Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի. ՀՀ ՄԻՊ

Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, միանալով «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավին, մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման:

 

Միջոցառման նպատակն էր անդրադառնալ Ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներին և նախանշել առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները՝ դիտարկելով դրանք օրենքի նոր փոփոխությունների լույսի ներքո և առանձնացնելով այն խնդիրները, որոնց առնչվում են կանայք հումանիտար ճգնաժամերի ժամանակ:

Անահիտ Մանասյանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։

«Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի։ Պարբերաբար եմ նշում, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ առանց հանդուրժող և համերաշխ միջավայրի։ Այդպիսի միջավայր պետք է ձևավորել համատեղ ուժերով և միայն այդ դեպքում է հնարավոր ունենալ բռնությունից զերծ հասարակություն: Մեր անելիքները միանշանակ պետք է ամենօրյա լինեն և մեզանից յուրաքանչյուրը պետք է նաև իր օրինակելի վարքագծով ցույց տա բացասական երևույթներին հակազդելու կարևորությունը և գործիքակազմերը»,- ասել է Պաշտպանը:

Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ ոլորտի հետ կապված դրական փոփոխությունները բազմաթիվ են, սակայն խնդիրները դեռևս շարունակվում են պահպանվել:

«Ակնհայտ է, որ իրավիճակը 15 տարի առաջ և իրավիճակն այսօր միմյանցից տարբերվում են։ Դա պայմանավորված է ինչպես տարբեր օրենսդրական ակտերի գործադրմամբ, այնպես էլ իրավասու մարմինների գիտելիքների և հմտությունների բարձրացման աշխատանքների իրականացման հանգամանքով: Միևնույն ժամանակ, մի շարք խնդիրներ շարունակում են չլուծված մնալ: Պատճառներն են՝ կրթական անբարենպաստ միջավայրը, որը ենթակա է հիմնովին բարեփոխման, ինչպես նաև իրավասու մարմինների մոտ պատշաճ գիտելիքների և հմտությունների դեռևս ոչ բավարար մակարդակը», – ասել է Պաշտպանը:

Պանելային քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, Ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման վարչության Հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման ու մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը, Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը, «Ընդդեմ ընտանեկան բռնության» աջակցման կենտրոնների կոալիցիայի համակարգող Նարե Հայրապետյանը և Safe You հարթակի հիմնադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը:

Մինչև քննարկման մեկնարկը ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ- ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը և Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարեկ Կուբերսկին:

Տեղի է ունեցել նաև «Լռությունից մինչև օրենք. ընտանեկան բռնության դեմ պայքարը» ֆիլմի ցուցադրությունը, իսկ «Ազատուհի» խորագրով տեսանյութի միջոցով ընտանեկան բռնություն հաղթահարած կանայք ներկայացրել են իրենց պատմությունները:

Միջոցառումն իրականացվել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն