնացել»։ Հանրային մեղադրողը ճշտեց՝ մնացել են այն դիրքում, որտեղից նահանջե՞լ են իրենք, վկան պատասխանեց․ 

- Կամ հետ են մնացել, կամ չեն իմացել, որ մենք նահանջում ենք, բայց միտքը մնում ա էն, որ չեն եկել մեր հետ։

- Իսկ Հովհաննես Նազարյանի՞ց ինչ տեղեկություն ունեք, ինքն էլ է՞ր մնացել։

- Ինքն էլ էր մնացել, բայց պատերազմից հետո իր հետ խոսելիս հասկացա ընդհանուր պատկերը։ Իմացա, որ մենք հետ ենք նահանջել ու իրենք տեղյակ չեն եղել դրա մասին։ Բայց սա՝ Հովոյի պատմելով, ես անձամբ չեմ հիշում։

- Իսկ Հովհաննես Նազարյանը հարցաքննվելիս նշել է, որ ինքը տեղյակ է եղել, ուղղակի մի քանի սերժանետների հետ հրաժարվել է միանալ ձեր խմբին։

- Ես Հովհաննես Նազարյանի հետ խոսել եմ պատերազմից հետո՝ դեկտեմբերի 26, 28-ին, երբ հիվանդանդոցում էի։

- Սերժանտ Սամվելը զոհվել է այն դիրքում, որտեղից նահանջե՞լ եք։

- Ինքը Հովոյի հետ ա եղել, ենթադրաբար՝ հա։

 

«Եթե չնահանջեինք, կմնայինք էդտեղ, էդտեղ էլ կզոհվեինք»

Խրամատում հաշվարկից, ապա տանկի խրամուղուց դուրս գալուց հետո զորքը հասել է «9կմ» կոչվող տարածք, ապա մի նկուղային տարածք, որտեղ վիրավոր զինվորներին առաջին օգնություն էին ցուցաբերում։ «Չռիկներից» նահանջից հետո զորքը այլ բնագիծ չի զբաղեցրել մինչեւ այն պահը, երբ այդ նկուղային տարածք հասնելու հաջորդ առավոտ գնդի շտաբի պետի ուղեկցությամբ գնացել են ինչ-որ մի սար, որտեղ հրաման են ստացել դիրքավորվել․ «Մեզ հրաման տվեցին դիրքավորվել էս ուղղությամբ, մենք դիրքավորվեցինք, հետո մի ուրիշ սպա եկավ, ասաց՝ դիրքավորվեք հակառակ ուղղությամբ։ Մի երեք ժամ էնտեղ մնացել ենք, ու անձրեւի տակ հետ ենք եղել։ Ինձ թվում ա էդ Հադրութի մեջ էր»,- ասաց վկան։

Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է՝ զորքը չի ենթարկվել սպայակազմին եւ ինքն է նախաձեռնել նահանջը․

- Համոզված եմ, որ չէ,- ասաց վկան։

- Եթե նահանջելու հրաման չլիներ, կմնայի՞ք էդ բնագծում։

- Ինձ թվում ա՝ կմնայինք էդտեղ ու էդտեղ էլ կզոհվեինք։

- Դե շատերն են զոհվել, մնացել են եւ զոհվել։

- Իմ պատասխանն էն ա, որ հաստատ կմնայինք։ Որպես էդպիսին փախնել, կարող ա մոբերից, բայց սովորական զորքը մաքսիմում լսում էր՝ ինչ ա ասում հրամանատարությունը։

Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը (լուսանկարը՝ Իշխան Վահանյանի գործով նիստից, 6 ապրիլի, 2023թ․)

Ըստ Արման Արմաղանյանի՝ նահանջի ժամանակ հասել են «Թուրքի գերեզման» կոչվող տարածք, որտեղ եղած կռիվը ցույց է տվել, թե ինչ վիճակում է զորքը։ Նրա խոսքով՝ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը զորքին ասել է, որ այդ տեղանքը 3-րդ չէ՝ 4-րդ գիծ է։ Արմաղանյանի պատմելով՝ դա ինչ-որ բլուր էր՝ դիմացը սար։ «Թուրքի գերեզմանը», ըստ վկայի, ինչ-որ այգուց բաժանված էր ցանցով, որի երկայնքով զորքը բացազատվել է։ Վաշտի հետ են եղել հրամանատար Հայկազ Գրիգորյանը, լեյտենանտ Գագիկ Հարությունյանը, ավագ ենթասպա, որի անունը վկան չհիշեց․ «Ես շարքի վերջերն էի, իմ զգացողությամբ՝ սպաները մնում են սկզբի հատվածում։ Էդ ժամանակ ես մտածում էի, որ Հայկազն էլ, ստարշինան էլ մեր հետ են, իմ էդ կարծիքը նաեւ կիսում էին մնացած զինվորները։ Օրինակ, հետո սերժանտ Լյովը նահանջի ժամանակ մանրակարկիտ նկարագրութամբ նկարագրում էր, թե ոնց էր ստարշինան գետնին պառկած արյունլվիկ վիճակում։ Բայց հետո պարզեցինք, որ էդ ժամանակ սպայական կազմից մեր հետ մնացել էր մենակ Գագոն, ինքը վիրավորվել, զինվորների օգնությամբ հետ էր նահանջել»։ 

Այդ տարածքում, որտեղ տեղակայվել է զորքը, հակառակորդը սկսել է կրակել իրենց ուղղությամբ հրաձգային զենքերով եւ հրետանիով․ «Քանի որ զորքն ընդհանրապես պատրաստ չի եղել, ոմանք ուղղակի նահանջ ասվածի տակ [...] (խոսքը կիսատ է մնում,- հեղ․)։ Էդ զինվորները հիմա զոհված են։ Երբ մենք դպրոցում էինք, Վարդերեսյանը (գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանը,- հեղ․) ասաց՝ նահանջել չգիտե՞ք, երկու հոգին կրակն ա ապահովում, երեք հոգին նահանջում ա։ Էդ ժամանակ մենք չգիտեինք, չէինք սովորել դա։ Էդ «Թուրքի գերեզմանում» զինվորներն ասում էին՝ ոնց էր ասո՞ւմ Վարդերեսյանը՝ երկու հոգին պահում են, երեք հոգին վազելով փախնում են»։

Այս դրվագը հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի մոտ հարց առաջացրեց՝ բա զորքի հետ եղած սպաներն ի՞նչ էին անում, որ զինվորները փորձում էին Վարդերեսյանի ասածը հիշել։

- Ես չեմ ասում, որ սպայի մեղավորություն չկա,- ասաց վկան, - եթե էս օրին հասել ենք, ուրեմն ինչ-որ մեղավորություն եղել ա։ Բայց էդ ժամանակ, ի սկզբանե, ինձ թվում ա սպայի գործողությունը կարող էր լինել էն, որ մեզ չթողեին էդտեղ գնալ։

- Հիմա գնացել եք, հակառակորդը հարձակվել ա։ Սպաները՝ Հայկազ Գրիգորյանը, ավագ ենթասպան, ի՞նչ հրամաններ էին տալիս, ի՞նչ գործողություններ էին կատարում։

- Քանի որ մենք արդեն բացազատվել էինք եւ մեր մոտակայքում սպա չկար, հրամանները մեզ հասնում էին իրար փոխանցելով։ Երբ մեր վրա կրակում էին, հասկացանք, որ ոչ մի բան չենք կարա անենք, ամեն մեկը մի վիրավորի գրկելով, վերցնելով նահանջում էր։

- Չգիտեի՞ք՝ որ ուղղությամբ։

- Ուղղությունն իմացել ենք, երբ մեր զինվորներից մեկը, որը Արցախից ա, խոսել ա հոր հետ, որը սպա ա, ասել ա, որ ճանապարհը ուղղակի շարունակենք էդ ուղղությամբ։ Տարբեր սպաներ, ում համարները ունեի, փորձեցի զանգել, ոչ մեկը չպատասխանեց։

Հետագայում վկան հրամանատարին չի հարցրել, թե ուր է եղել նա։ Ասաց՝ իր կոչումը նման հարց բարձրացնելու հնարավորություն չի տվել․ «Ես էդ ժամանակ սովորական զինվոր էի, ի սկզբանե ես միշտ օրենքի գերակայության կողմնակից եմ, եթե օրենքը թելադրում ա, որ զինվորը հատկապես մարտական ժամանակ լսի, անի հրամանատարի ասածը, ես հենց տենց էլ արել եմ»։

Հանրային մեղադրողը վկային հարցրեց՝ ի վերջո, իր կարծիքով, վերադաս հրամանատարության թույլտվությունը եղե՞լ է նահանջի համար։ Վկան պատասխանեց՝ իր կարծիքով՝ չի եղել, եւ սպաները գործել են ըստ իրավիճակի թելադրանքի։

Զինվորները սաղավարտներով ու դանակներով են խրամատ փորել

Հայկազ Գրիգորյանի պաշտպան Նորիկ Նորիկյանը վկա Արման Արմաղանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ սպառազինություն է ունեցել զորքը։ Վկան ասաց, որ ընդհանուր հագեցվածությունն այդքան էլ լավ վիճակում չի եղել։ Նա նշեց, որ խրամատներ բարձրանալիս քիչ պայուսակներ են եղել, որտեղ տարբեր առարկաներ են եղել․ «Էնտեղ փոս չի եղել, տարբեր զինվորներ կասկաներով են փորել, ես անձամբ դանակով եմ փորել իմ մասը, ոչ թե բահով, որը պետք էր»։

Պաշտպանը նկատեց՝ այսինքն՝ այդ ենթադրյալ երկրորդ բնագիծը նույնիսկ կահավորված էլ չի եղել, եւ ամեն մեկն իր պատկերացման շրջանակում մի ձեւ խրամատ է փորել․

- Էնտեղ եղել ա ինչ-որ ոչ խոր փոս, էդ գծվածով ենք հասկացել, որ պետք ա փորել։ Մեզ ասել են՝ ստեղ պետք ա դիրքավորվեք, նայել ենք գետնին, ինչ-որ բան ենք տեսել, ասել ենք՝ երեւի ստեղ ա ինչ-որ ժամանակ խրամատ եղել։

- Էդ օրերին վերադաս հրամանատարությունից որեւէ մեկը ձեզ այցելե՞լ է,- հարցրեց Նորիկյանը։

- Գնդից դո՞ւրս։

- Մինչեւ գնդի հրամանատար։

- Չեմ հիշում ինչ-որ մեկին։

- Գարիկ Վարդերեսյանին բնագծում տեսե՞լ եք։

- Ոչ, եթե եկել ա, ես չեմ տեսել։

Նորիկյանը վկայից հետաքրքրվեց՝ որտեղի՞ց այն համոզմունքը, որ բնագծում մնալու պարագայում չէին կարող դիմակայել հակառակորդին․

«Իմ ենթադրությունները մաքսիմում ոչ պրոֆեսիոնալ են եւ գալիս են հիմնականում նրանից, որ +/- 80 օր եղել եմ պատերազմի մեջ, էն, ինչ տեսել եմ տարբեր ժամանակներում՝ թշնամու պատրաստվածությունը, մեր վաշտի պատրաստվածությունը, մեր զինվորների, հասկանում եմ, որ էդ մարդիկ 0 պատրաստվածություն ունեին, որ ինչ-որ դիմադրություն ցույց տային»,- պատասխանեց վկան։

Պաշտպանը վկային հարցրեց՝ ինչպիսի՞ սպա էր Գագիկ Հարությունյանը։ Ըստ Արմանի՝ օրինակելի․

- Գագիկ Հարությունյանը դատարանում ասել է, որ ինքը տեսել է 100-ից ավելի տեխնիկա,- ասաց Նորիկյանը։

- Ես միանշանակ կհավատայի, որովհետեւ ինքն էն քիչ սպաներից ա, որ ողջ պատերազմի ընթացքում իրա նման օրինակելի սպա քիչ եմ տեսել։ Գագիկը համ բավականին լավ սպա էր, համ լավ մարդ։

- Այսինքն՝ խնդիր չկա նրա խոսքերին չհավատալու։

- Ոչ։ Նաեւ խոսակցություն լսվում էր մոբերի մեջ, ասում էին, որ 100-ից ավելի մոբ ա եկել, 6-ն ա մնացել, մնացածը փախել են։ Ու էդ մոբերն ասում էին, որ շատ տեխնիկա կա, մենք չէինք պատկերացնում, որ սենց ա լինելու, սենց բան ա պատերազմը։

- Ձեր նահանջի հետեւանքով, ըստ Ձեզ, ի՞նչ է եղել։

- Ինձ թվում է՝ կարող էին տարբեր ստորաբաժանումներ ընկնել շրջափակման մեջ։ Մենք նման լուրեր էինք լսում, չգիտեմ՝ ինչքանով էին ճիշտ։

- Ասում եք՝ եթե չնահանջեինք, զոհվելու էինք։ Եթե մնայիք, հնարավոր շրջափակումը կկանխվե՞ր։

- Ես չեմ տիրապետում՝ ավելի բարձր մակարդակում ինչ ա կատարվել։ Կարող ա ընդեղ մեր լինելը մի կես ժամ ժամանակ տար ուրիշ զորքի՝ հետ գնալու, կարող ա ոչ մի բան չտար, կարող ա գային, մեզ կոտորեին, մնային էդտեղ, չեմ կարող ասել՝ ինչ կարող էր լինել։

Զորքը հոգնած էր ու քաղցած

Նորիկ Նորիկյանը հետաքրքրվեց՝ ինչ բարոյահոգեբանական վիճակում էր վաշտը։ Ըստ վկայի՝ զորքը հոգնած էր, մեծամասնությունն ի վիճակի չէր գիշերն արթուն մնալ։ Բայց, նրա խոսքով, զորքը միանշանակ պատրաստ էր հետեւել հրամաններին․ «Գլխավոր միտքն էն էր, որ եթե հիմա ես էս խմբի հետ չլինեմ, զոհվելու հավանականությունն ավելի մեծ կլինի։ Սովածության մակարդակն էլ էր բարձր, շատ քիչ էին ուտում»,- ասաց վկան․

- Սնունդ չունեի՞ք,- հարցրեց պաշտպանը։

- Ունեինք, բայց շատ սահմանափակ։ Հիմնականում սննդի մեծ մասը մնում էր տանկի ռովի (խրամուղու,- հեղ․) մեջ, որտեղ մոբերն էին։ Այսինքն՝ սովորական զինվորները կարող ա մի կանսերվան 4-ով ուտեին, իսկ տանկի ռովի մեջ կարար մի մոբ ցորենի կանսերվա բացեր ու ասեր՝ չէ, չեմ ուզում ցորեն ուտեմ, ու դներ մի կողմ։

- Իսկ մոբի վիճակն ինչպե՞ս էր։

- Մաքսիմում վատ, չգիտեմ, էլի։ Ես մոբի մասին իմացել եմ պատերազմի ժամանակ, չգիտեի, որ տենց հասկացություն կա, մենք մտածում էինք մոբը էն կինոյի տղաներն են։ Ու եկան, պարզվեց․․․։ Հետո Հայկազը հրաման տվեց մեր Արթուրին, որ կասկեն տան մոբին, որտեւ մոբը մի քիչ ավելի պատրաստված ա, ու, ոնց որ, մոբը զուտ կասկեն վերցրեց, գնաց, նստեց, սկսեց հաց ուտել։

- Իրենց վարքագիծը ձեր ընդհանուր հոգեբանական վիճակի վրա ազդեցություն ունեցա՞վ։

- Ինձ թվում ա ոչ մի բան չփոխեց։ Էդ պատերազմի սկզբի օրերն էին, մենք զուտ ասում էինք՝ ըհը, էս պատերազմի անունը կլնի 2-օրյա պատերազմ, անցավ օր՝ 3-օրյա պատերազմ, չէինք սպասում, որ էդքան մասշտաբ ա ունենալու։ Կարող ա ուրիշը սարսափած ա եղել, բայց եթե ինձ եք հարցնում․․․։

«Ես մինչեւ վերջին վայրկայնը մտածել եմ, որ Հայաստանի բանակի զինվոր եմ ու կասկաս, բրոնիկս չեմ հանել, զենքս չեմ դրել»

Գրիգորյանի պաշտպան Նորիկյանը վկային հարցրեց՝ ըստ իրեն՝ ճի՞շտ էր նահանջելը․

- Ինչի՞ համար ա ճիշտ։ Եթե իմ համար՝ սաղ եմ մնացել, հա, ճիշտ էր։ Եթե Հայաստանի պաշտպանության նախարարության կամ Պաշտպանության բանակի համար, կարող ա նաեւ ոչ, որովհետեւ չունեմ բավարար ինֆորմացիա։ 

- Չէ, երբ ասում եք, որ մնայինք, չէինք կարող դիմագրավել հակառակորդրին։

- Հա, չէինք կարող դիմագրավել։ Ես չունեմ բավարար պատկերացում բանակի պաշտպանության մասին։ Նորից՝ կարող ա մենք 80 հոգով զոհվեինք, ու 500 հոգի ողջ մնար։ Կարող ա ընդհանրապես հակառակը լիներ, մենք մնայինք, իրանք արյան համը ջոկեին, գնային ավելի շատ մարդ սպանեին։ Չգիտեմ։

- Իսկ էդ օրերին ի՞նչ տրամադրություն էր ձեզ մոտ, ում հետ շփվել եք։

- Երբ ստորագետնյա, նկուղային կացարանում էինք, էդ ժամանակ արդեն տպավորություն կար, ինձ մոտ էլ, որ մենք, կոպիտ ասած, միս ենք, որ մեզ ուղղակի տանում են էնտեղ զուտ ժամանակ շահելու համար, մինչեւ հասկանան՝ ինչ են անելու։ 

- Նահանջի ժամանակ դուք զգում էիք, որ անձնական էգոյի խնդի՞ր եք լուծում։

- Չէ, նահանջի ժամանակ ես մի մեծ համակարգի մասն եմ։ Ես մինչեւ վերջին վայրկայնը, մինչեւ պատերազմի ավարտ մտածել եմ, որ ես Հայաստանի բանակի զինվոր եմ, նույնիսկ շրջափակման ժամանակ մտածում էի, որ շրջափակման մեջ չեմ, ծառայության մեջ եմ, դրա համար մինչեւ վերջ չեմ հանել իմ կասկան, չեմ գցել իմ բրոնիկը։ Ես գիտեմ, որ օրենքով չի կարելի բրոնիկը հանել, զենքը գցել, բայց երբ հասկացել եմ, որ ժամանակը եկել ա, երբ հասկացել եմ, որ դառել եմ ինդիվիդում, ով մնացել ա շրջափակման մեջ, բրոնիկն էլ հանեցի դրեցի մի կողմ, էն էլ արեցի, որ իմ հետ վերադառնալու հավանականությունը շատացնեմ։

«Մեր վաշտի հրամանատարի ամենամեծ թերություններից մեկն էն էր, որ ուտելիքը շատ սխալ էր բաշխվում»

Վկային հարցեր տվեց նաեւ դատավոր Վարդգես Ստեփանյանը։ Նա նախ հետաքրքրվեց՝ զինծառայողները պատրա՞ստ էին կատարել ցանկացած հրաման։ Արման Արմաղանյանը պատասխանեց՝ եթե օրենքի եւ խելամտության սահմանում հրաման՝ իհարկե։

- Էն դիրքը, որտեղ առաջին օրը գնացիք, տեղյա՞կ էիք՝ ձեզնից առաջ զորք կա՞ր, թե՞ կրակոցներն անմիջապես ձեր ուղղությամբ էին,- հարցրեց դատավորը։

- Իմ զգացողությամբ՝ հրետանին հենց մեր ուղղությամբ էր կրակում։ 

- Ձեզանից առաջ դիրք կա՞ր։

- Ինձ թվում ա՝ չէ։ Կամ կարող ա մեր ուղղությամբ էին կրակում, որ առաջին գիծը հեշտ խոցեն։ 

- Առաջին օրն ի՞նչ վիճակ էր այդ մարտական դիրքում։

- Իմ առաջին տեսածն էն էր, որ մի զինվոր արյունլվիկ էր ու պատմում էր, թե ոնց ա իր ամենամոտ ընկերը զոհվել։ Միանգամից սթափեցնող բան ա, էլի։ 

- Անձնակազմի հոգեբանական վիճակը կարո՞ղ եք նկարագրել։

- Տարբեր զինվորների հետ որ խոսել եմ, մարդիկ ասում էին, որ իրենք ընդհանրապես ուրիշ պատկերացում ունեին պատերազմի մասին։ Մինչեւ պատերազմը զինվորներ կային, ասում էին՝ որ սկսի, էթանք էս անենք, էս անենք, ասում էի՝ մի մտածեք, որ պատերազմը տենց լավ բան ա, պատերազմից հետո իրենց աչքերից հասկացվում էր, որ էդքան լավ բան չի։

- Իսկ խուճապային տրամադրություն կա՞ր, թույլատրելիության սահմանն անցնող։

- Չէի ասի։

- Իսկ սպայական կազմի տրամադրվածությունը ո՞նց էր։

- Բավականին նորմալ։ Որ ասում եմ՝ Հայկազը խոզերի ուղղությամբ կրակում էր, ոնց որ լավ նկարագրում ա։

- Կրակում էր որպես ուտելի՞ք, թե՞։

- Չէինք կարա մենք էդ խոզերին գնայինք, վերցնեինք։

- Այսինքն՝ մտածում էիք՝ մարդ կար։

- Չէ, զուտ տեսնում էր խոզերին, կրակում էր։

- Նշեցիք, որ մոբի մարդիկ գնացին սնվելու։ Սպաներից մեկը ցուցում տալի՞ս էր, որ ուրիշ նպատակով են եկել։

- Ինձ թվում ա՝ մեր վաշտի հրամանատարի ամենամեծ թերություններից մեկն էն էր, որ ուտելիքը շատ սխալ էր բաշխվում։ Եթե կար, օրինակ, 20 կանսերվա ուտելիք, 10-ը բաժանվում էր 70 հոգու մեջ, իսկ էն մնացած 10-ը մոբերի ու տանկի ռովի մեջ եղած ժողովրդի մեջ։

- Իսկ ցուցում չէ՞ր տրվում, որ․․․ Ընդմիջեք սնվելը․․․։

- Ոչ։ Ինձ թվում ա՝ եթե նույնիսկ տենց ցուցում լիներ, տղավարի կռիվ կգնար էդտեղ, ու հրամանատարությունը, Հայկազի տեսքով, էդտեղ կզիջեր։ Չեմ կարծում, որ Հայկազը կկարողանար իրենց տեղը ցույց տալ։

Վկա Արման Արմաղանյանի հարցաքննությունն ավարտվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 20-ին․ այդ օրը քննարկվելու է նաեւ Հայկազ Գրիգորյանի կալանքի երկարաձգման հարցը։

Մեղադրյալ Հայկազ Գրիգորյանը (լուսանկարը՝ Իշխան Վահանյանի գործով նիստից, 6 սեպտեմբերի, 2022թ․)

Հիշեցնենք՝ Հայկազ Գրիգորյանը Իշխան Վահանյանի գործով դատական նիստում որպես վկա ցուցմունք տալիս կարծիք է հայտնել, որ նորակոչիկներին մարտի դաշտ տանելու իրավունք չկար։ Նա նաեւ նշել է, որ մարտական դիրքեր բարձրանալուց մի քանի օր անց շրջափական մեջ ընկնելով՝ նահանջի հրաման են ստացել․ թե ում կողմից, Գրիգորյանը չի կարողացել ասել։ Նա հայտնել է, որ նահանջել են դեպի «9-րդ կիլոմետր» կոչվող տարածք, որտեղ մեքենաներ են ուղարկվել՝ իրենց տեղափոխելու համար․ տարել են նախ Հադրութի զորամաս, իսկ հետո, երբ զորամասն են սկսել ռմբակոծել՝ Հադրութի դպրոց, որտեղ էլ հանդիպել է Վահանյանին։ Ըստ Գրիգորյանի՝ զորքն այդ ժամանակ արդեն անմարտունակ էր, ի վիճակի չէր ինչ-որ խնդիր կատարելու, եւ ինքն այդ մասին զեկուցել է բարոյահոգեբանական գծով տեղակալ Աշոտ Մկրտչյանին։ Հայկազ Գրիգորյանի հարցաքննությունն ամբողջությամբ՝ այստեղ։

Նշենք, որ դատարանը չի թույլատրել նիստերի ժամանակ իրականացրել լուսանկարահանում եւ տեսանկարահանում՝ հիմք ընդունելով պաշտպանական կողմի առարկությունը։

Գլխավոր լուսանկարի ետնանկարում՝ Հակակոռուպցիոն դատարանը

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել