Պաշտոնական Թեհրանը բողոք է ներկայացրել Մոսկվային՝ Ռուսաստանի Կազան քաղաքում երկու իրանցի ուսանողներին «բռնությամբ» ձերբակալելու կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է The Moscow Times-ը՝ հղում անելով պետական լրատվամիջոցներին:
Ուսանողները ձերբակալվել են ուրբաթ օրը Կազանի դաշնային համալսարանում՝ վիզաների երկարաձգման կենտրոն այցելելուց հետո, որտեղ ոստիկանները ուսանողներին ենթարկել են «անմարդկային ծեծի», հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Կազանում Իրանի հյուպատոսության հայտարարությունը:
Իրանի կառավարությունը «բողոքի նոտա» է ներկայացրել Ռուսաստանի ԱԳՆ՝ դատապարտելով տեղի ունեցածը և պահանջելով «բացատրություններ»։
Ավելի ուշ ուսանողներին ազատ են արձակել Իրանի հյուպատոսության միջամտությամբ:
Կազանի ոստիկանությունը ուրբաթ օրը հայտարարություն է տարածել, որ ոստիկանները միջամտել են ուսանողների միջև տեղի ունեցած ֆիզիկական ծեծկռտուքին՝ ձերբակալելով նրանց, ում նրանք համարում էին «սադրիչներ»: Ոստիկանությունը չի բացահայտել ներգրավվածների ազգությունը։
Իր հերթին Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին X-ի գրառմամբ դատապարտել է «ցանկացած վատ վերաբերմունք իրանցի ուսանողների նկատմամբ»:
comment.count (0)